Հայրենները քառատող ստեղծագործություններ են, որոնք արտահայտում են ամփոփ իմաստ, համարձակ են, սրամիտ, ունեն զգացմունքային մեծ լիցք։
Սովորաբար կազմված են լինում 15-վանկանի չորս տողից կամ 7 և 8-վանկանի կիսատողերից:
Հայրենները հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով քառյակներ են, նրանց ընդհանուր թիվը հասնում է մոտ 500-ի։Կոչվում են նաև անտունիներ։
Հայրենների լեզուն պարզ է, հյութեղ, անկեղծ։ Չնայած միջնադարյան արգելքներին՝ հայրեններում ներկայացվում է մարդկային զգացմունքների գունապնակը, սիրո պարգևած հույզերն ու երջանկությունը։ «Քուչակի հայրեններում արտահայտվել է վերածննդի դարաշրջանի գլխավոր գիծը՝ կյանքի լիարժեքության զգացում, աշխարհի գեղեցկության զգացողություն»,- գրում է գրականագետ Լևոն Մկրտչյանը։
Միջնադարում սերն ունայնություն էր համարվում, իսկ Քուչակի համար սերը կյանքն է։
***
Այս հայրենում սիրո զգացումն այնքան անսահման է, որ թվում է, թե սերը ծնունդ է առել երգչի սրտից ու ապա տարածվել է ամբողջ աշխարհում․
Երբ սերն ի աշխարհս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա իմ սրտես ի դուրս` հերկրե հերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ: