Կենսագրություն

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թ. Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։

Ահնիձորը հիմնել են Սանահինի և Հաղպատի կալվածքները լքած գյուղացիները։ Հիմնողներից մեկն էլ Մաթևոսյանի Օհանես պապն է եղել։ 

Գրողը ընդամենը 15 տարի է ապրել գյուղում, բայց նրա բոլոր ստեղծագործություններում առկա է  Ահնիձորը։ Մաթևոսյանի գրական աշխարհում Ահնիձորը վերանվանվել է Ծմակուտ։ Նրա  գրեթե բոլոր հերոսները ծմակուտցիներ են։ 

«140 տարի առաջ իմ Օհանես պապը եկել հիմնադրել է Ահնիձոր գյուղը․․․Ես ուզում եմ կրկնել իմ պապի փորձը գրականության մեջ՝ հիմնել իմ գյուղը, և վստահ եմ՝ որ հաջողելու եմ: Երբ ես եկա՝ Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է․․․ Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ»:
 

 

Հրանտի  մանկության շրջանը համընկնում է Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան ծանր տարիներին։

Մեծ դժվարություններով են ծնողները մեծացրել նրան ու եղբայրներին՝ Հրաչյային ու Համոյին։ Հրանտի մանկության և հետագա 2 տասնամյակների գյուղը ավելի շատ նման էր հնագույն ժամանակների գյուղին, քան այսօրվան։ Եվ ապագա գրողը մասնակցում էր բոլոր գործերին։ 

Հայրը՝ Իգնատը, ատաղձագործ էր ու հողագործ, պատերազմի ժամանակ զորակոչվում է, հետո ծառայության համար պիտանի չլինելով՝ հետ  է ուղարկվում գյուղ՝ դառնալով գյուղի 4 տղամարդկանցից մեկը, որն իր ուսերին էր առել գյուղի բոլոր հոգսերը։

Մայրը քաղաքում մեծացած աղջիկ էր, որը ամուսնանալով մեծ դժվարությունների է բախվում խուլ և աղքատ գյուղում։

Հրանտ Մաթևոսյանի ծնողներն ու եղբայրը՝ Հրաչյան

Մայրը երազում էր, որ որդիներն իրականացնեն իր չիրականացած ցանկությունն ու կրթություն ստանալով՝ հեռանան գյուղից․  «Մորս համար ամենակարևորը իմ լավ սովորելն էր: Նա դառը լացում էր, երբ ես «երկուս» էի ստանում: Մայրս ուրախանում էր՝ տեսնելով իմ լավ ձեռագիրը՝ ինքը գրել չգիտեր»:

 Հրանտը, լինելով տան ավագ որդին, ավելի ուժեղ էր զգում մոր կողմից այդ ճնշումը, ու այդ ամենը նրան մայրական դաժանություն էր թվում․ «Առաջին անգամ ազատություն զգացի, երբ քաղաք գնացի, 1950 թվականին: Ինձ համար ազատություն էր ազատագրումն այն ամենից, ինչ թվում էր մայրական դաժանություն»:

Գրողի ձևավորման մեջ մայրը մեծ դեր է ունեցել․ «Ես գրող դարձա մորս շնորհիվ: Ի՜նչ մայր ունեի... Այդպիսի հիանալի պատմող ոչ մի տեղ չես գտնի: Ի՜նչ կերպարներ էր ստեղծում, ինչ իրավիճակներ՝ մեկը մեկից կենդանի, անկաշկանդ, ազատ․․․ Նա մեզ համար մեր ծմակուտում մշակույթի աշխարհ էր՝ հեռուստատեսություն, ռադիո, թատրոն, կինո, մի խոսքով՝ աշխարհ: Նա անգրագետ էր, բանաստեղծություններ բերանացի չգիտեր, բայց ամեն րոպե բառ էր ստեղծում՝ նոր, թարմ, դիպուկ, որտեղից էլ գտնում էր․․․»։

Հրանտ Մաթևոսյանը սկզբնական կրթությունը ստանում է տեղում, ապա ուսումը շարունակում  է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ուսումնարանում, այնուհետև Երևանում: Սովորելուն զուգընթաց աշխատում է իբրև գրաշար։ Հետո սովորում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 

23 տարեկան էր Հրանտը, երբ որոշեց գրել։ Պատճառը անարդարությունն էր։ Կոլտնտեսության նախագահի հրամանով Մաթևոսյանի հայրը զրկվում է իր միակ  ձիուց։ Իշխանության ներկայացուցիչները որոշել էին, որ գյուղացու համար ավելորդ ճոխություն է ձի ունենանալը, մինչդեռ անհրաժեշտություն էր։ Հրանտի հայրը ձին շատ էժան վաճառում է, բայց նա փախչում, հետ է գալիս (այս մասին ավելի մանրամասն կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում)։

