Պատմավեպը կարող ես լսել այստեղ
Իր փնտրած հայրենանվեր հերոսին ներկայում չգտնելով (հիշում ես, չէ՞, «Առաքյալը», «Նոյի ագռավը»)՝ Մուրացանը ուղևորվում է անցյալ։ Նա ընտրում է 10-րդ դարի Բագրատունյաց թագավորության շրջանը։
Պատմավեպը կարող ես լսել այստեղ
Իր փնտրած հայրենանվեր հերոսին ներկայում չգտնելով (հիշում ես, չէ՞, «Առաքյալը», «Նոյի ագռավը»)՝ Մուրացանը ուղևորվում է անցյալ։ Նա ընտրում է 10-րդ դարի Բագրատունյաց թագավորության շրջանը։
Պատմավեպի հիմքը պատմությունն է, բայց հերոսներ կերտելիս վիպասանը կարող է փոքր-ինչ շեղվել պատմական փաստերից և ստեղծագործաբար մոտենալ։ Մուրացանը այդպես է վարվել։ Նա վեպի նյութ է դարձրել Հովհ․ Դրասխանակերտցու գրքում տեղ գտած այն փաստը, որ Աշոտ Երկաթի իշխանության ժամանակ, երբ արաբները պատրաստվում էին վերջին հարվածը տալ, Գևորգ անունով մի իշխան քսան զինվորներով կռվում է արաբ զորավար Բեշիրի դեմ և վտարում մեր երկրից:
Պատմավեպի հիմքը պատմությունն է, բայց հերոսներ կերտելիս վիպասանը կարող է փոքր-ինչ շեղվել պատմական փաստերից և ստեղծագործաբար մոտենալ։ Մուրացանը այդպես է վարվել։ Նա վեպի նյութ է դարձրել Հովհ․ Դրասխանակերտցու գրքում տեղ գտած այն փաստը, որ Աշոտ Երկաթի իշխանության ժամանակ, երբ արաբները պատրաստվում էին վերջին հարվածը տալ, Գևորգ անունով մի իշխան քսան զինվորներով կռվում է արաբ զորավար Բեշիրի դեմ և վտարում մեր երկրից:
Մուրացանի համար իբրև աղբյուր ծառայել են 10-րդ դ. պատմիչներ Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմություն հայոց» և Թովմա Արծրունու «Պատմություն տանն Արծրունյաց» գրքերը:
Մուրացանը իր ժամանակակիցներին ոգեշնչելու համար ուզում էր ցույց տալ, որ «Մի ձեռքը ծափ կտա», «Մի ծաղկով գարուն կգա»։ Այսինքն՝ անհատը եթե անգամ չունի մեծ հնարավորություններ, կարող է շատ բան փոխել։ Նա այս գաղափարը գործով ապացուցող հերոս է դարձնում Գևորգ Մարզպետունուն։ Մուրացանը Մարզպետունու դերը մեծացնելու համար մեր իսկապես երկաթյա կամքով արքային թախծոտ ու ընկճված է ներկայացնում։
Աշոտ Երկաթը (914-928), ասպարեզ գալով ծանրագույն պայմաններում, 15 տարի պայքարում է հայոց նվաճված թագավորությունը վերականգնելու համար։ Նրան պատմիչներն անվանել են «քաջապինդ արիություն», «անհնարին քաջություն» ունեցող գործիչ։ Աշոտ Երկաթի ֆիզիկական ուժի մասին հիացական խոսքեր են գրել բյուզանդացի պատմիչները։ Նրա մարտերը ռազմավարական տաղանդի փայլուն դրսևորումներ են։ Աշոտ Երկաթը նաև լավ դիվանագետ էր։
Իրականում արքան Սևանա կղզի է գնում ոչ թե ընկճվածությունից, այլ ամրանում է այնտեղ՝ վճռական կռիվ տալու։
Նա հեռանում է կյանքից հաղթանակած՝ իր հաջորդներին ժառանգելով շահնշահի տիտղոս, որը մինչ այդ մեր արքաները չունեին։ Աշոտ Երկաթի պայքարի շնորհիվ հետագայում հարաբերական խաղաղություն է հաստատվում մեր երկրում։
Հիմա տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ է ներկայացվում «Գևորգ Մարզպետունի» վեպում։
Ռաֆայել Ներսիսյան «Աշոտ Երկաթ»։ Հետևի ֆոնին Սևանավանքն է։
Աշոտ Երկաթի թագավորության շրջանն էր։ Երկիրը ոտնակոխ էին անում արաբները (հագարացիները), ապստամբել էին Գարդմանի իշխան Սահակ Սևադան և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։
Հովհաննես կաթողիկոսը արաբների հարձակումներից վախեցած տեղից տեղ էր փախչում։
Անցյալում քաջություններով Երկաթ մականունը վաստակած արքան ընկճված էր ու գործելու անընդունակ։
Իրավիճակը փրկելու համար գործի է անցնում Գևորգ Մարզպետունի իշխանը։ Նա հերթով այցելում է պետության համար բախտորոշ դեր կատարող մարդկանց, փորձում միավորել հայրենիքի փրկության գաղափարի շուրջ։
Նշված են երկրի ճակատագրի համար պատասխանատու մարդկանց անունները։ Նրանց առաջնորդում են անձնական զգացումները՝ վիրավորանքը, մեղքի զգացումը, վրեժի ցանկությունը, վախը։ Մարզպետունին փորձում է կենտրոն՝ պետական մտածողության դաշտ բերել։
Մարզպետունին նախ այցելում է Սահակ Սևադային՝ արքայի աներոջը։ Սևադան վեպի դրամատիկ կերպարներից է: Նա քաջ ու հայրենասեր է, բազմաթիվ անգամներ պայքարել է հայրենիքի ազատության համար, սակայն հանգամանքները ստիպում են երբեմնի հզոր իշխանին` դուրս գալու հայրենիքի դեմ: Աշոտ Երկաթը Սևադային և նրա որդուն ապստամբելու պատճառով կուրացրել էր, և Սևադան վրեժի էր ձգտում։ Նրա հոգում պայքարում են երկու իրարամերժ զգացմունքներ` սերը հայրենիքի նկատմամբ և վրեժխնդրությունը: Բայց Մարզպետունին կարողանում է նրան համոզել, որ հետ կանգնի երկիրը կործանման տանող քայլից։ Սահակ Սևադան, խեղդելով իր մեջ խոր վիրավորանքը, Գևորգ Մարզպետունուն ասում է. «Ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ»: Նա խոստանում է Ցլիկ Ամրամի համաձայնության դեպքում հետ կանգնել ապստամբությունից:
Մարզպետունին հաջորդը այցելում է Ցլիկ Ամրամին։ Նրա սիրտն էր վիրավոր․ Աշոտ Երկաթը սիրային կապ ուներ նրա կնոջ հետ։ Ամրամը չի լսում Մարզպետունու խնդրանքները՝ հնչեցնելով իր «Կույր աչքը կների, կույր սիրտը չի ների» նշանավոր ասույթը։
Աշոտ Երկաթը պարտվում է Ցլիկ Ամրամի զորքից և առանձնանում Սևանա կղզում՝ ձգտելով մեկուսանալ պետական գործերից։ Այս ընթացքում Մարզպետունին Գեղի ամրոցի մոտ (Կաքավաբերդ) 19 քաջով անհավանական հաղթանակ է տանում արաբ ոստիկան Բեշիրի դեմ։
Կաքավաբերդի կամ Գեղի ամրոց։ Գտնվում է Արարատի մարզում։ Այստեղ Գևորգ Մարզպետունին 924 թ․ պարտության է մատնում արաբ զորավար Բեշիրին։
Նույն անունով ամրոց է եղել նաև Սյունիքում, որի մասին հիշատակում է Ակսել Բակունցը «Ալպիական մանուշակ» պատմվածքում։
Բեշիրը հարձակվում է Սևանա կղզու վրա։ Աշոտ Երկաթը Սևանա նշանավոր ճակատամարտում ցույց է տալիս իր զորավարական տաղանդն ու փայլուն հաղթանակ տանում, բայց վիրավորվում է թունավոր նետով և որոշ ժամանակ անց մահանում։
Մարզպետունին մինչև կյանքի վերջ շարունակում է պաշտպանել հայրենի սահմանները։ Ազատագրվում է Դվինը, երկիրը սկսում է ազատ շնչել։
Նա մատնանշում է հայրենիքի հզորության երեք հիմքերը՝ միություն, անձնազոհություն, ընտանիք։
Գևորգ Մարզպետունին Մուրացանի իդեալական հերոսն է, որի համար հայրենիքից վեր ոչինչ չկա, մյուս հերոսները սովորական մարդիկ են։ Մարդկային բնական զգացումների տեսակետից կարելի է հասկանալ ու կարեկցել թե՛ Աշոտ Երկաթին, թե՛ կաթողիկոսին ու մյուսներին, բայց Մուրացանը ցույց է տալիս, որ հասարակ մարդկանց թուլությունները անթույլատրելի են պետության ղեկավարի համար։ Չէ՞ որ նրա սխալ քայլերից կարող է կործանվել պետությունը։
