Ստեղծագործություններ
Սարոյանի ձեռագիրը
Սարոյանն արվեստում
Իմ սիրտը լեռներում է
Սարոյանի ձեռագիրը
Սարոյանն արվեստում
Իմ սիրտը լեռներում է
Սարոյանի ձեռագիրը

«Սկսելը միշտ դժվար է, որովհետև հեշտ չէ լեզվի պաշարից ընտրել այն միակ լուսավոր բառը, որ պիտի հավերժ ապրի»։

Վիլյամ Սարոյան

 

Վիլյամ Սարոյանը հուշերում գրում է, որ իր պատմվածքների նյութը լսել է ութ տարեկանից՝  մանկատնից դուրս գալուց հետո․ «Ես լսեցի դրանք իմ մայրական և հայրական տատիկներից և Կարապետ Սարոյանից: Ծերուկները բոլորը սքանչելի պատմություններ ունեն»։

Երկար ժամանակ մտածում էր, թե գրողն աստված է, Մոպասանի գործերը կարդալուց հետո հասկանում է, որ մարդ էsmiley։ Մոպասանի «Զանգը» պատմվածքը մեծ տպավորություն է թողնում պատանի Վիլյամի վրա, և նա զգում է, որ իր մեջ էլ գրելու ներշնչանք կա։ 

Վիլյամ Սարոյանը գրում է պարզ լեզվով, գրում է հասարակ, նաև մի քիչ տարօրինակ թվացող ու կյանքում հաջողությունների չհասած մարդկանց մասին, գրում է առօրյա դեպքերի մասին, որոնք թվում է, թե առանձնապես հիշարժան չեն։

«Այդ դեպքում, - երևի կմտածես դու,- դա այնքան էլ հետաքրքիր չէ»։

Բայց հենց այստեղ է Սարոյանի գաղտնիքը․ նա աշխարհը բացահայտում է երեխայի աչքերով, բայց բոլորովին էլ միամիտ չէ, նա պարզ լեզվով է պատմում, բայց պարզունակ չէ։ Նա խոսում է իր բնորոշմամբ․ «Մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»։

 

Սարոյանը զարմանալիորեն անկեղծ է։ Նրա ստեղծագործություններում շատ են ինքնակենսագրական տարրերը։ Հաճախ նա  ներկայացնում է այնպիսի իրականություն, որը ինքն է երազել է ունենալ։ Այդպիսին է «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը։ Այստեղ գրողը ներկայացնում է հոր և որդու ներդաշնակ հարաբերություններ, երբ հայրը օգնում է որդուն բացահայտել աշխարհը՝ պատասխանելով նրա հարցերին։

Սարոյանի կյանքում դա չէր եղել, թե՛ իր հոր պարագայում, որը շատ վաղ էր մահացել, թե՛ Սարոյանի և իր որդու հարաբերություններում, քանի որ ամուսնալուծվել էր, երեխաներն իր կողքին չէին մեծացել ու հարաբերություններն էլ հիմնականում լարված էին։

 Այս վիպակում շատ են սարոյանական պարզ ու խորունկ աֆորիզմները, որոնք պատասխանում են նաև այն հարցին, թե որն է գրողի առաքելությունը․ «Մարդու ապրած ամեն մի օրը ինքնին պատմվածք է ․․․ Դա Աստծուն ուղղված նամակի է նման: Եվ մարդիկ ամեն օր նամակ են գրում, միայն թե ոչ բառերով: Իսկ ով որ գրողի մասնագիտությունն է ընտրել, բառերով է գրում նրանց բոլորի համար ու բոլորի փոխարեն․․․»։ Գրելը նաև ինքնամաքրման ընթացք է։ Ուշադրություն դարձնենք նաև այս մտքին․ «Գրողն էլ է մարդ բոլորի նման, բայց արվեստի իսկական գործ ստեղծելու համար նա պետք է հրեշտակ դառնա․․․»։

Մի  յուրահատկության էլ ուշադրություն դարձնենք։ Սարոյանի ստեղծագործություններում հաճախ հանդիպում ենք մեծահասակների, որոնք ասես հավերժական երեխաներ են, և հասուն մտքով երեխաների, որոնք չնայած դժվարություններին՝ զվարթ ու տոկուն են։

«Նռնենիներ» պատմվածքում, Սարոյանը պատմում է, թե ինչպես Արամի հորեղբայր Մելիքը որոշում է նռնենի աճեցնել անապատում, որովհետև այդ պտուղը հիշեցնում է իր հայրենիքն ու արմատները։ Արամը թեև դեռ պատանի է, բայց հասկանում է, որ այդ նախաձեռնությունը ձախողման է դատապարտված։ Բայց նա  չի քննադատում հորեղբորը, միայն աջակցում է, որովհետև գիտակցում է, թե որքան խոր արմատներ ու կարոտ ունի հորեղբոր երազանքը։

