Հետաքրքիր պատմություններ

 

Դանիել Վարուժանի հայրը՝ Գրիգորը,  Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել մարգարեի մասին էր կարդում։ Նաև պապի անունն էր Դանիել, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում։

Չպուգքյարյան ազգանունը թուրքերեն «չուպուքքյար» բառից է, որը նշանակում է չիբուխ կրող։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։

Դանիել Վարուժանն ու ապագա հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը դասընկերներ են եղել։ Իր «Հետադարձ հայացք» հրաշալի գրքում Փափազյանը պատմում է, թե Վարուժանի հոգեվիճակի վրա որքան էին ազդել 1896 թ․ թուրքերի կազմակերպած ջարդերը։ Լռակյաց, խոհուն պատանին դարձել էր անզուսպ ու կռվարար։ Ու քանի որ այդ հոգեվիճակում միակ հարազատը Վահրամն էր, նրա ականջին շշնջում էր․ «Դու էլ ինձ նման առյուծի կաթով ես մեծացել․․․»։

Մի օր էլ  Դանիելը Վահրամի համար կարդում է իր «Ջարդը» ստեղծագործությունը։ Վահրամը անգիր է սովորում այն։

Տարիներ անց՝ 1908 թ․, Շիշլիի գերեզմանատանը 1896թ․ զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կազմակերպվում, և  երիտասարդ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։ «Ավելի շուտ ապրեցի այդ կրակոտ քերթվածքը»,- հետագայում հիշում է դերասանը։ Ասմունքից հետո ոգևորության ու հիացմունքի անպատմելի ալիք է բարձրանում։ Ամբոխը պատառոտում է Փափազյանի զգեստները, պոկում կոճակները՝ նրանից հուշ պահելու համար։ 

 Պահպանվել է ականավոր խմբագիր Թեոդիկի նամակը Դանիել Վարուժանին, որտեղ նա նկարագրում է այդ անմոռաց կատարումն ու ներկաների հուզումը։

 

 

Վահրամ Փափազյան

Բելգիայում ուսանելիս Վարուժանի սիրտը կոտրում է բելգիացի մի կին, որի անունը չի հիշատակել։  Այդ կնոջ դավաճանությունը Վարուժանին ծանր հոգեվիճակի մեջ է գցում, նա նույնիսկ մտածում է ինքնասպանության մասին։ Այդ շրջանի ապրումներն արտացոլվել են նրա «Տրտունջք» բանաստեղծության մեջ։

***

Հայրենիք վերադառնալուց մեկ տարի անց Վարուժանի կյանք է ներխուժում Արաքսի Թաշճյանը։ Նա հարուստ ընտանիքի դուստր էր։ Վարուժանը Արաքսիի անհատական ուսուցիչն էր։ Պարապմունքների ընթացքում երիտասարդները հասկանում են, որ սիրում են իրար։ Սակայն աղջկա ծնողները նրան ուզում էին ամուսնացնել ուրիշի հետ։ Արաքսին փորձում է հրաժարվել Վարուժանից, բայց չի կարողանում։ «Գիտցիր, որ քեզ մոռնալն անկարելի է, մահս նույնիսկ քեզ համար աչքս առած կը պտտիմ խևի պես․․․»,- գրում է նրան Արաքսին։

Վարուժանը աղջկան փախցնելու ծրագրեր է սկսում կազմել։ Նշանադրությունից առաջ Արաքսին Վարուժանին գրում է․ «Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»։ Վարուժանը երկտողը ընկերներից մեկի միջոցով ցույց է տալիս փեսացուին։ Նա չեղարկում է նշանադրությունն ու վեհանձնաբար երջանկություն մաղթում սիրահարներին։ Շուտով տեղի է ունենում Վարուժանի ու Արաքսիի հարսանիքը։

 

Դանիել Վարուժանն ու Արաքսին

Վարուժանն ու Արաքսին երջանիկ ընտանիք են կազմում։ Ունենում են երեք զավակ՝ Վերոնիկը, Արմենը և Հայկակը։

Առաջնեկին՝ Վերոնիկին է նվիրված «Վարուժնակիս» բանաստեղծությունը։ Վարուժանը հենց այդպես էլ սկզբում ուզում էր անվանել իր դստրիկին։ Անվանի գրաքննադատ Հակոբ Օշականն ասում է, որ նա, ով ուզում է հասկանալ, թե ինչ է հայրությունը, պետք է կարդա այդ բանաստեղծությունը․․․

Ընկերոջն ուղղված նամակում Վարուժանը գրում է «Սիրելի Փիեր․․․․ ունիմ մեկ տարեկան աղջնակ մը, որ օժտված է վաղահաս իմաստությամբ։ Ան արդեն գիտե «հայրիկ» ըսել, և այդ բառը զիս կը լեցնե անպատում հրճվանքով։ Ես իրեն ձոնած եմ բանաստեղծություն մը «Վարուժնակիս» վերնագրով»։

 

․․․Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս,
          Ո՛վ քնարե դու հոգյակ,
Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ՚իյնա,
          Ըլլա ծիծաղ կամ սուտակ.

