Կենսագրություն

Ծնողների հետ

Դանիել Վարուժանը (Չպուգքյարյան)  ծնվել է 1884 թ. ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Գրիգորի և Թագուհու առաջնեկն էր։ Բանաստեղծը պատմում է, որ մանկությունն անցել է ուռենիների հովանու ներքո, Ալիս գետի ափին։ Մանկական չարաճճիություններ էր անում, վեգ ու պահմտոցի խաղում, թիթեռների հետևից վազվզում, իսկ երեկոյան թոնրատանը լսում էր մոր պատմությունները գայլերի ու ենիչերիների մասին։

 Հայրը կրթված, բարեպաշտ մարդ էր։ Ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնում է Պոլիս, աշխատում իջևանատանը։ 1896 թ․ կոտորածների ժամանակ հորից որոշ ժամանակ լուր չեն ստանում և մայր ու որդի մեկնում են Պոլիս՝ նրան փնտրելու։ Երբ հասնում են, մայրը ծանր հիվանդանում է։ 12-ամյա Դանիելը հորը գտնում է սուլթանական բանտում՝ նիհարած, ծանր վիճակում։ Այս հանդիպման հիշողություններով է գրված «Հորս բանտին մեջ» բանաստեղծությունը։

Դեռ փոքր էի․ եկա քեզի մինավոր

Մութ զնդանին մեջ այցի

Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ

Մեջտեղ բանտի և մահճի։

Հոր անմեղությունն ապացուցվում է, և նա ազատվում է բանտից։

Վարուժանը սովորում է Մխիթարյան նախակրթարանում, այնուհետև գիշերօթիկ վարժարանում, որտեղ նրա դասընկերն էր ապագա աշխարհահռչակ դերասան Վահրամ Փափազյանը։

Վարուժանի գրական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել հայոց լեզվի ուսուցիչ, վարժարանի տեսուչ Արիստակես Քասգանտիլյանը։ Նա մեծ սեր էր արթնացնում աշակերտների մեջ համաշխարհային գրականության գանձերի նկատմամբ։ Դանիելը իր նամակներից մեկում գրել է, որ հայերենի ոչ մի ուսուցիչ իր վրա նույնքան չի ազդել։ Մյուսները սովորեցրել են իմանալ, իսկ նա՝ ստեղծել։  Քասգանտիլյանը միջնորդում է, որ Վարուժանը ուսումը շարունակի Վենետիկի Մուրադ- Ռաֆայելյան նշանավոր դպրոցում, որը պատկանում էր Մխիթարյան միաբանությանը։ Հանձնարարական նամակում գրված էր․ «Նոր Մկրտիչ Պեշիկթաշլյան կը ղրկեմ, լավ նայեցեք»։

18 տարեկան էր այդ ժամանակ։ Իհարկե, Վարուժանի դերը հայ գրականության մեջ շատ ավելին պիտի լիներ․․․

Արժե իմանալ

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին 1717 թ․ ։ Սուրբ Ղազար կղզին երկար տարիներ եղել էր բորոտությամբ հիվանդ մարդկանց առանձնատեղի։ Երբ Սեբաստացին որոշում է այնտեղ կրոնական, գիտակրթական կենտրոն հիմնել, այն արդեն լքված տարածք էր։

Միաբանությունը դարեր ժամանակ եղել է հայ գիտական մտքի կարևորագույն կենտրոն, ունեցել է վարժարաններ Պոլսում, Վենետիկում, Փարիզում։ Մխիթարյանները կաթոլիկներ են, Բրգնիկ գյուղի բնակիչները նույնպես կաթոլիկներ էին։

Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շքեղ դահլիճը

Վենետիկում ուսանելու տարիներին Վարուժանը հրատարակման է նախապատրաստում բանաստեղծությունների երկու ժողովածու, բայց լույս չի ընծայում։ Շուտով «Բազմավեպ» հանդեսում լույս է տեսնում «Ալիշանի շիրմին առջև» բանաստեղծությունը, հետո՝ իր քաջարի պապին՝ Դանիել-Տոնելին նվիրված պոեմը։

