Կենսագրություն

Մեծարենցի ծնողները՝ Կարապետն ու Իսկուհին

Միսաք Մեծատուրյանը ծնվել է 1886 թ․ հունվարին Արևմտյան Հայաստանի Ակն գավառի (Խարբերդի նահանգ) Բինկյան գյուղում։

(Հիշո՞ւմ ես նշանավոր ակնեցիներին․ Գրիգոր Զոհրապի կենսագրության  «Արժե իմանալ» բաժնում  անդրադարձել ենք)։

Հայրը՝ Կարապետ աղան, զբաղվում էր առևտրով։ Միսաքի ծնվելուց հետո մեկնում է Կ․ Պոլիս։  

Միսաքի վրա մեծ էր մոր՝ Իսկուհու ազդեցությունը։ Նա բարեպաշտ կին էր, քաղցրահունչ ձայն ուներ։ Մոր անտունիները* լսելով է մեծացել Միսաքը։ 

 

*Անտունիները ժողովրդական երգեր էին, որոնք շատ էին տարածված հատկապես Ակն գավառում։

Կոմիտասի գրառած «Անտունին» լսիր այստեղ

Արժե իմանալ

Բինկյանը գտնվում էր Եփրատի ձախ ափին։ Երեք կողմից անառիկ դիրք ուներ, բնակիչներն էլ ինքնապաշտպանության համար զենք ունեին, նժույգներ։ Կարևորում էին նաև գիրքը, կրթությունը։ Գյուղը փայտաշեն կամրջով կապվում էր դիմացի դաշտի հետ։ Վտանգի դեպքում գյուղացիները կամուրջը հավաքում էին։ Բանահավաք Գ․ Սրվանձտյանը վկայում է, որ գյուղի բնակիչները հարուստ, քաղաքակիրթ ու քաջարի մարդիկ էին։

Դրախտային էր Բինկյանի բնությունը, որը հետագայում այդքան կարոտով ու նրբորեն պիտի նկարագրեր Մեծարենցը։

Մեծարենցը մանկուց շատ էր սիրում լսել տատիկների հեքիաթները։ Կրկին ու կրկին խնդրում էր պատմել ու գրեթե անգիր գիտեր բոլորը։

6 տարեկանից վարժարան է հաճախում, բայց պատիժներով, ծեծով ուղեկցվող կրթությունը նրան չէր հետաքրքրում և հաճախ փախչում էր դասերից, ժամանակ անցկացնում բնության գրկում։ 

Ուսուցիչը եզրակացնում է, թե նա մտավոր հետամնաց է смайлик։ Կենսագիրը գրում է, որ տնօրենն ու ուսուցիչը ստիպված էին ծնողներին հայտնել «Միսաքին ծույլ, անընդունակ ու հետզհետե ապուշ աշակերտ մը դառնալը»։

Միսաքը ընդամենը 9 տարի է ապրում Բինկյանում, բայց իր դրախտային գյուղի կարոտն ու պատկերը միշտ պահում է իր հոգում։ 1894-96 թթ թուրքերն ու քրդերը մի քանի անգամ արշավում են Բինկյանի վրա ու ի վերջո հրաշք գյուղը հողին հավասարեցնում։ Մինչ այդ ողբերգական դեպքերը Իսկուհին Միսաքի հետ տեղափոխվում է Սեբաստիա՝ ավագ որդու մոտ։

Արժե իմանալ

Պատմությանը շատ հանճարեղ մարդիկ են հայտնի, որոնց դպրոցական տարիքում անընդունակ, նույնիսկ մտավոր հետամնաց են համարել։ Այդպիսի պիտակավորումներ են ստացել Ալբերտ Էնշտեյնը, Թոմաս Էդիսոնը։ Հանճարեղ քանդակագործ Օգյուստ Ռոդենի մասին ասում էին․ «Այս հաստագլխին ոչ մի բան չի օգնի»։ Բեթհովենը բազմապատկել այդպես էլ չսովորեց, սյունակներով էր գումարում թվերը․․․

Այսպիսի օրինակները բազմաթիվ են ու ցույց են տալիս, որ ուսուցիչները շատ զգույշ պիտի լինեն եզրակացություններ անելիս։

 

Միսաքը ընկերոջ՝ Վահանի հետ

Ջոտտո (Գևորգ Գրիգորյան) «Մեծարենցի դիմանկարը»

Նոր միջավայրը Միսաքին չի ձգում, ու նա ինքնամփոփ է դառնում, սիրում էր առանձնության մեջ դիտել բնությունը ու երեկոյան տուն գնալ։ Մայրը հիշում է․ «Չափազանց ծույլ տղա մըն էր։ Միշտ իր երեսին կպոռայի «Դուն մարդ չպիտի ըլլաս»։

