Ստեղծագործություններ
Սևակի ձեռագիրը
Անլռելի զանգակատուն
Սևակի ձեռագիրը
Անլռելի զանգակատուն
Սևակի ձեռագիրը

Պարույր Սևակ բանաստեղծին ճիշտ հասկանալու համար պետք է օգնություն կանչենք Պարույր Սևակ գրականագետին, որն իր հոդվածներում բանաստեղծներից (առաջին հերթին՝ իրենից) պահանջում է անկեղծ լինել, ժամանակի զարկերակը բռնել ու դրան համահունչ «բաբախել»։

Իսկ ինչպիսի՞ն էր ժամանակը՝ ըստ Սևակի։ 

«Խորալներ* են ղողանջում մեր հոգում, իսկ մեզ ուզում են հաճույք պատճառել ճաշարանային նվագախմբով. ռեքվիեմների* կարիքն է մեզ տանջում, իսկ մեզ խորհուրդ են տալիս գնալ պարային հրապարակ. սիմֆոնիաների են ծարավ մեր ականջները, իսկ մեր նույն ականջները քաշում են հենց այդ պատճառով և ականջներից քաշելով՝ ստիպում են լսել հովվական այն շվին, որ ընդամենը երկու ծակ ունի՝ մեկի անունը «Հույզ», մյուսի մականունը՝ «Սիրտ»:

Արի միասին մտածենք Սևակի մտքերի շուրջ։ Նա այս ամենը գրել է տասնյակ տարիներ առաջ, բայց այժմ այս խնդիրը առավել քան արդիական է, որովհետև սոցցանցային իրականությունը մեզ հետզհետե ավելի մակերեսային ու անուշադիր է դարձնում։

 

*խորալ - եկեղեցական բազմաձայն երգեցողություն

*ռեքվիեմ - երաժշտական ստեղծագործության տեսակ է, որը գրվում է սգո արարողությունների համար (Օր․՝ Մոցարտի «Ռեքվիեմը»)։

Քննարկում

Ինչպիսի՞ սնունդ է պետք մեր ուղեղին ու հոգուն․ դյուրամարս, մի պահ հետաքրքրություն առաջացնող սերիալներ, բանաստեղծություններ ու երգե՞ր, թե՞ այնպիսի ստեղծագործություններ, որոնց առնչվելով ու հասկանալով մենք հոգեպես աճում ենք։

Սևակի գրությունը՝ ուղղված կաթողիկոս Վազգեն Առաջինին

«Ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն»,- գրում է Սևակը։

Ի՞նչ է թամադայությունը․ ասել բաներ, որոնք քեզանից սպասում են, շոյել ոմանց ինքնասիրությունը։ Այսինքն՝ լինել կանխատեսելի և հարմարվել մեծամասնության ճաշակին։

«Սիմֆոնիզմ և բազմաձայնություն՝ նույնիսկ 10-15 տողանոց բանաստեղծության մեջ»: 

Հետաքրքիր պահանջ է։  Նկատել ես երաժշտության ու պոեզիայի կապը։ Դրանք իրար հրաշալիորեն լրացնում են, բայց Սևակը կարծում է, որ բանաստեղծությունը պիտի նմանվի ոչ թե երգի, որտեղ երաժշտությունը հիմնականում կրկնվում է, այլ սիմֆոնիայի, բազմաձայնության, որտեղ անընդհատ նոր ու անսպասելի զարգացումներ են։

Բանաստեղծություն կարդալը արևածաղիկ ուտելով ժամանց չպիտի լինի, այլ կենտրոնացում պահանջող ինտելեկտուալ աշխատանք։ Այդպիսին է մեր ժամանակի պահանջը՝ ըստ Սևակի։ Եթե մարդկության ոտքը մինչև տիեզերք է հասնում, եթե քվանտային տեսություն է մարդը հեղինակում․․․ ուրեմն բանաստեղծությունն էլ պիտի համապատասխան մակարդակի լինի։

 

 

«Բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ` օտար մի ուժով պտտվող», - ասում է Սևակը։ Այսինքն՝ բանաստեղծը պիտի գրի ներքին անհաղթահարելի պահանջով, պիտի լինի անկեղծ իր խղճի ու ընթերցողի առջև։ Բանաստեղծին չեն կարող թեմաներ ու ասելիք պարտադրել։