 Դանիել Վարուժանի հայտնությունը ազդարարեց նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սարսուռներ» վերնագրով (1906)։ Այս ժողովածուից սկսած՝ նա հանդես է գալիս Դ․ Վարուժան գրական անունով։ «Վարուժան» նշանակում է արու աղավնի։ 

Առաջին գրքի ծնունդը մեծ իրադարձություն էր, սակայն Վարուժանը նեղված էր․ Մխիթարյան հայրերը գրքից դուրս էին թողել բանաստեղծությունների գրեթե կեսը՝ դրանք գայթակղեցնող համարելով։

 Վարուժանը կրթությունը շարունակում է Բելգիայի Գենտի (Կանտ) համալսարանում  և 1909-ին վերադառնում է հայրենիք։  

Սեբաստիայում զբաղվում է ուսուցչությամբ։ Վարուժանն արդեն հայտնի բանաստեղծ էր, և սաները նրան ուղղակի պաշտում էին։ Նրա բոցավառ, ոգևորող խոսքը, դաստիարակության մեթոդները ստեղծում էին «առասպելական ժողովրդականություն ու անբացատրելի հմայք»։ Դասավանդում էր հայերեն, ֆրանսերեն, հայ գրականություն և այլն։ Կոկիկ էր, համեստ ու բարեսիրտ, միշտ կարիքավորի կողքին էր։

1910-ին լույս է տեսնում «Ցեղին սիրտը» ժողովածուն։ Հայրենիքի ոգին արթնացնող այս համարձակ, կյանքով լի ստեղծագործություններով նա մարտահրավեր է նետում սովորական դարձած խեղճությանն ու լալկանությանը։ Գրականագետ Հակոբ Սիրունին գրում է, որ Վարուժանը նոր բանաստեղծների մեջ նոր հայրենիք էր արթնացնում։ Իսկ գրաքննադատ Հակոբ Օշականը հենց այս գրքի առիթով է հայտարարում, որ Վարուժանը մեր ամենամեծ բանաստեղծն է։ Ընդամենը մեկուկես տարի հետո «Ցեղին սիրտը», ըստ հարցումների, դարձավ հայ արևմտահայության ամենասիրելի գիրքը։

 Վարուժանը մեր լեզվին նոր շունչ տալու շարժում է նաև սկսում։ Ծրագրել էր շրջել ողջ Հայաստանով, գրում էր, որ ուզում է համբուրել բոլոր այն տեղերը, որտեղով հերոս կամ նահատակ էր անցել։

նկարիչ՝ Ջոտտո (Գևորգ Գրիգորյան)

Վարուժանն ու կինը՝ Արաքսին։

Հայրենի Սեբաստիայում բանաստեղծը գտնում է իր կյանքի սիրուն՝ Արաքսի Թաշճյանին։ Վարուժանը 26 տարեկան էր, երբ ամուսնացան (նրանց սիրո պատմությունը կարդա  Հետաքրքիր պատմություններ բաժնում)։ Վարուժանն ու Արաքսին ունենում են 3 զավակ, փոքրի՝ Հայկակի ծնունդը հայրը չի կարողանում տեսնել․․․

Ամուսնությունից երկու տարի անց Վարուժանն ընտանիքի հետ տեղափոխվում է Պոլիս՝ ստանձնելով Գր․ Լուսավորիչ վարժարանի տնօրենի պաշտոնը։

 

Պոլսում Վարուժանը դառնում է հեթանոսական շարժման առաջնորդներից։ Շարժման նպատակը հեթանոսական ժամանակների ուժի ու գեղեցկության, բնության պաշտամունքի ոգին բերելով՝ ներկայի խեղճությունը հաղթահարելն էր։ Լույս է տեսնում «Հեթանոս երգեր» ժողովածուն։ Այն միանշանակ չընդունվեց, հատկապես արևելահայերի շրջանում բացասական արձագանքներ եղան։ Սակայն այն հզոր թռիչք էր Վարուժանի պոեզիայում և առհասարակ հայ գրականության մեջ։

