Կենսագրություն

Բ․ Պետրոսյան «Ակսել Բակունցի դիմանկարը»

   Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին Գորիսում։ Ծնողները՝ Ստեփանը և Բողչագյուլը, ժամանակին բավական կարողություն են ունեցել, բայց կորցրել են։ «Ծնողներս ունեցել են և՛ հող, և՛ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը»,- ինքնակենսագրականում գրում է Բակունցը։ Ընտանիքում 10 երեխա էին, մեծը Ալեքսանդրն էր։

   Տեղի ծխական դպրոցում 5 տարի սովորելուց հետո Բակունցը՝ որպես լավ սովորող աշակերտ, համագյուղացիների միջնորդությամբ ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Առաջին ստեղծագործությունը «Հիմար մարդն» էր, որ լույս է տեսնում, երբ նա 14 տարեկան էր (1913 թ․)։ 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվում է ճեմարանը, Բակունցը գալիս է Գորիս և իր խոսքով ասած՝ մի «չարություն անում»։ Հետևանքը՝ հեռավոր Լոր գյուղում ուսուցչության պարտադրանք։

Արժե իմանալ

Գիտե՞ս, որ Լոր գյուղում ուսուցչություն անելը Բակունցի որոշումը չէր, նրան այդպես պատժում են՝ Գորիսի քաղաքագլխին մի գրվածքով ծաղրելու համար։

1915 թվականն էր։ «Փայլակ» շաբաթաթերթում լույս է տեսնում Ալեքսանդրի առաջին ֆիլիետոնը (ծաղրական հոդված), որտեղ կեղծանունով հանդես եկող հեղինակը ծաղրում էր Գորիսի ցարական պաշտոնյային ու նրա կամայական, անարդար արարքները։ Գորիսեցիները ցնծության մեջ էին․ ամեն տեղ այդ մարդու ծաղրանկարներն էին փակցնում։

Քաղաքապետը նույնպես ձեռքերը ծալած չի նստում,  ծաղրագրի հեղինակ Բակունցը բացահայտվում է և ձերբակալվում։ Իսկ մեկ տարի անց աքսորվում է Լոր գյուղ։

Չլիներ այդ պատիժը, չէր ծնվի «Խոնարհ աղջիկը» չքնաղ պատմվածը, որը Լոր գյուղում ուսուցչության շրջանի հուշերով է գրված։

Բակունց-ը Թևոսյանների տոհմական ազգանվան հնչյունափոխված ձևն է։ Ակսել անունը Ալեքսանդրը վերցրել է նորվեգացի գրող  Բ Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսից (1916), իսկ թե ինչու, կարդա այստեղ 

  1917թ. տասնութամյա Բակունցը Չարենցի նման կամավորագրվում է, մասնակցում Էրզրումի, Կարսի կռիվներին, հետո նաև Սարդարապատի ճակատամարտին։

    Բակունցը ծանր ողբերգություն է ապրում իր տեսածից։ Այդ օրերի տպավորություններով է գրում «Աղոթք», «Անտառում» ստեղծագործությունները։

 Ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում։

    25 տարեկանում Բակունցն ամուսնանում է Վարվառա Չիվիջյանի հետ։ Ծանոթացել էին Խարկովում ուսանելիս։ Նրանք ունենում են մեկ որդի՝ Սևադան։   

Բակունցի կինն ու որդին

Ժիրայր Մարտիրոսյան «Ակսել Բակունց»

Մեկ տարի անց մշտական բնակություն է հաստատում Երևանում, մտերմանում Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու հետ, դառնում «Նոյեմբեր» գրական խմբակի անդամ։

  1927 թ․ լույս է տեսնում Բակունցի  «Մթնաձոր» ժողովածուն, որտեղ պատկերում է հայրենի բնությունը, այդ բնությանը ձուլված մարդկանց, նրանց  հոգու գեղեցկությունը ու ցավերը։ Բակունցի ներկայացրած իրականության մեջ թախիծ ու լույս կա։

Հաջորդ ժողովածուն «Սև ցելերի սերմնացանն» էր (1933 թ.):

Բակունցը գրել է նաև մեծ կտավի գործեր՝ «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ:

Պահպանվել է Բակունցի կնոջ վկայությունը այն մասին, թե «Խաչատուր Աբովյան» վեպը նա ավարտել էր, բայց ձերբակալությունից հետո այն անհետանում է։

Բակունցը թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել Վարդան Այգեկցու «Աղվեսագիրք» հավաքածուն:

Դեռևս 30-ական թվականներից գրական հակառակորդները սկսել էին զրպարտել Բակունցին ու չարախոսել։ 1936 թ․ օգոստոսի 9-ին շատերի հետ  ձերբակալում են նաև Ակսել Բակունցին:

Բակունցի ձերբակալվելուց օրեր անց Նաիրի Զարյանը սարսափելի մեղադրանքներով հոդվածներ է սկսում տպագրել․ «Միթե պարզ չէ, որ Բակունցի մեջ խոսում է դաշնակցական խմբապետը, որը ձգտում է դեպի Մարութա բարձր սարը»։

Բակունցի «մահացու  մեղքերից»  մեկը հայրենազուրկ սասունցիների մասին պատմող «Ծիրանի փողը»  պատմվածքն էր։

Արժե իմանալ

Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Իոսիֆ Ստալինի ղեկավարման ժամանակ,  «սոցիալիզմի  թշնամի» պիտակավորելով՝ միլիոնավոր անմեղ մարդկանց գնդակահարել էին տալիս ու աքսորում։ Վտանգի տակ էին բոլոր նրանք, ովքեր ինքնուրույն մտածելակերպ ունեին ու կարող էին քննադատել «անսխալ» առաջնորդին։

 Ստալինյան անձի պաշտամունքի զոհ դարձան մեր ազգի պայծառ մտավորականները՝ Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Զաբել Եսայանը և ուրիշներ։ 

Էդուարդ Իսաբեկյան «Բակունցի դիմանկարը»

Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին՝ «հակահեղափոխական, ազգայնամոլական գործունեություն»: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են տանջանքների: Նա իրեն արդարացնող նամակներ է գրում ղեկավարությանը, բայց ջանքերը ապարդյուն են անցնում: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. «Ծա՜նր է, շա՜տ ծանր… Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…»։

Ու կարծես տասնամյակների միջից լսվում է նրա աղերսանքը․

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»։

Արժե իմանալ

Բակունցի «մահացու  մեղքերից»  մեկը հայրենազուրկ սասունցիների մասին պատմող «Ծիրանի փողը»  պատմվածքն էր։ Քիչ դեր չխաղաց նաև «Զանգեզուր» ֆիլմի սցենարը։

Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Արցախն ու Զանգեզուրը (Սյունիքը) նախատեսվում էր բռնակցել Ադրբեջանի «եղբայրական» Հանրապետությանը։ Զորավար Գարեգին Նժդեհի կազմակերպած հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։

Ստալինի հանձնարարությամբ Բակունցը պիտի ստեղծեր մի սցենար, որտեղ մեր ազգի զորավար Նժդեհը պիտի ներկայացվեր ծաղրական ու նվաստացված վիճակում ու ցույց տրվեր, թե ինչպես զանգեզուրցիները վռնդեցին նրան իրենց հայրենիքից։

Բակունցի սցենարն այդպիսին չէր, նա փորձում է խուսափել զորավարի կերպարն այդպես այլափոխելուց։ Բակունցի ձերբակալվելուց հետո ֆիլմի սցենարում լուրջ փոփոխություններ են անում, և ֆիլմը ստացվում է Ստալինի ուզածով։

Վարվառան մի քանի անգամ կարողանում է բանտում տեսակցության գնալ ամուսնուն։ Նա գրում է․ «Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը:

«Որդիս,- անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,- այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։

Բակունցը աքսորի հույս ուներ, սակայն դատական կարճ նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության: 

Ակսել Բակունցին գնդակահարում են 1937 թ․ հուլիսի 8-ին։ Բանտի խցի պատին նա թողել էր վերջին գրությունը․ «Այսօր տանում են գլուխս ուտելու»։

Այս ամենը քիչ համարելով՝ 8 տարով աքսորում են նաև Բակունցի կնոջը՝ Վարվառային (Նրա վերադարձի պատմությունը կարդա «Հետաքրքիր պատմություններ» բաժնում)

Բակունցը արդարացվում է 1955 թ․։

 

Արժե իմանալ

Գիշերվա կեսին Վարվառային ձերբակալում են և սպառնում երեխային որբանոց տանել, եթե Ակսելի եղբայր Վահանը չհամաձայնվի խնամել նրան (շատ ծանր ժամանակներ էին, մարդիկ վախենում էին գործ ունենալ անգամ «ժողովրդի թշնամիների» երեխաների հետ։ Բանտարկվելուց հետո Բակունցի ընտանիքը մեն-մենակ էր, լքված բոլորի կողմից)։ Վարվառան սրտի թրթիռով լսում է Վահանի դրական պատասխանը և որոշ չափով թեթևացած շարունակում իր տառապալից ուղին։ 

Փանոս Թերլեմեզյան «Բակունցի դիմանկարը»