Հետաքրքիր պատմություններ

Պիտի ապրես ու ապրեցնես

Բարի ու քնքուշ, միևնույն ժամանակ ամուր բնավորությամբ կին էր Մեծարենցի մայրը՝ Իսկուհին։ Մեկ տարեկանում Միսաքը ծանր հիվանդանում է, բժիշկը ապրելու հույս չի տալիս։ Մինչ մյուս հարազատները լուրը լսելով սկսում են արտասվել, մայրը բոլորին սթափեցնում է ու խոսքը Միսաքին ուղղելով՝ ասում է․ «Չէ, Միսաքս, պիտի ապրիս ու պիտի ապրեցնես, որ օր մը հավատքի երգն երգես ամենուս»։

Ու չի սխալվում։

«Նոր գրիչ մը․․․»

 

Մեծարենցը հանդես է եկել նաև Շավասպ, Ծիածան գրական անուններով։ Պոլսում ապրելու ընթացքում պատանի բանաստեղծը փորձում էր տպագրել իր բանաստեղծությունները, բայց զարմանալի մերժողական վերաբերմունքի էր հանդիպում։ Մեծարենցն էլ հետաքրքիր քայլ է անում․ բանաստեղծություններ է ուղարկում  աղջկա անունից՝ Սիրանուշ Պերպերյան։ Բանաստեղծությունները տպագրում են, ավելին, խմբագրությունը ողջունում է «օրիորդին»՝ ներկայացնելով իբրև «Նոր գրիչ մը»։ Հայտնի երգը  ևս՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի», Մեծարենցը գրել  և ուղարկել է աղջկա անունից։

Բժշկող սեր

 

Մեծարենցը մտերիմ էր Տիգրան  և Օֆելյա Գասապյանների հետ։  Նրանք ամուսիններ էին, մասնագիտությամբ բժիշկներ ու շատ էին սիրում Մեծարենցի հետ զրուցել կյանքի, գրականության ու արվեստի մասին։

Մեծարենցը հոգեկան մեծ կապվածություն էր զգում հատկապես Օֆելյայի նկատմամբ։ Պահպանվել են նրան ուղարկված նամակները, որոնցում երևում է այդ մեծ սերը։

«Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ քու գաղափարիդ լույսը ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտուան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի․․․ որ հոգվույս մթությունը լուսավորեր…»։

Բժիշկ Տիգրան Գասապյանը իր օրագրում մեծ ցավով է գրել Մեծարենցի վերջին օրերի տառապանքների մասին․ «Ո՛ւֆ, կարյունի սիրտս, վա՛խ Մեծարենց: Կը բժշկագործեմ։ Կը հատնին կոր թոքերը: Սիրտը կը բաբախե տենդոտ. ա՛խ, ի՜նչ կսկիծով կը լսեմ: Հետո խորհուրդներ, մխիթարություններ, որոնց թույնը լեզուն կայրե»։

Այսօր էլ ապրեցանք․․․

 

 Մեծարենցը սիրում էր երեկոները այցելել իր բարեկամներին ու լսել բժշկուհու երգերը։ Հրաժեշտից առաջ ասում էր․ «Այսօր էլ ապրեցանք»։

Օֆելյային սպասելու հոգեվիճակն արտացոլված է «Վայրկյան» (արևելահայերեն՝ րոպե) բանաստեղծության մեջ․

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.

և համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.

երազներու պերճուհին է որ կ’անցնի,

ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար․․․

Խորհրդանշական մատանին

 

Մեծարենցի մայրը՝ Իսկուհին, որդուն նվիրել էր ոսկե մատանի։ Ագաթե քարով այդ մատանու վրա փորագրված էր․ «Կատարեալ սեր մերժե զերկյուղ» աստվածաշնչյան խոսքերը «Երգ Երգոցից»։ 

Մեծարենցի ողջ կյանքը եղավ այս խոսքերի հաստատումը։ Նրա մեջ եղած անհուն, տիեզերական սերը վանեց մահվան վախն ու ապրեցրեց նրա մաքո῀ւր, զգայուն հոգին բանաստեղծություններում։

Որդու մասին պատմելիս Իսկուհին վերցրել էր նրա նկարն ու ասել․ «Մեռած օրն ալ ասանկ Հիսուսին պես պզտիկ մորուք մը ուներ»։

Հիսուսի պես։ Ենթագիտակցական համեմատություն, որ թույլ էր տալիս բանաստեղծի անանձնական էությունը։

 

 

 

 

Մեծարենցի մատանին այժմ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում։

Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս․․․

 

Մայրը պատմում է, որ մահվան շունչը զգալով՝ Միսաքը նրան խնդրում է դուրս գալ, որ մորը տառապանքը չավելացնի․ «Մայրիկ, վայրկյան մը սենյակեն դուրս կելլե՞ս»։ Խոստանում է շուտով կանչել։ Քիչ անց մայրը հարցնում է՝ ներս մտնի՞, թե՞ ոչ։ Բայց արձագանք չի լսում։ Որդին լուռ անէացել էր։

Մայրը Միսաքի կորուստը սգում է մինչև լույս հայրենի Ակնի սգերգերը երգելով․ որդին սիրում էր նրա երգը․․․