Վիլյամ Սարոյանի ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից, իսկ բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում, Դավթյանի կինն էլ էր արաբկիրցի։
Վահագն Դավթյանի դուստրը պատմում է, որ երբ Վիլյամ Սարոյանը Հայաստան էր գալիս, միշտ ճաշում էր իրենց տանը։ «Տատիկիս պատրաստած կերակուրների համն եմ առնում ձեր տանը»,- ասում էր նա։
***
Բիթլիսցիների կերակուրների մեջ սխտորը մեծ տեղ է զբաղեցնում։ Սարոյանը պատմում է, որ ամեն առավոտ սխտորով կերակուր էր ուտում ու գնում դպրոց։ Ուսուցիչը մտնում էր, հոտն առնում ու գոռում․
-Նորից սխտո՞ր ես կերել։
-Այո, սխտոր եմ կերել, հապա ի՞նչ ուտեի։
-Հոտը տարածվել է սենյակով։
-Է, բացեք պատուհանը։
Ուսուցիչն իրեն կորցնում ու Վիլյամին դուրս էր հրավիրում դասարանից, նա էլ ուրախ-ուրախ տուն էր գնում։
Շուտով Սարոյանը թողնում է դպրոցը․ «Ահա այդ սխտորը եղավ պատճառ․․․Բայց կատակ կընեմ, հիմնական պատճառ այդ չէր անշուշտ։ Հիմնական պատճառ այն էր, որ ես արագ կսորվեի, անոնք՝ դանդաղ։ Շատ կկարդայի, իրենց նոր սովորած ես շուտունց սորված կըլլայի․․․»։