Նարեկացու կենսագրության մասին շատ տեղեկություններ չկան։ Գիտենք, որ ծնվել է 951 թ․ Վասպուրականի Ռշտունիք գավառում, կյանքի մեծ մասն անցկացրել է Վանա լճի ափին գտնվող Նարեկավանքում, այդ պատճառով էլ կոչել են Նարեկացի։ Գրիգոր Նարեկացու հայրը Խոսրով Անձևացին էր, որը ժամանակի կրթված ու իմաստուն հոգևորականներից էր և հասել էր եպիսկոպոսի աստիճանի։ Գրիգորի մայրը շուտ է մահանում։ Հայրը երեք որդիներին՝ Հովհաննեսին, Սահակին ու Գրիգորին, բերում է Նարեկավանք՝ կրթվելու ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Նարեկավանքի ուսուցչապետ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև երեխաների մոր հորեղբայրն էր։
Անանիա Նարեկացուն մեր պատմիչներն անվանել են «մեծ փիլիսոփա», «տիեզերական վարդապետ»։ Անանիան մեծ տեղ էր տալիս գրականությանն ու երգեցողությանը և նպաստել է Գրիգորի տաղանդների բացահայտմանը։ Ինքը՝ Գրիգոր Նարեկացին, իր ուսուցչին անվանել է «հոգեզարդ և մտավարժ փիլիսոփա»։
Գրիգորը ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվում է վարդապետ և հետագայում դառնում է Նարեկավանքի սյուներից մեկը։