Ստեղծագործություններ
ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ
Նամակ ռուսաց թագավորին
ԾԻՐԱՆԻ ՓՈՂ
ԿՅՈՐԵՍ
ՄԻՐՀԱՎ
ԼԱՌ ՄԱՐԳԱՐ
ՍՊԻՏԱԿ ՁԻՆ
ԲԱԿՈՒՆՑԻ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ
Նամակ ռուսաց թագավորին
ԾԻՐԱՆԻ ՓՈՂ
ԿՅՈՐԵՍ
ՄԻՐՀԱՎ
ԼԱՌ ՄԱՐԳԱՐ
ՍՊԻՏԱԿ ՁԻՆ
ԲԱԿՈՒՆՑԻ ՁԵՌԱԳԻՐԸ
ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ

Կարդա պատմվածքն այստեղ ու արի միասին քննարկենք։

Արժե իմանալ

  Բակունցի «Ալպիական մանուշակը» նվիրված է Չարենցի կնոջ՝ Արփենիկի հիշատակին։ Սակայն այն արտացոլում է Բակունցի հուշերը իր կյանք ներխուժած այլ կնոջ՝ Ժենյա Գյուզալյանի մասին։

   Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսնում է Հանրային գրադարանում 1926 թ․: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության։

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Արժե իմանալ

  Բակունցի «Ալպիական մանուշակը» նվիրված է Չարենցի կնոջ՝ Արփենիկի հիշատակին։ Սակայն այն արտացոլում է Բակունցի հուշերը իր կյանք ներխուժած այլ կնոջ՝ Ժենյա Գյուզալյանի մասին։

   Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսնում է Հանրային գրադարանում 1926 թ․: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության։

  «Ալպիական մանուշակ» պատմվածքը Բակունցն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: «…Ծովափին սև թավիշե գլխարկով կինը․․․․ խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։

  1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում, և այդ դրվագը նրանց այն օրերի հուշն է…

  Բակունցի մահից հետո Ժենյան ևս ողբերգական ճակատագիր ունեցավ։ 1939 թ․ նա ձերբակալվեց՝ մեղադրվելով հակապետական գործունեության համար և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Ասում են, որ նա մահացել է բանտում, երբ 38 տարեկան էր։

      Ըստ Հովիկ Չարխչյանի

ալպիական մանուշակ

«Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն»։

Նախ պատկերացնենք այն տարածքը, որտեղ կատարվում են գործողությունները։

Կաքավաբերդ - Կաքավաբերդ անունով հայտնի ամրոց ունենք Խոսրովի արգելոցում։ Այդտեղ է Գևորգ Մարզպետունին պարտության մատնել արաբ զորավար Բեշիրին։ Սակայն այն Ազատ գետի ափին է, իսկ Բակունցի նշած բերդը Բասուտա գետի հարևանությամբ է։ Սյունիքում՝ Բասուտա գետի հովտում ևս Կաքավաբերդ անունով ավերված ամրոց կա. այդտեղ են տեղի ունենում գործողությունները։ Դա նույն հեքիաթային Մթնաձորի տարածքն է՝ Շիկահողի արգելոցի մի մասը։

 

«Ալպիական մանուշակը» Բակունցի ամենագեղեցիկ պատմվածքներից է։ Այնտեղ հետաքրքիր սյուժե պետք չէ փնտրել, այլ գեղագիտություն ու փիլիսոփայություն։

Պատմվածքում ներկայացվում են լեռնային չքնաղ բնությունը, այդ բնության գրկում ապրող ընտանիքը և  իրականությանը նայող  երեք աշխարհայացք՝ նկարչի, հնագետի, հնձվորի։

Նկարիչը նման է ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին, որը միայն կյանքի գեղեցիկ կողմն է տեսնում։ Ինչ-որ չափով նրա աշխարհայացքը հարազատ է Բակունցին, բայց  Բակունցը, ի տարբերություն նկարչի, կարողանում է իրականությունը տեսնել բոլոր շերտերով, հակադրությունների միասնությամբ։

հեղինակ՝ Վիսենտե Ռեդոնտո

 