Սևակ բանաստեղծը հասունացավ խորհրդային ժամանակներում, երբ ասելիքն ու ասելու ձևը բանաստեղծին պարտադրում էին, մի պահ Սևակն էլ է գնում այդ հոսանքով, բայց հետո գտնում է իր իսկական ճանապարհը։ «Անլռելի զանգակատուն» պոեմը, «Եղիցի լույս» ժողովածուն  և այլ ստեղծագործություններ սիմֆոնիզմի դրսևորման վառ օրինակներ են։

Արժե իմանալ

Սիմֆոնիզմի մի ուրիշ օրինակ տեսնենք՝ այս անգամ նկարչության մեջ։

Նկարիչ Մինաս Ավետիսյանը ևս Սևակի ժամանակակիցն է։ Նա նաև բեմանկարիչ էր և նկարազարդել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։

Ահա թե ինչ է նրա մասին գրում Արամ Խաչատրյանը․ «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ՝ նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»։

 

 

«Գայանե» բալետի Մինաս Ավետիսյանի նկարազարդումներից։

Արժե իմանալ

Սիմֆոնիզմի մի ուրիշ օրինակ տեսնենք՝ այս անգամ նկարչության մեջ։

Նկարիչ Մինաս Ավետիսյանը ևս Սևակի ժամանակակիցն է։ Նա նաև բեմանկարիչ էր և նկարազարդել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։

Ահա թե ինչ է նրա մասին գրում Արամ Խաչատրյանը․ «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ՝ նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»։

 

 

Սևակի բանաստեղծությունները հիմնականում հանգավորում չունեն (այդպիսի չափածո ստեղծագործություններն անվանում են «սպիտակ բանաստեղծություն»), բայց ունեն ներքին ռիթմ, որով էլ տարբերվում են արձակից։

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…

Սարգիս Մուրադյան «Սևակը»

Մարդկության խիղճը դարձած մեծերի մասին է նաև Սևակի «Վարք մեծաց» (մեծերի կյանքը) բանաստեղծությունը․

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.

Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

 

Ի՞նչ ենք հասկանում «ժամանակից առաջ ընկնել» ասելով։  Հանճարի ուժով մեծերը հայտնագործում, կռահում են բաներ, որոնք իրենց ժամանակակիցները ի վիճակի չեն ըմբռնելու։ Նրանց հայտնագործությունները հասկանում են դարեր հետո։ Եթե այդ հանճարները չլինեն, մարդկությունը կշարունակի դոփել նույն տեղում։ Նրանք առաջամարտիկներ են։ Այդպիսին էր այն առաջին անհայտ մարդը, որ որոշեց այլևս քարայրում չապրել, այդպիսին էին Արքիմեդը, Ջորդանո Բրունոն, Գալիլեյը ու շատ-շատերը։

 

Արժե իմանալ

«Վարք մեծաց» բանաստեղծության մեջ Սևակն ակնարկում է հին աշխարհի փիլիսոփա Դիոգենեսի մասին, որն արհամարհում էր քաղաքակրթության ստեղծած բարիքները  և ապրում էր  տակառում։  Ըստ ավանդազրույցի՝  մի օր նրան այցելում է Ալեքսանդր Մակեդոնացին և հարցնում է, թե ինչ կցանկանար։ Դիոգենեսը պատասխանում է․

-Մի կողմ քաշվիր, արևս մի՛ փակիր։

Մակեդոնացին շատ է տպավորվում՝ նրա ներքին ազատությունը տեսնելով, և հետագայում ասում է․

-Եթե ես Ալեքսանդրը չլինեի, կուզեի Դիոգենեսը լինել։

Դիոգենեսն ու Ալեքսանդր Մակեդոնացին

Արժե իմանալ

«Վարք մեծաց» բանաստեղծության մեջ Սևակն ակնարկում է հին աշխարհի փիլիսոփա Դիոգենեսի մասին, որն արհամարհում էր քաղաքակրթության ստեղծած բարիքները  և ապրում էր  տակառում։  Ըստ ավանդազրույցի՝  մի օր նրան այցելում է Ալեքսանդր Մակեդոնացին և հարցնում է, թե ինչ կցանկանար։ Դիոգենեսը պատասխանում է․

-Մի կողմ քաշվիր, արևս մի՛ փակիր։

Մակեդոնացին շատ է տպավորվում՝ նրա ներքին ազատությունը տեսնելով, և հետագայում ասում է․

-Եթե ես Ալեքսանդրը չլինեի, կուզեի Դիոգենեսը լինել։

«Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմում էլ այսպիսի տողեր կան, որոնք նաև իր՝ Սևակի մասին են 

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե հրաշք չկա՜,

Կա միայն կարի՛ք:

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,

Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...

 

Քննարկում

 Նշիր մեր պատմության այն դեմքերին, որոնք քո կարծիքով հենց այդպիսի անհրաժեշտությունից են ծնվել։

Սուրեն Սաֆարյան «Մեսրոպ Մաշտոց»

«Մարդը ափի մեջ» շարքում Սևակն  ափի մեջ է վերցնում մարդուն ու ասես մանրադիտակով  բոլոր կողմերից ուսումնասիրում է նրա ներաշխարհը։  Բանաստեղծութունների վերնագրերը բայեր ենsmiley՝ «Ծնվել եմ», «Խոստանում եմ», «Կարդում եմ», «Հպարտանում եմ»․․․․

Մտածե՞լ ես կյանքի նպատակի մասին, թե մեր ծնունդով ի՛նչն ենք ավելացնում կյանքում, ի՞նչ ենք տալիս բնությանն ու մարդկանց։ Ավելի շատ տալի՞ս ենք, թե՞ վերցնում։ Ահա այս հարցերին է պատասխանում Սևակը «Ծնվել եմ» գողտրիկ բանաստեղծության մեջ․

Ես ծնվել եմ նրա համար, 

Որ մոր սրտում կարոտ դառնամ 

Եվ սպասվող որդու նման 

Հեռուներից վերադառնամ. 

Ի՞նչն է ավելի սպասված, ավելի ցանկալի ու հուզիչ, քան մոր համար սիրելի որդու վերադարձը տեսնելը․

Ես ծնվել եմ նրա համար, 

Որ ցավածին մխիթարեմ. 

Ջահելների հարսանիքին 

Ձեռքիս գինի` զվարթ պարեմ. 

Անտարբեր չլինելը, ապրումակցելը, օգնելը շրջապատին, ուրիշի ուրախությամբ սրտանց ուրախանալը լավագույն հատկություններ են, որոնք ջերմացնում են երկուստեք, լուսավորում մարդկանց ուղին, չէ՞ որ մենք հանրային էակներ ենք և իրարով ենք երջանկանում։ Մեկուսացած մարդը երջանիկ չի լինում։ 

Եթե շուրջըս խավար լինի՝ 

Մարդկանց համար փայլատակեմ, 

Հասակով մեկ փռվեմ գետին` 

Վհատության ճամփան փակեմ... 

Սա արդեն մարդասիրության բարձրագույն աստիճանն է՝ հանուն լուսավոր նպատակի՝ զոհաբերման գնալու կարողությունը, որին քչերն են ունակ։ Մեծերի կյանքը հիմնականում հենց այդպիսին է․ նրանք արևի նման լուսավորում են շուրջբոլորը, մինչև որ ֆիզիկապես սպառվում են, իսկ հետո շարունակում են լուսարձակել իրենց ստեղծագործությունների էջերից։ 

 

Անլռելի զանգակատուն

պոեմը կարդացեք այստեղ

Սարգիս Մուրադյանը 1956 թ Մուսկվայում ներկայացնում է իր «Կոմիտաս վերջին գիշեր» կտավը։ Կոմիտասին մինչ այդ շատ էին նկարել, բայց Սարգիս Մուրադյանը նրան պատկերում է հայոց մեծ ողբերգության՝ եղեռնի ֆոնին, իսկ Խորհրդային Հայաստանում այդ մասին խոսելն արգելված էր, որ «բարեկամ» Թուրքիան չնեղանար։ Կտավում պատկերված է երեկոն, երբ թուրք զինվորները մտնում են Կոմիտասի տուն՝ նրան տանելու։

Պարույր Սևակը  ներկա էր ցուցահանդեսին։ Նրա վրա ոգեշնչող ազդեցություն է թողնում այդ ստեղծագործությունը։

Սարգիս Մուրադյան «Վերջին գիշեր»

«Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ, եթե կարելի է ասել, կոմիտասասիրությունից։ Գրել Կոմիտասի մասին, հավասարազոր է գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգ ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով ու ապագայով։... Իմ ողջ կյանքում ես մտքիս մեջ գրել եմ «Զանգակատունը», գրել եմ զանազան ձևերով. իբրև վեպ, իբրև վիպակ, իբրև ուսումնասիրություն, իբրև հոդվածների շարք, իբրև ողբերգություն կամ դրամա. ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի»,- մի առիթով ասել է Սևակը։