Սարոյանը վստահ էր, որ մեծերը երեխաներից շատ բան ունեն սովորելու։ Մեծերը չպետք է կորցնեն կյանքը գնահատելու, սիրելու, փոքր  բաներով ուրախանալու հատկությունը։ «Փոքրերի աշխարհը պարզ է, հստակ, մեծերը շփոթված են, հավակնոտ, քմահաճ»,- գրել է Սարոյանը։  Օրինակ՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսում  շփոթված, կյանքում իր տեղը չգտած մարդ է Ջոնիի հայրը՝ Բեն Ալեքսանդրը։ Նա շատ անգամ երեխայի վրա է թողնում սնունդ հայթայթելու հոգսը, ու երեխան ամեն անգամ գտնում է ելքը։

Բայց այս պիեսին ավելի հանգամանալից կանդրադառնանք։ «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մասին շարունակիր  կարդալ  առանձին բաժնում․ այստեղ

 

 

Սարոյանն արվեստում

Վիլյամ  Սարոյանը մեծ գրող լինելուց բացի նաև երգերի և նկարների հեղինակ է։ 

Սարոյանի ինքնանկարներից։smiley

Սարոյանի երգերից ամենահայտնին COME ON-A MY HOUSE «Արի իմ տուն» երգն է։

 

 

Հենրիկ Սիրավյան «Վիլյամ Սարոյան» 1988 թ․

Հենրիկ Սիրվյան «Սարոյան»

Մարտիրոս Սարյան «Վիլյամ Սարոյան»

Միքայել Հարությունյան «Վիլյամ Սարոյան»

Հենրիկ Սիրավյան «Հայրենի լեռներում» (Վիլյամ Սարոյան),1983 թ․

Դավիթ Ներկարարյան «Սարոյան»

Հենրիկ Սիրավյան «Սարոյանն ու Մաթևոսյանը»

Իմ սիրտը լեռներում է

առաջին մասը լսիր այստեղ

ԱՄՆ-ում հայտնված գաղթական հայերի ընտանիքում ապրում են Ջոնին, նրա հայրը՝ Բեն Ալեքսանդրը և մարեն՝ տատիկը։ Ջոնիի մայրը մահացել է, իսկ հայրը հաջողության չհասած բանաստեղծ է։ Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է, ուտելու ոչինչ չունեն, ապրում են վարձով։ Եվ ահա մի օր նրանց բակում է հայտնվում շեփորը ձեռքին մի ծերունի։ Նա Ջոնիի հետ զրույցի է բռնվում։ Պարզվում է, որ դերասան է, շատ հոգնած ու քաղցած է։ Սխալվել է՝ հեռանալով իր հայրենիքից՝ իր սիրտը թողնելով հայրենի Շոտլանդիայի լեռներում։

Ի դեպ, պիեսի բնաբանն էլ շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի համանուն բանաստեղծությունն է։

Իմ սիրտը լեռներում է, այստեղ ծանր եմ շնչում,

Իմ սիրտը լեռներում է, ուր քարածն է թռչում․․․

Եվ մի կտոր հացի կարոտ ընտանիքը սրտաբաց ընդունում է անծանոթ ծերունուն, պարտքով ուտելիք ճարելով՝ հյուրասիրում։ Սա զարմանալի ֆենոմեն է, որը տեսնում ենք նաև հոր մասին Սարոյանի հուշերում․ «Մայրս կպատմեր, օր մը տունը ո՛չ ալյուր կար ո՛չ բրինձ, ո՛չ յուղ։ Վաթսունվեց սենթ դրամ կար։ Հայրս կառնե այդ դրամ, կերթա, որ քիչ մը ալյուր, քիչ մը բրինձ, քիչ մը յուղ բերե։ Կերթա, իրիկուն կըլլա, կուգա տուն․ ոչ այլուր է բերե, ոչ բրինձ է բերե, ոչ յուղ․․․

- Ի՞նչ ըրիր դրամ,- կհարցնե մայրս։

-Մարդ մը տեսա, -կըսե,- ձեռք պարզեր էր ինձի, տվի անոր։

-Է, 6 սենթ տայիր, 10 սենթ տայիր, 16 սենթ տայիր, ինչո՞ւ բոլորը տվիր։

-Ի՞նչ գիտնամ, բոլորը տվի։

-Հոգ մի ընեք,- կըսե մայրս, - տանը քիչ մը ալյուր, քիչ մը բրինձ, քիչ մը յուղ կգտնեմ․․․»։

Այսպիսին է նաև Բեն Ալեքսանդրի ընտանիքը, այդպիսին է ծերունի Մեք-Գրեգորը, որը ծերանոցից փախած միայնակ, թշվառ ծերունի է, բայց ապրում ու ապրեցնում է՝ իր  շեփորի հնչյուններով հուզելով մարդկանց սրտերը: Այդպիսին է նույնիսկ նպարավաճառ Կոզակը, որը սնանկացման եզրին է, բայց չի կարողանում մերժել չունևոր մարդկանց։ Բոլոր հերոսները շփոթված են, ձախողված, բայց պահպանել են մարդկային բարձր հատկությունները։