Նկարիչը կարողանում է օջախի ծխի առաջ սևացած, վրանում ապրող խեղճ կնոջ  և ծովափնյա ծանոթ գեղեցկուհու միջև նմանություններ տեսնել, բացահայտել թաքնված գեղեցկությունը։  

  «Ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի» մեկ այլ դրսևորում է հնագետը: Եթե նկարչի համար աշխարհը սկսվում և ավարտվում էր ծիրանագույն բուրաստանի երանգներով ու գեղեցկությամբ, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Հնագետը իրական կյանքից հեռացած կերպար է, անցյալի կրողը։ Նա անտարբեր տրորում է ալպիական մանուշակը, չի նկատում մոխրի մեջ խաղացող երեխաներին և հրճվում է, երբ գտնում է Բակուր իշխանի դամբարանը․

«Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։ Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը»։

   Եվ երրորդ հայացքը հնձվորինն է։ Նա ծանր օր է ունեցել։ Դառնացել է այն մտքից, թե այդ օտար մարդիկ տանելու են այդտեղ թաղված ոսկիները, որոնք ինքը կարող էր հանել ու կովեր առնել, հետո կորեկը հնձելիս մեջքը ցավացրել էր։ Երեկոյան նրա բացասական հույզերին խանդն էլ է գումարվում, և նա մահակը ողջ ուժով իջեցնում է կնոջ մեջքին։

   Վրանի կինը նմանվում է ալպիական մանուշակին՝ անպաշտպան գեղեցկությանը, որին տրորում է անտարբեր ոտքը․․․

նկարիչ՝ Բաբկեն Քոլոզյան

Քննարկում

Ո՞ր աշխարհայացքն է քեզ ավելի բնորոշ։ Երբևէ հայտնվե՞լ ես «ալպիական մանուշակը» տրորողի դերում։

Քննարկում

Եղե՞լ ես Սյունիքում, բակունցյան Մթնաձորում։ Եթե ոչ, Բակունցի պատմվածքները կարդալուց հետո նման ցանկություն ունենո՞ւմ ես։

Քննարկում

Մի աշխարհայացք էլ է Բակունցը պատկերում, որին մենք չանդրադարձանք։ Կարո՞ղ ես լրացնել։

Նամակ ռուսաց թագավորին

 

կարդա այստեղ

(Ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում)

 Ակսել Բակունցի քեռու՝ Եգորի մասին լեգենդներ էին պատմում։ Եգորը նշանված է լինում Սերո Խանզադյանի հորաքրոջ՝ Մանուշակի հետ։ Մինչ հարսանիքը նրան բանակ են տանում։ Եգորը ցարական բանակի սպային գետնին է տապալում իր ազգությունը վիրավորող արտահայտության համար («արմյաշկա» էր անվանել) և աքսորվում Սիբիր։ Այնտեղից Եգորը փախչում է Պարսկաստան։ Մանուշակին ամուսնացնում են ուրիշի հետ։ 10-11 տարի հետո Եգորը կարողանում է գալ Գորիս՝ Մանուշակին տանելու համար։ Մանուշակը, որ արդեն զավակներ ուներ, չի կարողանում թողնել նրանց։  «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում Ակսել Բակունցը պատմում է իր քեռու՝ Եգորի մասին։

  Ըստ Սերո Խանզադյանի հուշերի

 

  Պատմվածքը բակունցյան հուզիչ քանդակներից է՝ գյուղի պարզ, բարի, միամիտ մարդկանց ու նրանց փլուզված հույսերի մասին։

  Պատմվածքը առաջին դեմքով է՝ Արթին պապի թոռան անունից։ Ըստ էության, Արթին պապը հենց Բակունցի մորական պապին է մարմնավորում։

  Պապը լուր է առնում, թե աքսորված որդին՝ Եգորը, ողջ է, և միամիտ հավատով նամակ է գրում թագավորին, որ որդուն ներում շնորհեն։ Սակայն նա դրա համար դաժանորեն ծեծվում է ցարական պաշտոնյաների կողմից։

  Արթին պապը, չնայած ծանր հիասթափությանը, մինչև կյանքի վերջին օրը շարունակում է սպասել։

  Կնոջն էլ, որին ջահել օրերի պես Նազու աղջիկ էր կանչում, պատվիրում է իր գերեզմանին բերել բաղձալի լուրը։