Իսկ Միսաքը սրինգ նվագել էր սովորում ու նվագում հովիվներից լսած երգերը։

Սեբաստիայի Արամյան վարժարանը բարվոք վիճակում չէր (մի քանի տարի անց այդտեղ որպես ուսուցիչ կգար Դանիել Վարուժանը, և դպրոցը նոր շունչ կստանար), եղբայրը Միսաքին մասնավոր վարժարան է տանում, որտեղ բացահայտվում են նրա ունակությունները։ Առաջվա «ծույլ ու ապուշ» աշակերտից ոչինչ չի մնում։ Ուսումը շարունակում է Մարզվանի «Անատիլիա» գիշերօթիկ քոլեջում, որը հիմնել էին ամերիկյան միսիոներները։ Սկսում է կարդալ, լեզուներ սովորել։ Այն  բացառիկ քոլեջ էր․ ուներ բուսաբանական այգի, թանգարան, լաբորատորիա, ատաղձագործարան, սեփական փուռ, լվացքատուն, կոշկակարանոց․․․  Դասավանդողների մեջ շատ էին հայերը, և կրթական մթնոլորտը շատ տրամադրող էր։ Մեծարենցը այստեղ է սկսում բանաստեղծական փորձերը։ Դասընկերները պատմում են, որ երբեմն ննջարանի պատերին մտքին եկած տողերն էր գրում։ Պատժվում էր դրա համար, բայց սովորությունը չէր փոխումсмайлик։

15 տարեկանում Միսաքի հետ ճակատագրական դեպք է տեղի ունենում։ Թուրք մսագործ տղաները թիկունքից հարձակվում, նրան սաստիկ ծեծում են ու դանակահարում։ Ենթադրվում է, թե նրան շփոթել էին Միսաքի ազգականի հետ, որի հետ մինչ այդ վեճ էին ունեցել։

Միսաքը բուժվում է, բայց դաշույնի հարվածը թողնում է անդառնալի հետք՝ դառնալով թոքախտի առաջացման պատճառ։

16 տարեկանում տեղափոխվում է Կ․ Պոլիս՝ հոր մոտ։ Սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, բայց առողջական վիճակի ծանրանալու պատճառով ուսումը կիսատ է թողնում։ Ժամանակակիցները հիշում են, որ կենսուրախ, կատակասեր, բարեսիրտ պատանի էր Միսաքը։  Բարձրահասակ էր ու գեղեցկադեմ։ Պոլսի թերթերից մեկում այսպես են նրան նկարագրել. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով․․․»։  Սիրում էր երկար քայլել բնության մեջ, երբեմն անծանոթ հողագործի էր հանդիպում, մոտենում էր, նստում կողքն ու զրուցում։ Սիրում էր քայլել նաև գիշերները (արդյունքում ծնվեցին գիշերվան նվիրված  նրա չքնաղ բանաստեղծությունները)։

Սամվել Սևադա «Միսաք Մեծարենց»

Մեծարենցը մի շրջան կարողանում է մորից էլ գաղտնի պահել հիվանդությունը, բայց նրա վիճակը ծանրանում է, և ծնողները տեղափոխում են Թոփ Գափու թաղամաս, բուժումներ նշանակում։ Այդտեղ՝ ակացիաների հովանու ներքո էլ գրում է իր լավագույն բանաստեղծությունները։

Այս ընթացքում պատանի բանաստեղծը փորձում է տպագրել իր բանաստեղծությունները, բայց զարմանալի մերժողական վերաբերմունքի է հանդիպում։ Օրինակ՝ Մասիսի խմբագիր Ենովք Արմենը «զառանցական ճիգ», «ոչնչաբանություն» էր համարում Մեծարենցի պոեզիան  և կոչ էր անում մաքրել մեր գրականությունը այդ վարակից։

Մեծարենցը ստիպված է լինում պատասխան հոդվածներով արդարանալ, բացատրել, թե որքան սխալ են հասկանում իր ստեղծագործությունները։ Եվ արդյունքում ստեղծվում են նրա հրաշալի հոդվածները, որոնք նորովի են բացահայտում նրա բանաստեղծական մտահղացումներն ու էությունը։

1907 թ․ բանաստեղծը լույս ընծայեց իր «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Նրա արվեստը հասկացող ու գնահատող մարդիկ նույնպես շատ էին։ Բայց նրա հանճարեղությունը  գիտակցվեց մահվանից հետ։

1908 թ․ հունիսի 21-22-ի գիշերը՝ 22 տարեկան հասակում, Միսաք Մեծարենցը մահացավ։  

Բանաստեղծի վերջին ակնթարթների, խորհրդանշական մատանու ու բժշկող սիրո մասին կարդա «Հետաքրքիր պատմություններ» բաժնում։

 

 

Օգտակար հղումներ

«Հայադարանի»՝ Մեծարենցին նվիրված թողարկումը կարող ես դիտել  այստեղ։

«Վարք Միսաք Մեծարենցի» հաղորդումը՝ այստեղ։

 

 

Օգտագործված գրականություն՝

Գայանե Մկրտչյան «Մեզ ծանոթ, անծանոթ գրողները» 2-րդ մաս

Հեկտոր Ռշտունի «Միսաք Մեծարենց» մենագրություն

Միսաք Մեծարենց «Երկեր»

Լ․ Մնացականյան «Մեծարենցը ժամանակի պոեզիայի քննադատ»

դասագրքեր, համացանցային և այլ նյութեր։

 

 

Մեծարենցի շիրիմը Կ․Պոլսում (այժմ՝ Ստամբուլ)