 

Սևադա Գրիգորյան «Անլռելի զանգակատուն»

Եվ մոսկովյան մի ցուրտ օր գարեջրատանը Սևակը հանկարծ լսում է կոմիտասյան երգը ու նույն պահին հասկանում է, թե ինչպիսին պիտի լինի նոր ստեղծագործությունը․ այն պետք է կառուցված լիներ այնպես, ինչպես երաժշտական ստեղծագործութունը․ «Ինձ համար ամեն ինչ պարզվեց մի վայրկյանում․․․.  շարադրել Կոմիտասի ողջ կյանքը՝ ըստ նրա համապատասխան երգերի. եթե որբ է, «Անտունի», եթե պանդուխտ է, «Կռունկ», եթե սիրո մասին է, «Սոնա յար»։

 

 

Սարգիս Մուրադյան «Անտունի»

Սևակը պոեմը բաժանում է 6 գլխի, որոնք անվանում է ՀԱՄԱԶԱՆԳԵՐ, դրանք էլ բաժանում է ՂՈՂԱՆՋՆԵՐԻ։ «Մեծ Կոմիտասի ոգեղենացած կերպարն ստեղծելու համար Սևակը նրա դիմանկարը ուղղակի կամ անուղղակի քանդակել է 46 անգամ՝ քառասունվեց ղողանջներից յուրաքանչյուրում տարբե՛ր կողմից, քայլ առ քայլ բացելով նրա հոգու ծալքերը․․․», - գրում է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

Փանոս Թերլեմեզյան «Կոմիտաս»

Սկսենք ընթերցումը․

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-

         Դժվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...

Անշուշտ կռահեցիր, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Այո, նույն թվականին ծնվել է նաև Կոմիտասը։ Ավելին, նույն թվականին են ծնվել նաև արևմտահայ բանաստեղծներ Երվանդ Օտյանն ու Լևոն Շանթը։

Իսկապես բեղուն տարի․․․

Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝ 

Անատոլուի խավար խորքերում 

Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ․․․

Սուրեն Սաֆարյան «Կոմիտաս»

Սողոմոնը (նա հետագայում է ստացել Կոմիտաս անունը) անցնում է որբության դաժան ճանապարհով․ մեկ տարեկանում մահանում է մայրը, 11 տարեկանում՝  նաև հայրը։  Բայց «Հույսի ղողանջը» բարի մարդկանց օգնությամբ նրա՝  էջմիածնում հայտնվելն էր․ զրնգուն, անուշ ձայնով  տղային Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու հնարավորություն է տրվում։

Եվ երգում է Սողոմոնը կաթողիկոսի համար․․․ թուրքերեն։ Հրեշտակային ձայնով տղան հայերեն երգ չգիտեր․․․

 Կաթողիկոսը մռայլվում է, զայրանում, բայց երգի կախարդանքը հաղթում է։ 

 

․․․Թվաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում, 

Թվաց՝ երկինքն է կապույտ ծիծաղում, 

Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց, 

Թվաց, թե մի հին երդում կատարվեց... 

Կաթողիկոսը մի պահ մոռացավ, 

Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, 

Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում․․․

․․․

Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց. 

         -Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ... 

         Ու ձայնը մարեց:

Լևոն Կոջոյան «Գարուն»

Սողոմոնը սկսում է անհագ կրթվել, ուսումնասիրում է մեր հին մատենագրությունը, համակվում մեր հնագույն խազերը վերածնելու երազանքով։ 

Բայց շուտով բնությունը դուրս է կանչում երիտասարդին իր խցից, իսկ դրսում երգն էր․ ամենուր սիրուն աղջկա, հողը մշակող գյուղացու շուրթերին, արևի ու անձրևի մեջ։ 

Սևակը վերապրում, վերստեղծում է ժողովրդի շուրթերին երգի ծննյան պահը, ապա՝ Կոմիտասի տեսածն ու ապրածը․․․

Օրինակ՝ ինչպես է ծնվել «Հով արեք» երգը։ Պատկերացրու տոթ, կիզիչ ամառ, առավոտ ծեգից աշխատող հնձվորին, որը, կեսօրվա տապին հոգնածությանն ու տապին չդիմանալով, աղոթքի պես հնչեցնում է նոր ծնված երգը․

Անշարժանում են լճեր ու լճակ, 

Դառնում են կարծես կապույտ ապակի, 

Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրե, 

Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում. 