Հմայակ Հակոբյան «Հայ գյուղացի»

ԾԻՐԱՆԻ ՓՈՂ

(Ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում)

Կարդա այստեղ

Պատմվածքի գլխավոր հերոսը սասունցի Հազրոն է, որը, Եղեռնի արհավիրքը վերապրելով, հիմնվել է Ձյանբերդում։ Նրա ծիրանի փողը խորհրդանշում է մեր մշակութային արժեքները, որոնք միասնականություն ու ուժ են տվել, կամք ու ոգի՝ կրկին ուժ առնելու և բարին արարելու։ Եղեռնի օրերի ամենածանր պահերից մեկին՝ տոթ հարթավայրում Հազրոն ձեռքն է առնում սրինգը․

«Նա հանեց ծիրանի փողը՝ այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատները խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես Լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից*։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մոր ծնկների վրա, լացեց և Հազրոն, հետո թեթևություն իջավ սրտի վրա, ինչպես կապույտ ամպը նստում էր Մարութա բարձր սարին։

Ապա սրբեց արցունքը, ուսն առավ աղջկան, առաջ՝ կնոջն և ետ նայեց։ Փոշի էր նստել հեռվի լեռների վրա, և չէին երևում իրենց բարձր լեռները։

Հազրոն ասավ կնոջը.

- Էսօր դուման** է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի»։

 

*դորակ – ջրի աման

**դուման - մառախուղ

Արժե իմանալ

«Յարխուշտան» ռազմապար է։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ նշանակում է «զենքի ընկեր»։ Ներկայացնում է նիզակը նետելու տեսարանը։ Ասում են՝ Սասունում այնքան էին պարում, մինչև խմբերից մեկը ընդունում էր իր պարտությունը։

Գիտե՞ս «Յարխուշտա»  պարել։ Եթե ոչ, ապա սովորիր այս ուսումնական հոլովակով։

 Մերուժան Խաչատրյան «Յարխուշտա»

Արժե իմանալ

«Յարխուշտան» ռազմապար է։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ նշանակում է «զենքի ընկեր»։ Ներկայացնում է նիզակը նետելու տեսարանը։ Ասում են՝ Սասունում այնքան էին պարում, մինչև խմբերից մեկը ընդունում էր իր պարտությունը։

Գիտե՞ս «Յարխուշտա»  պարել։ Եթե ոչ, ապա սովորիր այս ուսումնական հոլովակով։

Ձյանբերդ գյուղի  ջրվորն է դարձել Հազրոն․  «Արևը լուսավորում է բահը, և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է»։ Երբ երեկոյան գյուղացիները հոգնած տուն են գալիս, Հազրոն նվագում է իր սրինգը, ու սասունցիները բռնում են իրենց ամեհի Յարխուշտան։

Հազրոն կարոտում է իր ծննդավայրը, երազում վերադարձի ու խաղաղության  մասին։ Հազրոյի երազանքը ազնիվ քրտինքով խաղաղ երկնքի ներքո հաց վաստակելն ու արարելն է։

  «Երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ շորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն»։

Իր «քաջարծիվ թոռնիկին» պիտի ժառանգի Հազրոն իր ծիրանի փողը, որ ապրի հայը՝ իր լեռներից, աղբյուրներից ու քարերից սնվող մշակույթով։

Արժե իմանալ

1915 թ նկարիչ Վարդգես Սուրենյանցը, շուրջ կես տարի մնալով Էջմիածնում, հանդիպեց և նկարեց Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փախած հայ որբերի ու գաղթականների՝ թղթին հանձնելով հայկական տարազը ողջ շքեղությամբՆրա այդ նկարների շնորհիվ մենք այսօր գաղափար ունենք, թե ինչպիսին են եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների տարազները։

Վարդգես Սուրենյանց «Սասունցի տղամարդ»

Արժե իմանալ

1915 թ նկարիչ Վարդգես Սուրենյանցը, շուրջ կես տարի մնալով Էջմիածնում, հանդիպեց և նկարեց Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փախած հայ որբերի ու գաղթականների՝ թղթին հանձնելով հայկական տարազը ողջ շքեղությամբՆրա այդ նկարների շնորհիվ մենք այսօր գաղափար ունենք, թե ինչպիսին են եղել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների տարազները։

ԿՅՈՐԵՍ

(1936 թ.)

