Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ․ օգոստոսի 31-ին Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում, որոնք ԱՄՆ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք էին գաղթել Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից։
Ծնողները նախապես ուզել են որդու անունը Պետրոս դնել, բայց նրա ծնունդից մեկ ամիս առաջ մահացել է ընտանիքի բարեկամը՝ Վիլյամ անունով, և որդուն կոչել են նրա անունով։
Երեք տարեկան էր Վիլյամը, երբ 37-ամյա հայրը մահանում է։ Մայրը միայնակ չի կարողանում ընտանիքի կարիքները հոգալ և իր 4 երեխաներին 5 տարով տեղափոխում է մանկատուն։
Վերադառնալով տուն՝ Սարոյանը ստիպված է լինում աշխատել․ «Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը․․․»։ Սարոյանը կանոնավոր կրթություն այդպես էլ չի ստանում, իսկ թե ինչու, կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում։
«Իմ իսկական դպրոցը եղած է փողոցը», - գրել է Սարոյանը։ Հեռագրատան ցրիչ, կանաչի վաճառող, սևագործ բանվոր․ ինչ ասես, որ չի փորձում անել պատանի Վիլյամը ընտանիքին օգնելու համար։