Գրականագիտական կարծիք կա, որ վեպում ոչ բացահայտ, բայց արտացոլվել է նաև Մուրացանի անձնական ողբերգությունը՝ կնոջ դավաճանությունը (այդ մասին կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում)։ Գրողի ապրումները մասամբ արտացոլված են Սահականույշ թագուհու և Ցլիկ Ամրամի կերպարներում, նրանց որոշ խոսքեր հիշեցնում են Մուրացանի սիրային նամակները։
Վեպի ճակատագիրը – Վեպը Մուրացանի կենդանության օրոք տպագրվում է մաս-մաս, ամբողջական հրապարակելու պատրաստ ձեռագրերը 1906 թ․ Շուշիի հայ-թուրքական բախումների ժամանակ Մուրացանի տան հետ այրվում են։
(Հասարակաց՝ այստեղ նշանակում է «հասարակության»)
«Ռուզան» պատմական դրամայի բեմադրությունը ճանաչում է բերում Մուրացանին։ Այդ ժամանակ մի ուշագրավ դեպք է տեղի ունենում։ Մի քանի հայ մեծահարուստներ խոստանում են նրան ուղարկել արտասահման՝ կրթությունը շարունակելու, բայց շուտով մոռանում են իրենց խոստումը: Ահա ինքնակենսագրական այս դրվագն է ընկած «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի հիմքում, սակայն ի տարբերություն իր հերոսի՝ Մուրացանը շարունակում է հաշվապահությամբ զբաղվել և ապահովել իր ընտանքի նյութական կարիքները։
Պատմվածքը 17-ամյա Գևորգի մասին է, որն ապրում է իր մայրիկի հետ, ինքը փականագործությամբ է զբաղվում, մայրն էլ լվացք է անում հարուստների համար։ Գևորգի երազանքն է այնքան աշխատավարձ ստանալ, որ մայրն այլևս այդ ծանր աշխատանքով չզբաղվի։
Գևորգն ուներ հրաշալի ձայն և երբեմն իրենց բակում երգում ու սրինգ էր նվագում։ Այդպիսի մի երեկո նրա երգը լսում են հարևան առանձնատանը խնջույքի եկած մեծահարուստները և հրավիրում իրենց մոտ երգելու։ Հարբած հյուրերը հիանում են Գևորգի տաղանդով և որոշում են օգնել, որ նա կրթությունը Սանկտ Պետերբուրգում շարունակի։ Նրանք մի թուղթ են ստորագրում՝ նշելով նվիրաբերվող գումարը և Գևորգին խորհուրդ են տալիս թողնել փականագործի աշխատանքը։
Գևորգը ոգևորված թողնում է աշխատանքը, իրենց խնայած գումարով գեղեցիկ հագուստ է գնում, իսկ մեծահարուստները ուրանում են խոստումները։
Դու ի՞նչ կանեիր՝ լինելով Գևորգի տեղում։
Գևորգը նախկին աշխատավայր չի ուզում վերադառնալ, որովհետև սիրահարված էր գործատիրոջ աղջկան և վախենում էր նրա ծաղրին արժանանալուց։ Այլ աշխատանք էլ չի գտնում, որովհետև «Սոմարյանցի տանը նրան հասկացրել էին, թե ինքը մեծ մարդ է և այդ գիտեին յուր նոր բարեկամները․․․․»։
Լո՞ւրջ պատճառ է։ Գևորգը, որի երազանքը մի ժամանակ մորը ծանր աշխատանքից ազատելն էր, այժմ շարունակում է ապրել մոր լվացարարության հաշվին։
Պատմվածքն ավարտվում է Մուրացանի՝ հարուստներին ուղղված մեղադրական խոսքով։
Սովորաբար գրական երկի ասելիքը ընթերցողը պետք է հասկանա պատկերների, գործողությունների վերլուծությամբ։
Ի՞նչ ես կարծում, հեղինակային այսպիսի միջամտությունները օգնու՞մ են են ստեղծագործության ասելիքը ավելի լավ տեղ հասցնելուն, թե՞ դրանք նվազեցնում են ստեղծագործության գեղարվեստական արժեքը։
Կարող է թվալ, թե իր կյանքի նմանատիպ դրվագն այնքան էր Մուրացանին ցավեցրել, որ նա անհրաժեշտություն է զգացել այդ մասին ուղղակիորեն ասելու։ Գուցեև այդպես է, բայց սա այն խնդիրն է, որ եզակի չէ. թե՛ իր ժամանակին, թե՛ այսօր բազմաթիվ են մարդկային նման կործանարար հարաբերությունները:
Պատմվածքում Մուրացանը քննադատում է բարերար ներկայացող մեծահարուստներին, որոնք միայն ցուցադրական կողմն են ապահովում և չեն մտահոգվում, երբ իրենց «բեմադրության» հետևանքով մարդիկ են խորտակվում։
Բայց քննենք այս պատմությունը տարբեր կողմերից։ Չե՞ս կարծում, որ Գևորգը թույլ, կամազուրկ երիտասարդ էր։ Նա անմիջապես տարվում է շքեղ խոստումներով՝ հետագայում չկարողանալով վերադառնալ։
Կարդա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը, համեմատիր Անտոնիոյի և Գևորգի կերպարները։
Ստեղծված իրավիճակի համար ավելի շատ հարուստների՞ մեղքն ես տեսնում, թե՞ Գևորգի։
Բնավորության ի՞նչ հատկություններ պետք է ունենար Գևորգը նման ճակատագիր չունենալու համար։
Մուրացանին ցավ էին պատճառում քաղաքներում առկա բարոյալքությունը և գյուղերի տգիտությունը։
Քաղաքի ունևոր խավը վայրկենական հաճույքներին ու ցուցամոլությանն էր տրված, իսկ չքավոր խավն էլ դառնում էր նրանց զոհը («Հասարակաց որդեգիրը», «Հարուստները զվարճանում են»)։
Հայկական գյուղերի վիճակն էլ անմխիթար էր տգիտության ու աղքատության պատճառով։
Մուրացանն իրեն համարում էր տենդենցիոզ (միտումնավոր) գրող: «Չեմ աշխատել գրվածքներս ազատ պահել ժամանակակից ցավերին վերաբերյալ տենդենցիայից, թեպետ հավատացած եմ եղել, որ այդ տեսակ գրվածքների կյանքը կարճ է լինում: Ինձ ոգևորել է իմ ժամանակակից եղբայրներին պիտանի լինելու միտքը և ոչ թե անմահ գրողների շարքը անցնելու տենչանքը»,- խոստովանում է Մուրացանը:
Որպես ռոմանտիկ հեղինակ՝ Մուրացանը գյուղի փրկությունը որոնում էր անձնազոհ, կրթված անհատների՝ առաքյալների մեջ։
Մուրացանի՝ գյուղին նվիրված երեք գործերը համեմատելով՝ վերլուծենք՝ ուշադրություն դարձնելով ստեղծման տարեթվերին։
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԻԱՆՁՆՈՒՀԻ
Առաջինը «Խորհրդավոր միանձնուհի» ռոմանտիկ վիպակն է (1889 թ.)։ Այստեղ հայրենիքին նվիրված հերոսները՝ Աննան ու Գարեգինը, անտեսելով անձնական զգացմունքները, իրենց կյանքը նվիրում են վեհ նպատակի իրագործմանը։ Աննան, իր սիրած տղամարդու խորհրդին հետևելով, մեկնում է հեռավոր գյուղ ու կրթական աշխատանքով զբաղվում։
Այս ստեղծագործությամբ Մուրացանն ուզում էր ոգեշնչել, ուղղորդել երիտասարդներին՝ հետևելու Աննայի ու Գարեգինի օրինակին, բայց․․․ կարծես թե չի կարողանում համոզել։
Ինչո՞ւ։ Աննան գաղափարական կայուն հիմք չունի, նրան այդ քայլին ուղղորդում է Գարեգինը։ Չասեր Գարեգինը նրան գյուղ գնալու մասին, նա չէր գնա։ Սակայն անարդար չլինելու համար նկատենք, որ Աննան պատասխանատվությամբ ու նվիրումով է կատարում իր առաքելությունը: Չի վախենում ու չի փախչում դժվարություններից, ինչպես «Առաքյալը» վիպակի հերոս Պետրոս Կամսարյանը:
Գարեգինն էլ, մեր կարծիքով, գաղափար-հերոս է, Մուրացանին չի հաջողվել նրան այնպիսի շունչ հաղորդել, որ համոզիչ կերպար դառնա։
Անշուշտ, այստեղ էլ չպետք է մոռանանք, որ Մուրացանը հատուկ միտումով էր կերտում իր գաղափարական հերոսներին՝ ժամանակի երիտասարդությանը ոգեշնչելու համար: Նա հավատում էր, որ հայ հանրության մեջ կարող են լինել այսպիսի արժանավոր ու նվիրված զավակներ:
Վիպակում շատ են ռոմանտիկ, երկարաշունչ երկխոսությունները։
Կան հետաքրքիր մտքեր․
● Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։
● Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք կարդալու...
Կարդա վիպակը (այն հետաքրքրությամբ է ընթերցվում) ու արի կարծիքդ հայտնելու։
Քեզ տրամաբանակա՞ն է թվում Գարեգինի մերժումը Աննային։
ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ
10-ը տարի անց «Նոյի ագռավը» վիպակում Մուրացանը կրկին անդրադառնում է գյուղի և առաքյալի թեմային, բայց ավելի իրատեսական կերպարներ է կերտում։
Վիպակի վերնագիրը հասկանալու համար վերհիշենք աստվածաշնչյան պատմությունը։ Ջրհեղեղից հետո Նոյը ագռավին բաց է թողնում, որ հասկանա՝ ջրերը ցամաքե՞լ են, թե՞ ոչ։ Բայց ագռավը չի վերադառնում։ Հետո աղավնուն է ուղարկում, որն էլ երկրորդ թռիչքից հետո վերադառնում է՝ ձիթենու շիվը բերանին։
Վեդունց Սարգիսը, պարտքեր անելով, մեծ զոհողությունների գնով միակ որդուն սովորելու է ուղարկում, որպեսզի նոյան աղավնու պես ձիթենու շիվով վերադառնա գյուղ, լուսավորություն տարածի, հայրենի տունը շենացնի։ Փաստաբան դարձած որդին մոռանում է գյուղը, ծնողների հանդեպ պարտքը, ամուսնանում վրացուհու հետ և ապրում քաղաքում։ Այլ կերպ ասած՝ դառնում է Նոյի ագռավ։
Ծանո՞թ տեսարան է։
Դառնացած Սարգիսն էլ, իր քանդվող տունը տեսնելով, մյուս գյուղացիներին հորդորում է, որ իրենց որդիներին սովորելու չուղարկեն։ Հակառակ դեպքում հեշտ կյանքը տեսնելով՝ նրանք այլևս չեն վերադառնա։
Գյուղերից երիտասարդության հեռանալու, գյուղի դատարկվելու այս խնդիրը արդիական է նաև մեր ժամանակներում․
1․ Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել դա կանխելու համար և արդյոք պե՞տք է քայլեր ձեռնարկել։
Ինչպե՞ս կվարվեիր, եթե լինեիր Վանիի փոխարեն։
ա/ Կվերադառնայիր գյուղ և տեր կկանգնեիր հայրենի տանը, գյուղին ու գյուղացուն, կպաշտպանեիր նրանց իրավունքները, բայց որպես մասնագետ առաջխաղացման հնարավորություն չէիր ունենա։
բ/ Կվարվեիր Վանիի նման․ ամեն մարդ ունի իր կյանքն ու ճանապարհը։
գ/ Ծնողներիդ էլ կհամոզեիր, որ թողնեն գյուղը։
դ/ Այլ տարբերակ։
ԱՌԱՔՅԱԼԸ
«Խորհրդավոր միանձնուհի» վիպակից 13 տարի հետո Մուրացանը գյուղ է «գործուղում» ևս մեկ նվիրյալի՝ Պետրոս Կամսարյանին (Պետրոս անունն էլ պատահական չէ, հիշո՞ւմ ես, Քրիստոսի առաքյալներից մեկի անունն է)։
«Առաքյալը» վիպակը գրված է հյութեղ, տպավորիչ պատկերներով ու երգիծանքով։ Մուրացանի լավագույն գործերից է։
Հեղինակը, կոնկրետ իրավիճակի մեջ դնելով իր հերոսին, ցույց է տալիս նրա ներքին պայքարը, խոսքի ու գործի տարբերությունը։
Մոսկվայում իրավաբան դարձած Պետրոսը ինքնանվիրման վեհ ծրագրեր ունի․ ուզում է գնալ հայրենի գյուղերից մեկը և շենացնել այն։ Փայլուն ծրագիրը պատրաստ էր, մնում էր իրագործել։