«Կյորես» վիպակը Բակունցի ծննդավայրի՝ Գորիս քաղաքի մասին է։

-Իսկ Կյորես ի՞նչ է նշանակում,- կհարցնես դու։

Բարբառով Գորիսը Կյորես է հնչում։

Բայց ինչո՞ւ է Բակունցը Կյորես անվանել ու ոչ թե Գորիս։ Արի միասին մտածենք։

Երկու մեծերը՝ Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում ու Բակունցը «Կյորես» վիպակում (տարիներ հետո՝ նաև Գուրգեն Մահարին «Այրվող այգեստաններում»), փորձում են հավերժացնել իրենց ծննդավայրի պատկերը։ Այս ստեղծագործություններում ընդհանուր է կորստի ցավը, երգիծանքը (Չարենցի դեպքում՝ սուր սատիրան)։

Գաբրիել Գյուրջյան «Առավոտը հին Գորիսում»

-Բայց Գորիսի դեպքում ի՞նչ կորուստ։

Բակունցը ներկայացնում է քաղաքի երկու հատվածները՝ Գորիսը և Կյորեսը (քարանձավաբնակ Հին Շենը)։ Այս երկու հատվածներում ապրող մարդիկ  իրարից տարբերվում են մտածողությամբ, արժեքներով, վարք ու բարքով, խոսքով․ «Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով»։

 Բակունցի համակրանքը մեռնող Կյորեսի կողմն է։ Գալիս են նոր արժեքների տեր մարդիկ, և Կյորեսի մշակույթը կամաց-կամաց անհետանում է։ 

Շուրջ մեկ դար առաջ գրված այս վիպակը կարդալիս ակամա ընդհանրություն ենք նկատում մեր օրերի հետ։ 

Բակունցի մեծությունը հենց դրանում է, որ նկարագրելով իր ծննդավայրը՝ այնպիսի շեշտադրումներ է անում, որոնք բնորոշ են տարբեր բնակավայրերի, ժամանակների։

Կյորեսը դատապարտված է, Գորիսն արդեն այլ քաղաք է, որտեղ կյանքի որակը ավելի բարձր է, սակայն այստեղ էլ վտանգված է հայի ինքնությունը։

Քննարկում

Եղե՞լ ես Գորիսի Հին Շենի քարանձավներում։ Բակունցի օրերում այնտեղ մարդիկ էին ապրում։

Գորիսը մեր օրերում

Կյորեսը դատապարտված է, Գորիսն արդեն այլ քաղաք է, որտեղ կյանքի որակը ավելի բարձր է, սակայն այստեղ էլ վտանգված է հայի ինքնությունը։

Երգիծական դրվագ

«Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը՝ չոր թթուն։ Եվ նույնիսկ նրանք կարող էին վիճաբանել և մինչև անգամ կարող էին իրար ծանր խոսք ասել»։

Այս դրվագում Բակունցը հեգնում է Գորիսում բնակվող տիկնանց մակերեսային մտածողությունն ու նյութապաշտությունը։

Քննարկում

Փորձիր Բակունցի հայացքով դիտել մեր իրականությանը։ Ի՞նչ թեմաներով են մերօրյա «տեսակետ ունեցող տիկնանց» համացանցային քննարկումները (և ոչ միայն տիկնանց)։

Եվգենի Լանսերե (ռուս նկարիչ) «Զանգեզուրի տարազով կին»

«Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները, ի՞նչ ազգի մարդիկ էին և ի՞նչ լեզվով էին խոսում...- հարցնում է Բակունցն ու քիչ անց պատասխանում։-Ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին, ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային։ 

Կյորես վիպակի անմոռանալի հատվածներից է կյորեսերենին՝ հայրենի բարբառին նվիրված ձոնը, որը լայն իմաստով ձոն է հայոց լեզվին։

«Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան»։

«Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը․․․ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,− Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...»։

Քննարկում

Ինչո՞ւ էր լաց լինում Կյորեսի լեզուն։ Հայերենը այսօր առիթ ունի՞ լաց լինելու, մեկնաբանիր կարծիքդ։

Արփենիկ Նալբանդյան «Գորիսեցի կին»

ՄԻՐՀԱՎ

(Ընդգրկված է «Մթնաձոր» ժողովածուում)

Կարդա՛ պատմվածքն այստեղ ու արի քննարկենք։

«Միրհավը» թախծոտ ու ջերմ պատում է կորցրած երջանկության ու անմոռաց սիրո մասին։

Ծեր Դիլանը աշնան մի օր, այգում նստած, հիշում է իր երիտասարդ տարիները և այն աղջկան` Սոնային` խաղողի հատիկների պես աչքերով, լաջվարդ (կապույտ) շապիկով, արծաթե սուրմաներով։ Նա Դիլանի հնձանն էր եկել և նորից բորբոքել սիրո կրակը: Նրանք մանկությունից սիրել էին իրար, սակայն Սոնան դարձել էր հարուստ հարևանի հարսը: Այս պատմվածքում Բակունցը իրեն բնորոշ հանճարեղ սահունությամբ վերհուշի թևով ընթերցողին տանում է անցյալից ներկա և հակառակը։ Բակունցը զուգահեռ պատկերում է Դիլան դայու կյանքից երկու դրվագ։ Մեկը՝ միրհավի որսը, տեղի է ունենում ծերության շրջանում, մյուսը՝ հնձանում Սոնայի հետ հանդիպումը, եղել է երիտասարդ օրերին։

Ի՞նչ կապ կարող է լինել այս երկու դեպքերի միջև։

 

Ժյուլ Բաստիեն Լըպաժ «Գյուղական սեր»

Միրհավը երջանկության խորհրդանիշն է, որին, թվում է, որսացել է Դիլան դային։ Բայց մի ակնթարթում թռչում, հեռանում է թևը արնոտ միրհավը այնպես, ինչպես անդարձ հեռացավ նրա ողջ կյանքի սերը՝ Սոնան։ Հեռացավ, բայց մնաց անմոռաց հանդիպման տաք հուշը։ Դիլան դային ծեր է, չգիտի՝ հաջորդ տարի ի՞նքը կբացի հնձանի դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք։ Աշունը կյանքի ավարտին մոտենալու խորհրդանիշն է։ Բնության բոլոր պատկերները անհետացող գեղեցկության թախիծ ու ափսոսանք են հասունացնում․ «Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի* երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։ Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը»։

 

*Սիմինդր – եգիպտացորեն

«Սիմինդրի տերևը՝ որպես բեկված սուսեր․․․»

Վահագն Դավթյանը Բակունցի «Միրհավը» համեմատում է Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի հետ։ Եվ իսկապես, գլխավոր հերոսները երկուսն էլ մարդկային պարզ երջանկություն են որոնում։ Մեկի համար այդ երջանկության խորհրդանիշը ձկան տեսքով է, մյուսի համար՝ միրհավի։ Երկուսին էլ թվում է, թե երջանկությունը շատ մոտ է, բայց երկուսն էլ կորցնում են՝ մնալով դատարկաձեռն, իրենց տանջող գեղեցիկ երազի հետ։

Բակունցը «Միրհավը» ավելի վաղ է գրել, քան Հեմինգուեյը իր հանրահայտ պատմվածքը։ Եվ այս նմանությունը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու, որ Բակունցի ստեղծած գլուխգործոցները համաշխարհային արժեքներ են։

 

 

Մհեր Աբեղյան «Հաց»

Մենք մի պահ կարող ենք կտրվել Բակունցի ստեղծած վերհուշի կախարդական մթնոլորտից ու այլ տեսանկյունից նայել՝ դատելով հերոսներին։

Եթե մանկուց սիրում էին իրար, ինչո՞ւ Դիլանը թույլ տվեց, որ Սոնան ուրիշի հետ ամուսնանա, Սոնան ինչո՞ւ կամքին հակառակ ամուսնացավ և ինչո՞ւ դավաճանեց իր ամուսնուն․․

Մենք այս ինչուների պատասխանը չունենք։

Բակունցն ակնարկում է, որ Սոնայի ամուսինը ունևոր էր, մենք էլ գիտենք Մթնաձորի օրենքները։ Աղջիկները ձայնազուրկ են, վարվում են այնպես, ինչպես ծնողներն են թելադրում․․․

