Հետաքրքիր պատմություններ

Հրանտ Մաթևոսյանը ընդամենը 15 տարի է ապրել իր ծննդավայրում՝ Ահնիձոր գյուղում, բայց այդ շրջանը մեծ հետք է թողել նրա մտածողության վրա։ «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը․․․»։

 

***

Մաթևոսյանը պատմում է, որ դպրոցական տարիներին գրողներից իր վրա առաջին մեծ տպավորությունը թողել են Ն․ Գոգոլը, Անտոն Չեխովը, Ակսել Բակունցը, Ստեփան Զորյանը։

 «Ամենամեծ տպավորությունս...

Համարյա երեխա էի, ձեռքս կոտրել էի, պառկած էի հիվանդանոցում: Այնտեղ էլ հանդիպեցի երկու տիտաններին միատեղ՝ կարդացի «Տարաս Բուլբան» Բակունցի թարգմանությամբ: Դա հոյակապ էր: Բայց պիտի ասեմ, որ առաջինն Ակսելը չէ: Առաջինը Չեխովն է՝ Ստեփան Զորյանի վրա իր ազդեցությամբ: Զորյանը գրականություն է բերում Լոռվա բնապատկեր, բարբառ, բարբառի երանգ: Նա նաև հիշեցնում է Թումանյանին, մի եզրով հարում է թումանյանական աշխարհին, ինչը իմ հայրենիքն է, իմ բարբառը: Այդքանով, թերևս, Ստեփան Զորյանը»:


 

 

      Հանդիպում

 

Վիլյամ Սարոյանը չորս անգամ է եղել Հայաստանում: 1978-ի այցի ժամանակ Սարոյանը ծանոթանում է Հրանտ Մաթևոսյանի հետ, որը աշխարհահռչակ գրողին տանում է իր ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ։

Հրանտ Մաթևոսյանը պատմում է հոր և Սարոյանի հուզիչ հանդիպումը

«Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել»: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ (նկատի ունի՝ 1908թ․): Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան․․․»։

Ըստ Հրանտ Մաթևոսյանի՝ Սարոյանը  երբեմն երազում էր այդպիսի խաղաղ, աշխարհից կտրված գյուղի մասին, որտեղ մոտ կլիներ իր արմատներին, իսկ իր հայրը մտածում էր այն մեծ կյանքի ու աշխարհի մասին, որի մի մասն էր Սարոյանը ու որից ինքն անմասն էր մնացել․ «Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…»։

Մայրը 

 

Հրանտ Մաթևոսյանի մայրը վառ երևակայություն ու պատկերավոր խոսք ուներ և շատ է նպաստել որդու գրող դառնալուն։

Քաղաքում ծնված աղջիկ էր ու ամուսնացել էր՝ գնալով խուլ ու աղքատ գյուղ։ Երբ նոր է ծնված լինում Հրանտը, մայրն այն աստիճանի էր վախեցած գյուղի ծանր կյանքից, որ մի քանի օրով հայրական տուն է փախչում ու երեխային կերակրում է հարևանի կինը։

1943թ․ (Հայրենական պատերազմի ծանր օրերն էին) մայրը զգում է, որ իրենց անասունը վտանգի մեջ է ու գնում է Ձորագեղ՝ փրկելու( գնալ- գալը՝ 70 կմ)։ Մեկին հաջողվում է փրկել։

Մի քանի օր է տևում հյուծված մոր ու հղի կովի վերադարձը։ Խնդրելով, հրելով, անիծելով ու հուսալով, մայրը կովին հասցնում է գյուղ։

Այդ կովի շնորհիվ ծնողները կարողանում են պահել երեք երեխաներին։ Հրանտ Մաթևոսյանն այդ մասին գրում է․ «Ես ուզում եմ իմ հայրենիքի այդ 70 կմ այդ ճանապարհից  «Մագելանի սխրանք» հանել․․․»։ Այդ ուժասպառ ու հյուծված կնոջ համար դա նույնպիսի գերմարդկային ջանք էր պահանջում, ինչպիսին Մագելանի սխրագործությունը կարող էր լինել (Մագելանը առաջին շուրջերկրյա ճանապարհորդն է)։ Եվ միայն իսկական գրողը կարող է աննշան թվացող իրադարձությունների հետևում էականն ու հավերժականը տեսնել։ Այս դեպքում՝ նվիրումը։

 

 

 

Որդու՝ Դավիթի հետ

Ինչո՞ւ սկսեց գրել

 

Մաթևոսյանը 23 տարեկան էր, երբ նոր ընդունված օրենքով գյուղացիներին արգելում են ձի պահել՝ համարելով ավելորդ շքեղություն։ Հրանտի հայրը իր ձիուն չափազանց էժան վաճառում է։ Բայց երբ մոտենում է ձագ ունենալու ժամանակը, ձին փախչում ու գալիս է տիրոջ մոտ։ Մաթևոսյանի հայրը, որ կոշտ մարդ էր ու զգացմունքներին չէր տրվում, կնոջ ներկայությամբ լաց է լինում․․․

-Ես կգրեմ, ու թույլ կտան դարձյալ ձի պահել,- ասում է Հրանտը․․․

«Իսկապես, ամենաագրեսիվ ցանկությունս, ամենասրված ցանկությունս, ինչքան որ գրել եմ, էդ է եղել, որ հորս ձին վերադարձնեն,- հետագայում գրում է արդեն հանրաճանաչ գրողը, - Դա եղավ նշանավոր «Ահնիձոր» ակնարկը, որ իմ գխին և՛ կրակ դարձավ, և՛ միաժամանակ գրականության, այսպես կոչված, առաջին պլան մղեց»։

Ակնարկի պատճառով Մաթևոսյանը հեռացվում է ինստիտուտից և աշխատանքից։ Թերթերին հանձնարարվում է նրանից ոչ մի բան չտպագրել։

Բայց Մաթևոսյանը զգում է իր սերնդակիցների պաշտպանությունն ու հետ չի քաշվում, շարունակում է գրել։ Արդյունքում ծնվում է «Մենք ենք մեր սարերը» վիպակը։

Կնոջ հետ

Հրանտ և Համո Մաթևոսյանները Վիլյամ Սարոյանի հետ