Բայց խեղճ Պետրոսին ամենուր հետապնդում են գայթակղությունները՝ իրենց շքեղ ու հարմարավետ կյանքը, սիրած աղջկա՝ Ադելինայի հետ ամուսնանալու հեռանկարը․․․ Մայրը մի կողմից է ամռան հրաշալի պլան կազմել, հայրը՝ մյուս (ընթերցելիս ուշադրություն դարձրու, թե Մուրացանն ինչպես է թեթև հեգնանքով ներկայացնում այդ քաղքենի կնոջը, նրա ամուսնուն, ցուցամոլության և շահի վրա հիմնված նրանց մտածողությունը։ Նման մարդկանց այժմ էլ քո շրջապատում կգտնես)։
Կամսարյանի համար հեշտ չէ դիմակայելը, և կամքն ամրացնելու համար նա իր հուշատետրն էր թերթում և կրկին կարդում Աբովյանի «Վերք Հայաստանին»։
Ուղղությունը՝ Չիբուխլու - Կամսարյանի բախտը հենց ճանապարհից էլ չի բերում։ Նրան ուղեկցում է մի տգետ տիրացու, որի քրտինքի հոտին դիմանալն արդեն Կամսարյանի ուժերի մի մասը խլում է։ Շուտով երևում է Չիբուխլուն։ Կամսարյանը չի կողմնորոշվում՝ գյո՞ւղ է, թե՞ ավերակ։ Չկա բուսականություն, մարդ չի երևում, միայն գետնափոր տնակներ են ու աթարի դեզեր։
Գյուղացիներից մեկի տանը հյուրընկալվելիս Կամսարյանը դեռ մտածում էր գյուղին օգուտ տալու մասին, բայց մտքի թելը կտրվում է առաստաղից գլխին թափված հողի պատճառով․․․ Մաքրակենցաղ երիտասարդը ճաշելիս միայն խաշած ձու է կարողանում ուտել, որ անմաքուր թվացող ամանեղենից չօգտվի․․․
Այս մանրամասներից արդեն պարզ է դառնում, որ Կամսարյանի օրերը գյուղում հաշված են։ Նրա պատկերացումները դժվարություններին մասին հեռու էին իրականությունից, կամքն էլ թույլ էր։ Եվ Կամսարյանը հեռանում է գյուղից։ Նա հանգստացնում է խիղճը այն եզրակացությամբ, որ գյուղը ինչպիսին եղել է 23 դար առաջ՝ Քսենոփոնի ժամանակներում, այդպիսին էլ մնացել է, ու ոչ մի ուժ այն չի կարող փոխել։
Մուրացանը նուրբ հումորով ցույց է տալիս մեր գործիչների խոսքի ու գործի հակադրությունը, կտրվածությունն իրականությունից։ Նաև սեփական հարմարավետության, շահի գերակայությունը։
Մուրացանի պատկերացրած իդեալական հերոսը երջանկությունը գտնում էր բարիք գործելու, դրանով կյանքն իմաստավորելու մեջ։ Բայց իրական կյանքում նա չէր տեսնում նման մարդկանց, տեսնում էր հայրենասիրական ճառեր ասող, բայց գործից խուսափող մարդկանց («Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ»․ հիշո՞ւմ ես Խնկո-Ապոր «Մկների ժողովը»)։
Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ նպատակ դնես քո առջև, բայց ուժ չգտնես այն իրագործելու։ Մտածե՞լ ես՝ ինչպե՛ս կարելի է զարգացնել կամային հատկություններ։
Կապ ունե՞ս գյուղի հետ։ Ծանո՞թ են Կամսարյանի զզվելու, նեղվելու զգացումները, թե՞ քեզ ներդաշնակ ու երջանիկ ես զգում գյուղում։