Իսկ Դիլա՞նը, նրա հնազանդ կերպարը երևում է անտառապահի հետ հանդիպման տեսարանում (Դիլանին մտրակով հարվածում ու անպատվում է անտառապահը, մեղադրում իր որսը՝ իր միրհավին փախցնելու համար, Դիլանը միայն կուչ է գալիս)։

Գուցե Դիլանը ողջ կյանքում այդպիսին էր եղել․ գետն ընկած տաշեղի պես էր ապրել իր կյանքը։ Բայց մի անգամ լսել էր իր սրտի ձայնը՝ դեմ գնալով բոլոր օրենքներին՝ շոշափել էր երջանկությունն ու ձեռքից կրկին բաց թողել․․․

Իսկ Սոնա՞ն։ Ինչո՞ւ էր նա այդ օրը հնձան եկել։ Գիտե՞ր, որ Դիլանը այնտեղ է։ Հեղինակը մեզ չի ասում։ Բայց մի բան պարզ է․ նրան հնձան էր բերել կարոտը։ Ի՞նչ արժեցավ Սոնային իր արարքը, մենք կրկին չգիտենք, բայց մոտենում ենք այն մտքին, թե ընտանեկան կյանքում դժբախտ այդ կնոջ համար մահը ցանկալի հյուր էր։

«Միրհավ» պատմվածքի հիման վրա 1975 թ․ նկարահանվել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմը, որի սցենարի հեղինակն է Հրանտ Մաթևոսյանը։

Եթե այցելելու լինես Գորիս՝ Ակսել Բակունցի տուն-թանգարան, բակում միրհավների կտեսնես։

միրհավ

ԼԱՌ ՄԱՐԳԱՐ

ԼԱՌ* ՄԱՐԳԱՐ   

(Ընդգրկված է «Մթնաձոր» ժողովածուում)

կարդա այստեղ

Պատմվածքը պատմում է  եղեռնից մազապուրծ Մարգարի մասին, որի կյանքի հույսն են թոռնիկն ու փրկած ծիրանի կորիզները, որոնք նոր հողում շուտով բերք պիտի տան։

 

Լառ* – բարձրահասակ է նշանակում։

Քննարկում

Կորիզի խորհրդանիշը շեշտվում է նաև Հենրիկ Մալյանի «Նահապետը» ֆիլմում։ Կարո՞ղ ես վերհիշել այդ դրվագը և համեմատել երկու ստեղծագործությունները։

Սոս Սարգսյանը՝ Նահապետի դերում։

Մարգարը գյուղի ջրվորն է։ Նա մեծ նվիրումով ու ազնվությամբ է ջուրը բաշխում, բաշխում է այնպես, ինչպես կյանքը։ Երբ գյուղացիներից մեկը փորձում է կեղծիքի դիմել իր այգին ավելի շուտ  ջրելու համար, Լառ Մարգարը բարկանում ու խրատում է․

— Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի՛ վարժեցուր։

Լառ Մարգարը երբեմն տրամադրություն չէր ունենում, պառկում էր ծառերի տակ՝ գերանների մոտ հանգստանալու ու «այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի»։

 Ինչո՞ւ է Բակունցը Լառ Մարգարին չորացած բարդու, գերանի հետ  համեմատում։ Որովհետև այս պատկերը օգնում է տեսնելու և  հասկանալու հերոսի հոգեվիճակը։ Ծննդավայրից արմատախիլ արված ծառը գերան է դառնում։ Այդպես է և մարդու դեպքում։ 

Լառ-Մարգարը նայում էր երկնքին ու  թվում էր, թե «երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ․․․

Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետև պահված իրենց գյուղը կտեսներ ․․․»։

Քննարկում

Անսպասելի համեմատություն է, չէ՞,  երկինքն ու  հսկա տաշտը։ Բայց Բակունցի մտքով անցել է, որովհետև նա աշխարհը մեկնաբանում է ջրվորի հայացքով, և համեմատությունները ինքնանպատակ չեն, դրանք ավելի են ամբողջացնում այդ հայացքը։

Վարդգես Սուրենյանց «Գաղթական սասունցի»