Արժե իմանալ

Պիեսի գործողությունները տեղի են ունենում 1914 թ․, երբ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատերազմական գործողությունների, տնտեսական ճգնաժամի ու գաղթի մասին չի գրում Սարոյանը, բայց նրա հերոսների հոգեվիճակն արտացոլում է այդ ամենի հետևանքները։ 

Մարտիրոս Սարյան «Լեռներ», 1923 թ․ 

Արժե իմանալ

Պիեսի գործողությունները տեղի են ունենում 1914 թ․, երբ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատերազմական գործողությունների, տնտեսական ճգնաժամի ու գաղթի մասին չի գրում Սարոյանը, բայց նրա հերոսների հոգեվիճակն արտացոլում է այդ ամենի հետևանքները։ 

Սարոյանն իր հերոսների մասին հետաքրքիր խոստովանություն է արել․ Այնտեղ՝ Երևանում, ինձ հարցրին, թե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր։ Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս։ Ես և՛ Ջոնին եմ, և՛ Մեք-Գրեգորը։ Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ․․․»

Փաստորեն սա գրողի հոգու պատմությունն է՝ տարբեր տարիքներո՞ւմ։

Իր հոր նման բանաստեղծ լինելու մասին երազող Ջոնին հնարամիտ է, հավատով ու հետաքրքրասիրությամբ լի, իսկ հայրն արդեն ընկճված է, նախաձեռնողականությունից զրկված, բայց բարի է, կամեցող ու մեծահոգի։ Եվ ծերունի Մեք-Գրեգորը, որը գիտի՝ իրեն շատ ժամանակ չի մնացել, երազում է մահից առաջ մի անգամ էլ մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելու մասին։ 

Ինչո՞ւ հաջողությունը չի ժպտում այս հրաշալի մարդկանց, որոնք ընդունում են իրար՝ իրենց թերություններով հանդերձ, սիրում են ու աջակցում։ 

Այս հարցի պատասխանը Սարոյանը չի տալիս, բայց խնդիրը հնչեցնում է Ջոնիի շուրթերով. «Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է»: Եվ ընթերցողը շարունակում է Սարոյանի հերոսների հետ զրույցը գիրքը փակելուց հետո էլ՝ փորձելով գտնել Ջոնիի հարցադրման պատասխանը։  

Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Վարդան Աճեմյանը։ Մեք-Գրեգորի դերում խաղացել են լեգենդար դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը։ Հրաչյա Ներսիսյանը այդ դերով հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին (1961)։ Նրա մահից հետո նույն դերը ստանձնած Վահրամ Փափազյանի առողջական վիճակը ևս լավ չէր, և նա երազում էր մեռնել հենց բեմի վրա։ Իր վերջին դերակատարման ժամանակ նա այնպես է խաղում Մեք-Գրեգորի մահը, որ դահլիճը հավատում է, թե Փափազյանը մահացավ, ու ցավից քարանում է։

  Փափազյանի՝ բեմում մեռնելու երազանքը չի իրականանում, բայց դա նրա վերջին ելույթն էր (1967)։

Ջոնիի դերը խաղում էր կին՝ Վարդուհի Վարդերեսյանը, որովհետև  բեմադրիչը չի կարողանում գտնել մի երեխայի, որը կկարողանար արտահայտել այդ կերպարի խորությունը։ Ժամանակակիցները հիացմունքով են հիշում նրա այդ դերը։ 

«Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվել։ Դիտիր այստեղ։

 

 

 

Արժե իմանալ

Սարոյանը ինքն էլ դիտել է Աճեմյանի բեմադրությունն ու դրական կարծիք հայտնել․ «Վարդան Աճեմյան մեծ տաղանդ է… Իմ պզտիկ երազեն մեծ, լման բեմադրություն մը շինած է, հավնեցա, հիանալի է…»։ Շատ էր հավանել պիեսի համար Առնո Բաբաջանյանի գրած երաժշտությունը։

« Զարմանալի էր, հիանալի… Կթվեր, թե շոտլանդական երաժշտություն կլսեմ, բայց խորքին մեջ հայկական է… Ինչպե՞ս գրած է, զարմանալի է…»։

Առնո Բաբաջանյանի երաժշտությունը լսիր այստեղ։

Հրաչյա Ներսիսյանը Մեք-Գրեգորի դերում

Արժե իմանալ

Սարոյանը ինքն էլ դիտել է Աճեմյանի բեմադրությունն ու դրական կարծիք հայտնել․ «Վարդան Աճեմյան մեծ տաղանդ է… Իմ պզտիկ երազեն մեծ, լման բեմադրություն մը շինած է, հավնեցա, հիանալի է…»։ Շատ էր հավանել պիեսի համար Առնո Բաբաջանյանի գրած երաժշտությունը։

« Զարմանալի էր, հիանալի… Կթվեր, թե շոտլանդական երաժշտություն կլսեմ, բայց խորքին մեջ հայկական է… Ինչպե՞ս գրած է, զարմանալի է…»։

Առնո Բաբաջանյանի երաժշտությունը լսիր այստեղ։