Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ․ հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Հայրը՝ Սահակ աղան, ջրաղաց ուներ Ղազարապատ գյուղում։ Նա ավագ որդիներին է հանձնում քաղաքի առևտրական գործերը և կնոջ ու կրտսեր որդու՝ Ավետիքի հետ տեղափոխվում է Ղազարապատ, որտեղ էլ հիմնականում անցնում է բանաստեղծի մանկությունը։
«Ահա հայրս ու մայրս։ Հայրս՝ լուրջ դեմքով, բարի ու պատկառելի, մայրս՝ սրբուհու պատկերով, անուշ, վշտոտ ու գթառատ․․․»,- գրում է Իսահակյանը։