Թվում է՝ կոտորած ու ողբերգություն տեսած մարդը պետք է կորցներ լավատեսությունը, աշխարհի ու մարդկանց նկատմամբ լցվեր չարությամբ: Բայց այդպես չէ: Ապրում է ծանր կորուստներ վերապրած Լառ Մարգարը՝ իր թոռնիկի պայծառ ապագայի հույսով։  Իսկ թոռնիկը վաղը պետք է կերտի մոխիրներից հառնող ժողովրդի ապագան:  Այդ հույսն իրականացնելու համար պետք է յուրաքանչյուր գործ արվի ազնվությամբ ու մեծ պատասխանատվությամբ․

— Ծառդ պտուղ չի տար, յավրի՛ս, գողության մի՛ վարժեցուր․․․

Թող մեր ականջներում միշտ արձագանքի Լառ Մարգարի պատգամն ու համոզմունքը, որ արժանի լինենք մեր հողին ու նրա տված բարիքներին։ 

 

ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

Պատմվածքը  կարդա այստեղ և արի միասին քննարկենք։

Բակունցը վրձնում է լեռների մեջ ծվարած գյուղի մի աղքատ ընտանիք, որի ամենամեծ օգնականն ու հույսը ձին է՝ Ցոլակը։

Ընտանիքի մայրը՝ Շարմաղ բիբին, միամիտ ու բարի կին է, որն ամեն անգամ ակնածանքով լսում է եկեղեցու զանգերի ձայնը․ «Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը»։

(Այս պատկերը չմոռանաս, պատմվածքի վերջում կրկին Շարմաղ բիբին զանգերի ձայնը կլսի, բայց ուրիշ զգացողությամբ)։

 Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, «ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ»։ 

 

 

 

 

Գյուղում տարածվում է բոթը․ կառավարությունը հավաքում էր գյուղացիների ձիերը՝ պատերազմ տանելու համար։

Ուշադրությո՛ւն դարձրու, թե Բակունցն ինչպիսի վարպետությամբ է համադրում սոցիալական խնդիրները, հոգսերը,  բանաստեղծականն ու երազայինը։ 

«Սիմոնը նստել էր դարպասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։

Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ... Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին»։

Սիմոնը մի հուսահատ քայլ է անում։ Որպեսզի ձիուն չտանեն, վերք է բացում նրա մեջքին։

Քննարկում

Ինչպե՞ս ես գնահատում Սիմոնի արարքը։ Դու ինչպե՞ս կվարվեիր նրա փոխարեն։

 

Կադր «Մարտական ձին» հրաշալի ֆիլմից, որի հիմքում նույնպես սիրելի ձիուց բաժանվելու ցավն է։

Ինչո՞ւ է Բակունցը վերնագրել է «Սպիտակ ձին», չէ՞ որ Ցոլակը սպիտակ չէ։  

 Սիմոնի ողբերգությունն ու Ցոլակի ճակատագիրը պատմվածքի գլխավոր շեշտադրումները չեն։ Գնանք վերնագրի մատնանշած ուղղությամբ։

Պատմվածքում տեսնում ենք երեք ձի

Ցոլակը

Սպիտակ ձին

Կապտավուն վայրի ձին

Կապտագույն վայրի ձին այդպես էլ չի հնազանդվում մարդկանց ու ազատության ճանապարհին մեռնում է։

Սպիտակ ձին գյուղի հարուստինն էր՝ Կոստանդ աղայինը։ Անհնար է առանց հիացմունքի հետևել նրան, նրա ոտքերը կարծես գետնին չեն դիպչում․ «Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները»։

Թվում էր, թե հենց այդ ձիուն պիտի առաջին հերթին տանեն, բայց մտամոլոր գյուղացիների աչքի առաջ Կոստանդը ներկայանում է մի այլ՝ պառաված ձիով ու ներքին կարգով ազատում իր ձիուն։

Սիմոնն ու իր ընկերները զրկվում են իրենց հույսից, իսկ Կոստանը իրենից գոհ վերադառնում է, ու այս անգամ սպիտակ ձին ոչ թե հիացմունք, այլ վախ է առաջացնում գյուղացիների մեջ։ «Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը», - ասում է գյուղացիներից մեկը...

