Իր մասին

Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում, պոեմ, որ նման է փիլիսոփայական խորհրդածությունների մի փառահեղ տաճարի։

Ժան Պիեռ Մահե, ֆրանսիացի հայագետ

Նարեկացին սյուն է, որը Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք է պահում։ Այս աշխարհում Նարեկացին հայերի համար հսկայական տարածություն կստեղծի։ Թարգմանելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Նա Արարատ է. սովորական ալպինիստի չի հանձնվի։

Էդուարդ Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ

Նախնի մատենագիրը (Նարեկացին) գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը, գիտեր ծիծաղախիտ ժպտեցնել բառերը. «Աչքն ծով ի ծիծաղախիտ ծավալանայր...»։

Միսաք Մեծարենց

Նարեկացու այդ վիթխարի ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» պոեմի գլուխները թարգմանության մեջ անգամ հզոր են հնչում, այնպիսի ուժով ու այնքան լուրջ, որ ակամա սկսում ես համեմատել Բախի հետ, հիշում նրա ստեղծագործությունների կատարումը փառահեղ տաճարներում։

Կայսին Կուլիև, բալկար բանաստեղծ

«Մատյան ողբերգությունը» հրաբխի ժայթքում է... Ասես ընկնում ես հրաշեկ լավայի հեղեղի մեջ, որ թավալվում է քարեղեն լանջով։ Նա քեզ տանում է, պտտում, շպրտում դեն, և քեզ մնում է ենթարկվել նրա հոսանքին, որ մինչև վերջ չմոխրացնի քեզ։

Վ. Ռոզով, ռուս դրամատուրգ

Նարեկացու անունը ինձ համար սկսեց հնչել որպես կախարդանք։ Նրա մոտ ամեն ինչ հսկայական է, ամեն ինչ տիեզերքի ու հոգու չափով, որովհետև հոգին ընդգրկում է տիեզերքը։

Կյանքը և մահը, ահա Նարեկացու բանաստեղծական դրամայի երկու հերոսները։ Ինքը այդ երկուսի արանքում է։ Հանճարի մատները նա դնում էր մարդու և մարդկության վերքերի վրա։

Լև Օզերով, ռուս պոետ

Միայն մի քանի տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը, բայց նա կերտեց նաև «Մատյանը», որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես։    

 

Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված ու հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես «Նարեկ»՝ բանաստեղծության պես արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել։

Պարույր Սևակ

…Երբ Նարեկացի եմ կարդում, ուզում եմ պատռել ու այրել սեփական բանաստեղծություններս: Կամ գրել դրանք նորից: Նարեկացի կարդալով՝ ես մտածում եմ այն մասին, որ կյանքը հավերժական է, մահը՝ վայրկենական:

Հովհաննես Շիրազ

Ռուս կամ այլազգի գրասերը, ծանոթանալով Նարեկացու պոեզիայի միայն մի փոքրիկ հատվածի թարգմանությանը («Մատյան ողբերգության»)՝ վիթխարի հանքաշերտից պոկված ու հեռուներ տարած փոքրիկ այդ բեկորին, հիացմունքից քար է կտրում ու զարմանում, որ Հայաստանում, ահա 1000 տարի, ժամանակի ու տարածության հաստ շերտերի տակ ծածկված, հանգչում է մի այնպիսի անհավանական հարստություն, մարդկային մտքի ու հոգու մի այնպիսի տիտան։

Սիլվա Կապուտիկյան

Հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո հետ երես առ երես։

 

Այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք։

Հովհաննես Թումանյան