Մաթևոսյանը գրում է «Ահնիձոր» ակնարկը, որտեղ քննադատում էր գյուղի նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Ակնարկում  թե՛ դառնություն կար, թե՛ հեգնանք, թե՛ մեծ սեր ու խոր իմացություն։ Ակնհայտ էր յուրօրինակ ձեռագրով համարձակ, ճշմարտախոս գրողի մուտքը։ Նա ասում էր, որ պետությունը չպետք է կանգնի բնության ու գյուղացու, մարդու ու նրա աշխատանքի միջև, այլապես հազարամյակներով ձևավորված առողջ կապը կընդհատվի։

 Վերջում կցված էր բաց նամակ, որտեղ ուղղակիորեն ասվում էր․ « ․․Թույլ տաք, որ մարդիկ ձի ունենան, աշխատանքի ձիով գնան-գան, քանի որ «Վոլգա» (ավտոմեքենա) կամ տրամվայ չունեք։ Եթե ձիուց՝ որպես կապիտալիզմ ծնողից, շատ եք վախենում, անցկացրեք ուրեմն տրամվայի գծեր՝ գյուղից դեպի բոլոր հանդերը․․․»։ 

Հենրիկ Սիրավյան «Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը»

Հենրիկ Սիրավյան «Հրանտ Մաթևոսյան»

Մաթևոսյանի ակնարկը պայթող ռումբի ազդեցություն է ունենում․ նրան հեռացնում են ինստիտուտից, աշխատանքից, պատժում են նաև բոլոր նրանց, ովքեր ողջունել էին գրողի մուտքը։ «Բայց իմ սերունդն ինձ պաշտպանում էր, տղաներ, աղջիկներ էին մոտենում, որպես հերոսի էին մոտենում, ես էլ ինձ արժանավայել պահեցի նրանց մեծ սիրո առաջ, պետք է շարունակեի, մանավանդ որ իմ, այսպես կոչված, մեծ գյուտն արդեն արել էի․․․»,- գրում է Հրանտ Մաթևոսյանը։ 

Բայց մեկ տարի անց  հանկարծ դռներ են բացվում։ Հրանտ Մաթևոսյանի գործերը կրկին տպագրելու հնարավորություն են տալիս՝ քաղաքական որոշ նկատառումներից ելնելով։ Սփյուռքում սպառվող  «Սովետական Հայաստան»  ամսագրում տպագրում են նրա պատմվածքները՝ ի ցույց արտասահմանի։ 

30 տարեկան էր, երբ մեկնում է Մոսկվա՝ բարձրագույն սցենարական դասընթացների մասնակցելու։ Դասընթացն ավարտելիս՝ երեք տարի անց, լույս է տեսնում  նրա «Օգոստոս» ժողովածուն։

Հրանտ Մաթևոսյանի  գործերը սկսում են թարգմանել տարբեր լեզուներով։ Նրան մեծ ճանաչում է բերում նաև «Մենք ենք, մեր սարերը» վիպակի էկրանավորումը։  

 

 

Հրանտ Մաթևոսյանն ամուսնանում է Վերժինե Մովսիսյանի հետ, ունենում են երկու զավակ՝ Դավիթը և Շողերը։

Լույս են տեսնում նրա լավագույն գործերը՝ «Ծառերը», «Գոմեշը», «Տերը» և այլն։ Կինոնկարի են վերածվում նրա «Աշնան արև», «Տերը» և այլ ստեղծագործություններ։

1990-ական թթ. Հրանտ Մաթևոսյանը դառնում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գրողների միության նախագահ։ 

Անկախության տարիներին Հրանտ Մաթևոսյանը հիմնականում հրապարակախոսական հոդվածներ էր գրում։ Ո՞րն էր գրողի լռության բուն պատճառը։

Այդ մասին նա գրում էր․ «Որ անկեղծ լինեմ, գրիչը ձեռքիցս ընկել է։ Գլխավոր պատճառը այն ծառուղում նստած, իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկա բացակայությունն է․․․»։


 

Ռուդոլֆ Խաչատրյան «Հրանտ Մաթևոսյանը»

 

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 -ին՝ 67 տարեկանում, և թաղվել Կոմիտասի անվան պանթեոնում։

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, այժմ «Հրանտ Մաթևոսյան» հիմադրամի տնօրենն է։

 

Օգտակար հղումներ

«Շողակաթ» ՀԸ հաղորդումը՝ Աշխարհի մերկացած նյարդը

Հ1-ի հաղորդումը «Հրանտ Մաթևոսյան 85»

Հրանտ Մաթևոսյանին նվիրված կայքը