Ես կերգեմ Գինին,
Բագիններուն ծիծաղը և
Խորաններուն արյունը:
Դարերու կյանքը կերգեմ՝
հանուն հաճույքի և
տառապանքի գեղեցկության:

Վարուժանի հաջորդ ժողովածուն «Հացին երգն» էր՝ աշխատանքի, հացի ստեղծման սրբազան ընթացքի և բնության փառաբանություն․ «Մեր դարավոր արմատը Հայ գյուղացին է: Լույս տանինք գյուղին, որ հույս հնձենք»,- ասում էր Վարուժանը։

Ակոսներուն մեջ անոնք խինդ կցանեն և Աստված

Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե․․․

         («Մշակները»)

1915թ․ ապրիլի 24-ին թուրք ոստիկանները ձերբակալեցին Վարուժանին ու մեր մշակույթի մյուս գործիչներին՝ Սիամանթոյին, Ռուբեն Սևակին, Կոմիտասին, ավելի ուշ՝ Գրիգոր Զոհրապին և այլոց։

«Հացին երգն» ու մյուս ձեռագրերը առգրավեցին։ Զարմանալի փաստ․ աքսորի ճանապարհին, երբ ամենուր տառապանք էր ու հուսահատություն, Վարուժանը ուժ է գտնում իր մեջ՝ շարունակելու իր կյանքով ու սիրով լեցուն գիրքը՝ «Հացին երգը» (այդ մասին վկայել են մի քանի հոգի, այդ թվում՝ Կոմիտասը)։ «Հացին երգի» երկրորդ մասն էր գրում՝ «Գինու երգը», բայց «գինվո փոխան ան իր արյունը տվավ մարդոց․․․»,- գրում է Հակոբ Սիրունին։

Վարուժանի անձնական իրերը Գրականության և արվեստի թանգարանում։

 Աքսորի ճանապարհին Վարուժանի հետ էր նաև բանաստեղծ Ռուբեն Սևակը։ 1915 թ․օգոստոսի 26-ին Թյունեյ գյուղի մոտ նրանց առանձնացնում են, կապում ծառերից ու գազանաբար սպանում։ Վարուժանն ընդդիմանում է, որին ի պատասխան՝ էլ ավելի  վայրենի ու դաժան են վարվում նրա հետ։ Պահպանվել են իր տեսածից ցնցված  կառապանի հիշողությունները։

Վարուժանի վերջին խոսքերից էր․ «Պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ»։

 

Տարիներ անց Արաքսի Վարուժանը կարողանում է փրկագնել Վարուժանի ձեռագրերը և լույս ընծայել «Հացին երգը» ժողովածուն։

Վարուժանի հայրական ընտանիքի անդամները եղեռնի զոհ են դառնում, փրկվում է միայն եղբայրներից մեկը։ Իսկ Արաքսին ու երեխաները  հեռանում են Պոլսից և բնակություն հաստատում տարբեր երկրներում։

 

Դ․ Վարուժանի մասունքներն ամփոփված են Կ․ Պոլսի Շիշլիի գերեզմանատանը։

Օգտակար հղումներ՝

Վարուժանի ինքնակենսագրականը՝ վերածված գունեղ տեսանյութի։

«Հայադարանի»՝ Վարուժանին նվիրված թողարկումը

«Նավասարդյան»

«Առաջին ծիլեր»

 

Օգտագործված գրականություն՝

Վ․ Գաբրիելյան «Վարուժան»,

  «Դանիել Վարուժան» (Կեդրոնական վարժարանի հրատ․)

Գայանե Մկրտչյան «Մեզ ծանոթ և անծանոթ գրողները » 3-րդ մաս,

դասագրքեր, հուշեր, համացանցային նյութեր