Առաջին սեր և պատերազմ
1917 թ, երբ Ալեքսանդր Թևոսյան-Բակունցը 18 տարեկան էր, կամավորագրվում է, մեկնում ռազմաճակատ։
Մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին և մի շարք այլ կռիվների՝ որպես շարքային զինվոր: Նա, ազդվելով պատերազմի արհավիրքներից, նոթատետրում գրում է իր «Աղոթքը»։
«Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ…թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրել ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:
Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չէ՜, Տեր:
Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:
Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:
Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է…»։
Իսկ ո՞վ էր Հերդան։
Գաղտնիքը թաքնված է Ալեքսանդրի Ակսել անվանափոխվելու պատմության մեջ։ Բայց սկսենք սկզբից։
Գորիսի ակտիվ պատանիները թատերական ինքնագործ խմբակ էին բացել նորակառույց դպրոցի շենքում։ Ալեքսանդրը միանում է խմբին, մասնակցում ներկայացումներին, իսկ որոշ ժամանակ անց դառնում է խմբի ղեկավարը։ Բայց մինչ այդ ձեռքը դիտավորյալ վնասում է, որպեսզի վիրակապելու պատրվակով մտերմանա բարի ու գեղեցիկ մի աղջկա՝ Թագուհի Սաֆրազբեկյանի հետ։
Մի անգամ Բակունցի առաջարկով բեմադրում են Բ․ Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսը (1916), որի գլխավոր հերոսի՝ Ակսելի դերը խաղում է Ալեքսանդրը, իսկ նրա սիրած աղջկա՝ Հերդայի դերում Թագուհին էր։ Հենց այդ ժամանակ էլ Ալեքսանդրը որոշում է իրեն Ակսել կոչել։
Հետո նրանց ճանապարհները բաժանվում են, մնում է առաջին սիրո պայծառ հուշը և Ակսել անունը։
Ըստ Բակունցի ընկերոջ՝ Վաղարշակի Հովակիմյանի և Թագուհի Սաֆրազբեկյանի հուշերի։