Այս անարդարությունը շեշտադրելու համար է Բակունցն այդպես վերնագրել պատմվածքը։

«Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները»։

Սիմոնի ու մյուս գյուղացիների դատարկաձեռն վերադարձը հիշեցնում է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից Համբոյի գյուղ վերադառնալու հատվածը։ Սիմոնին էլ են տանջում հուշերը, որոնք ավելի ցավագին են դառնում մեղքի գիտակցումից։

Դիտենք նկարիչ Բակունցի պատկերներից մեկը, որ տեսնում է Սիմոնը տունդարձի ժամանակ․ «Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում»։ Զգացի՞ր, թե ինչպես է խտանում կարմիրը՝ Սիմոնի ծանր զգացողություններին համահունչ։ Բնությունը, աշխարհը նույնն է, բայց մենք այն տարբեր ենք տեսնում՝ կախված մեր հոգեվիճակից։ Ներքևում մնացած խավար քաղաքն էլ մեծ վանդակ է հիշեցնում․ «Այնտեղ՝ ներքևը, խավար էր, խավարի մեջ՝ քաղաքը, և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը»։

Ձիու կորստից դառնացած Շարմաղ բիբին էլ կորցնում է հավատը երեկոյան զանգերի հանդեպ․ «Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը...»։

Այս պատմվածքն այնքան շերտեր ու մեկը մյուսից անմոռաց պատկերներ ունի, որ դժվար է սպառել մեկ քննարկումով։ Բակունցի պատմվածքները կարող են դասագիրք դառնալ պատկերավոր խոսք ուսումնասիրելու համար։ Դրանք կարելի է հատված առ հատված նկարել, և արդյունում մի հարուստ շարք կստացվի։ Բակունցի հերոսները շատ չեն խոսում՝ մեկ-երկու նախադասություն։ Բայց առանց դրա էլ մեծ վարպետը շերտ առ շերտ բացում է նրանց ներաշխարհը։

Քննարկում

Պատմվածքն ընթերցելիս նկատեցի՞ր դագաղի կրկնվող պատկերը։ Ըստ քեզ ինչո՞ւ է հեղինակը այդ համեմատությունն անում։

 

ԲԱԿՈՒՆՑԻ ՁԵՌԱԳԻՐԸ

Բակունցի ստեղծագործությանը մոտենանք՝ Չարենցի հանճարեղ «Ա․ Բ․»-ին բանաստեղծությունը քննելով։

Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջնջելի գրերն հնադարյան․․․

 

Ինչո՞ւ է Չարենցը Բակունցի ստեղծագործությունն անվանում «հնամենի, բուրյան», համեմատում մեր մատուռներին փորագրված գրերի հետ։

Բակունցի ստեղծագործությունները, իրոք, կարծես քանդակված լինեն․ ոչ մի ավելորդ կամ ձգձգված հատված, ոչ մի անտեղի բառ։ Նրա ստեղծագործությունը պետք է կարդալ առանց շտապելու, պատկերները մտովի տեսնելով, զգալով, ասես համը վայելելով։ Բակունցի գրական լեզուն հարստացած է բարբառի առողջ շաղախով։ Այս առումով նա Հովհաննես Թումանյանի ժառանգորդն է։ Բակունցի աշխարհընկալումը հարազատություն ունի Տերյանի ստեղծագործության հետ․ նույն նրբությունն է, երաժշտականությունը։

Իսկ նոր խոսք չէ՞ր ասում Բակունցը։ 

Ասում էր, այն էլ այնպիսի խոսք,  որն ունեցավ անվանի հետևորդներ։ Բակունցի նախանշած ուղիով  հայ արձակագրությունը մի նոր բարձունքի հետագայում հասցրեց Հրանտ Մաթևոսյանը։

Ինչպես ստալինյան ծանր ժամանակներում ապրած բոլոր գրողները, Բակունցը ևս ստեղծագործություններ ունի, որոնցում գովերգում է խորհրդային կարգերը․ դա այն գինն էր, որը պիտի վճարեր յուրաքանչյուր գրող՝  իր մյուս ստեղծագործությունները տպագրված տեսնելու համար։

 

Բակունցի մարգարտաշար ձեռագիրը