 

․․․Զի ես անդո՛ւնդն եմ, որ կ՚ըլլա երջանիկ
          Փոսուռայի* մը լույսով.
Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի
          Իր ծլարձակ մե՛կ բույսով։

Շուտով «անապատը» երեք «ծլարձակ բույս» էր ունենալու երկնքին ժպտալու համար, բայց ոճրագործները ոչնչացնելու էին հզոր բանաստեղծի կյանքն ու ժպիտը։

 

*Փոսուռա  - լուսատտիկ

 

Վարուժանի զավակները

Կոմիտաս  և Վարուժան

 Վարուժանն ու Սիրունին շաբաթ օրերին երբեմն Կոմիտասին հյուր էին գնում։ Այդ շրջանում Կոմիտասն ու նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Պոլսում վարձել էին եռահարկ տուն, որը դարձել էր մշակութային օջախ՝ յուրօրինակ վերնատուն, որտեղ հավաքվում էին տարբեր ազգերի արվեստասեր մարդիկ, լսում Կոմիտասի կատարումները, դիտում Թերլեմեզյանի նկարները, քննարկում արվեստին առնչվող հարցեր։

Մի անգամ Հակոբ Սիրունին Վարուժանին խնդրում է իր ալբոմում երկտող գրել՝ որպես հիշատակ։ Վարուժանը բանաստեղծություն է գրում, որի վերջին տողերն էին․

Չփշրվի ձեռքիդ բաժակն հրեղեն,

Ուր կը հեղու (լցնում է) բախտի նեկտարը Աստված․․․

Կոմիտասը կողքը կատակով  գրում է․

Հրեղեն բաժակը բերանդ կվառե, աղջիկ։

Իսկ ես ինչ մրեմ․

Մատիտս սրեմ,

Բերնիս մեջ ջրեմ,

Գոնե անունս գրեմ․․․

Ըստ Հակոբ Սիրունու հուշերի

 

ձախից՝ Դ․ Վարուժան, Ռուբեն Սևակ, Հովհ․ Թումանյան, Կոմիտաս, Գ․ Իփեքյան, Վահրամ Փափազյան

 

1915 թ․ զգալով հասունացող վտանգը՝ ընկերներից Մկրտիչ Պարտիզյանը  Վարուժանին առաջարկում է միասին Իտալիա գնալ, սակայն Վարուժանը մերժում է՝ ասելով, որ ընտանիքին մենակ չի կարող թողնել։

Գարնանը Մկրտիչը կրկին առաջարկում է մեկնել այս անգամ Բուլղարիա, խոստանում էր որոշ ժամանակ անց Վարուժանի ընտանիքին էլ ուղարկել։ Ինքը՝ Մկրտիչը, Ավստրիայի հպատակ էր և աքսորվելու վտանգ նրան չէր սպառնում։ Վարուժանը կրկին մերժում է ՝ հույս ունենալով, թե Վենետիկի Մխիթարյան հայրերը իր ձերբակալվելու դեպքում կմիջամտեն։

Սակայն նրանք անզոր էին։

 

***

 

Աքսորի ժամանակ Վարուժանը բախտակիցներին ասում է, որ իրենց մահվան են տանում (թուրքերը ասում էին, թե պարզապես տեղափոխում են), խնդրում է, որ փրկվողները իր հղի կնոջը՝ Արաքսիին հաղորդեն՝ իրենց որդու անունը Վարուժան դնի։

Արաքսին ավելի ուշ է իմանում Վարուժանի վերջին պատվիրանի մասին։ Երեխան ծնվում է հոր մահվան օրը և ըստ նախնական պայմանավորվածության՝ անվանվում Հայկակ։

Վարուժանի պատվիրանը կատարվեց ավելի ուշ։ Նրա տոհմի 4 տղամարդիկ Վարուժան անունով են կոչվել։

 

***

Գենտի համալսարանի գրադարանում տեղադրված է Վարուժանի եռալեզու հուշատախտակը, որտեղ հայերեն գրված են բանաստեղծի տողերը․

Ինչ փույթ կյանքը մեռնող,

Երբոր երազը կ՛ապրի,

Երբոր երազն անմահ է։