-Հո՜վ արեք, սարեր... 

         Սարերը սակայն 

Հովը պահում են հոտերի համար և սարվորների, 

Որ գյուղը թողած՝ սար են բարձրանում: 

Պղնձի նման հողն է կարծրանում,

         Ու երգն էլ հիմա 

         Աղոթքի նման

         Երկինք է թռչում, 

         Ամպերին կառչում. 

-Մի քիչ զո՜վ արեք... 

 

Եղիշե Թադևոսյան «Երաժշտագետ Կոմիտասը»

Հետո աշուն է գալիս, գյուղացին իր ստեղծած բարիքները հավաքում է ու լցնում մառանները, պատրաստվում է հարսանիքի, կնունքի, ծնունդի․․․ Ու կրկին նրա շուրթերին երգեր են ծնվում, այս անգամ «Էս լուսնակ գիշեր», «Երկինքն ամպել է»․․․ Կարծես շինականի ընկերն ու երրորդ ձեռքը լինի երգը․ օգնում է, ընկերություն անում, հուսադրում։

Ու այս ամենին լուռ ու ոգեշնչված, աննկատ հետևում է Կոմիտասը․

Եվ ահա՛, 

         Այստե՜ղ - 

Երկինքն ամպել է... 

         Եվ ահա՛, 

         Այնտե՜ղ - 

Էս լուսնակ գիշեր... 

         Եվ ահա՛ -

         Այսպե՜ս՝ 

Միշտ նա է ներկա, 

                  Նա՛ ՝ 

Շինականի հար հավատարիմ, 

         Հավետ անբաժան 

         Մեծ օգնականը. 

                  Նա՛ ՝ 

Շինականի համկալ-ընկերը, 

         Հոտաղ-մշակը 

         Ու... երրորդ ձեռքը. 

                  Նա՛ ՝ 

         Ինքը... ե՜րգը:

Ռոբերտ Ավետիսյան «Հայրենի երգեր»

Եթե մենք ունեինք մեր երգը, Կոմիտասի դերը միայն գրի առնե՞լն էր։

Ո՛չ։ Կոմիտասը (ինչպես  ժամանակին Մաշտոցը՝ տառերի դեպքում) զտում էր այդ երգերից օտար ազդեցությունները, մաքրում ու նորից կատարյալ վիճակում վերադարձնում մեզ ու աշխարհին։

Այն ժամանակ էլ, մերը չճանաչելով, նաև օտար մեղեդիներով էր հայ մարդն իր զգացմունքներն արտահայտում․

Մեր խելքն էր մեզնից խռովել. 

Մոռացած Կալերգ, Հորովել, 

Մոռացած խաղիկ, զվարթ տաղ՝ 

Նեյնիմ-ով ու Բեյթ-ով էինք 

Շատերս մեր հոգին պարպում.

Թողած մեր գինին անխարդախ՝ 

Օտարի շերբեթ-ով էինք 

         Մեզ խաբում 

         Եվ ոչ թե հարբում: 

 

Քննարկում

Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞  մեղեդիներ ենք մենք հիմնականում լսում հեռուստատեսությամբ, խնջույքների ժամանակ, հանրային այլ վայրերում։ Դա ինչպե՞ս է ազդում մեր հոգեկերտվածքի վրա։

Միքայել Հարությունյան «Կոմիտաս, կաքավիկ»

Կոմիտաս վարդապետը մեկնում է Գերմանիա ուսումնառության։ Եվ այնտեղ էլ տեղի է ունենում հրաշքը։ Մաքրագործված հայ երգը Կոմիտասի կատարմամբ հնչում է աշխարհի մեծ բեմերում և բացահայտում դառնում  երաժիշտների համար։ 

Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր

            Այնտեղ էլ նա էր,

Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝

            Այնտեղ էր երգը:

Աշխարհը ցնցած Կոմիտաս վարդապետը վերադառնում է Հայաստան, իսկ այստեղ նախանձ ու խավարամիտ մարդիկ նրան թույնով ու թշնամանքով են ընդունում․

       Կարկին-քանոնով, 

        Կարգ ու կանոնով

Արտակարգի դեմ գրոհ էր տալիս 

Նույն ինքը... Նորին Միջակությունը:

Հովհաննես Զարդարյան «Կոմիտաս»

Կոմիտասի հաջորդ հաղթարշավը Պոլսում էր։ Նա կազմում է  300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբն ու հանդես գալիս համերգներով։ Եվրոպան գրաված երաժիշտը  Ասիան էր նվաճում․

Հիմա թերևըս նա զուր էր ուզում 

Պոլսում բաց անել երաժշտանոց. 

Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ, 

Հազարի նման մի հայ վարդապետ, 

         Մի մարդ էր,

Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա, 

         Մի մարդ էր, 

Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝ 

         Երգիչ, նվագող, 

         Խաղեր հավաքող, 

         Որքան խմբավար՝ 

         Նույնքան ուսուցիչ, 

         Որքան հնագետ՝ 

Մեռած խաղերի գաղտնիքը լուծող, 

         Նույնքան պատմաբան՝ 

Դարավոր երգի մայրուղին գծող. 

Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ, 

Որի քրտինքի ամեն մի կաթիլ 

Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ․․․

Երվանդ Քոչար «Կոմիտաս»

Բայց եկավ 1915 թ․  արյունոտ գարունը։ Թուրքերը ամբողջ  թափով սկսեցին իրականացնել մի ամբողջ ժողովրդի վերացնելու զարհուրելի ծրագիրը։

Ու երգը պիտի սառեր հանճարեղ երգահանի շուրթերին։ Ու նրա զգայուն հոգին ու միտքը չպիտի կարողանային մարսել տեսածն ու զգացածը․․․

Կոմիտասը խելագարվում է։ Նա 20 տարի ապրում է փարիզյան հոգեբուժարաններից մեկում։ Մահից հետո նրա մարմինը բերում են վերածնվող Հայաստան։ Պոեմն ավարտվում է Կոմիտասի կյանքի, գործի արժևորմամբ․

      Դո՜ւ - Վարդապե՞տ:

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի․․․

․․․Դու՝ բիբլիական մի գավազան,

Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.

Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

             Մեր տաղի քուրմ,

             Մեր խաղի մոգ,

Մեր մշտահունչ ու մշտարթուն,

Անլռելի զանգակատո՜ւն...

Արժե իմանալ

Կան մասնագետներ, որոնք կասկածի տակ են դնում Կոմիտասի անդարձ խելագարվելու մասին տեղեկությունը։ Նրանք Կոմիտասին հոգեբուժարանում պահելու մեջ տեսնում են կանխամտածվածություն, որովհետև Եվրոպայում հայտնի երաժիշտը ցեղասպանության մասին շատ բան կարող էր պատմել։ Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ երկար ժամանակ ընդունված էր համարել, որ Կոմիտասի մահվան պատճառը հոգեկան հիվանդությունն էր, բայց փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա մահվան պատճառը ոտքի վնասվածքն էր (կոպիտ ոտնամանը վնասել է ոտքի մաշկը, որի հետևանքով արյան վարակ էր առաջացել)։ 

«Կոմիտաս․ ապրիլ 1915 թ․»

նկարիչ՝ Սարգիս Մուրադյան

 

Արժե իմանալ

Կան մասնագետներ, որոնք կասկածի տակ են դնում Կոմիտասի անդարձ խելագարվելու մասին տեղեկությունը։ Նրանք Կոմիտասին հոգեբուժարանում պահելու մեջ տեսնում են կանխամտածվածություն, որովհետև Եվրոպայում հայտնի երաժիշտը ցեղասպանության մասին շատ բան կարող էր պատմել։ Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ երկար ժամանակ ընդունված էր համարել, որ Կոմիտասի մահվան պատճառը հոգեկան հիվանդությունն էր, բայց փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա մահվան պատճառը ոտքի վնասվածքն էր (կոպիտ ոտնամանը վնասել է ոտքի մաշկը, որի հետևանքով արյան վարակ էր առաջացել)։ 

Ոմանք այնպիսի տպավորություն ունեն, թե «Անլռելի զանգակատունը» եղեռնի մասին է։ Դպրոցում էլ անգիր էին հանձնարարվում եղեռնի նկարագրության ծանր հատվածները։

Սակայն այն մեր մեծ հարստության՝ Կոմիտասի կյանքի ու գործի գեղարվեստական վերլուծությունն է՝ ժամանակի ողբերգական իրադարձությունների ֆոնին։

Այն հանճարի ծննդի ու անմահության, երգի արարման, հայ մարդու տեսակի ու ճակատագրի մասին կոթողային ստեղծագործություն է։