Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Աստծո լույսը իմ Խղճի լույսն է։
Գրողը պետք է հայր լինի: Ամենագետ, ամենատես, ամենազգաց: Թեպետ, լինում է, հասկանում ես՝ արդեն ուժ չունես, չի հերիքում, և դու արդեն ոչինչ չես կարողանում և ուզում ես միայն բղավել, որ վատ ես զգում, որ ցավում է․․․
Մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեր մեջ են։
Պետք է վերադարձնել գյուղացու հարգանքը ինքն իր նկատմամբ, իր աշխատանքի: ․․․ Պետք է աշխատել, իսկ աշխատանքը քեզ կհատուցի:
Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:
Իմ անհատականությունը ես վերցրել եմ մարդու այն տեսակից, որ եթե չէր աշխատել, հացից ամաչում էր, եթե իր մտածածը չէր, ասում էր «ասում են»: Ես նրանց որդին եմ, ինձ նրանք են ստեղծել:
Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…
Քննարկում

Կյանքն առանց դժվարությունների չի լինում, Մաթևոսյանը ուզում է ուժեղ տեսնել մարդուն։ Իսկ ուժեղ մարդը դժվարություններից (փոթորիկից) բողոքելու փոխարեն պատրաստվում է դիմակայել դրանց, պատկերավոր ասած ՝ խարիսխ է ունենում։ Ի՞նչ ես կարծում, այսօր արդիակա՞ն է Մաթևոսյանի այս ասույթը։

Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին, ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես հնարավոր է պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի․․․
Քննարկում

Խոսքը Հայոց մեծ եղեռնի պահանջատիրության մասին է։ Մաթևոսյանը շեշտում է, որ նախ ինքներս մեր նկատմամբ պիտի պահանջատեր լինենք, հոգատարությամբ ու սիրով շենացնենք մեր մի բուռ դարձած հայրենիքը, հավատարիմ լինենք մեր տեսակին․․․ Իսկ դու ի՞նչ ես մտածում այս մասին։

Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո: Երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումից հետո: Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…
Քննարկում

Ի՞նչ ես հասկանում «մշակույթի պարտություն» ասելով։ Կարո՞ղ ես այդպիսի պարտության օրինակ բերել։

Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ…
Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին, և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:
Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն։
… Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։
Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։
Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր։ Տիգրան Մանսուրյանից սովորիր, երաժիշտներից, Արամ Խաչատրյանից սովորիր, նկարիչներից՝ մեծ Սարյանից սովորիր, տես, ինչպես է պաուզա անում, կարմիրի համար կապույտը ինչպես է պաուզա դառնում... Չգիտեմ, ես էսօր կարոտ եմ հենց մաքուր, բնության միջով շարժվող առարկայի։ Դա պատմվածքը պիտի լիներ։
Որպեսզի պահես, ինչ ուզում է լինի՝ հողը, բնությունը, ընտանիքը, պիտի ուժեղ լինես: Թույլը ոչնչացնում է՝ ներքին ալարկոտությունից, մտածել-ստեղծել չցանկանալուց:
Երկրի վրա ինչ լինում է, նախ լինում է խոսքով։
Գրականության կենացը, որ գիտությունից ոչ պակաս, իսկ գուցե` ավելի ճշգրիտ է, որ կյանքից ոչ պակաս հսկա իրականություն է, իսկ գուցե` ոչ պակաս կյանք է… Դա երջանկություն է, դա է երջանկությունը: ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ։
թևավոր խոսքեր