Ստեղծագործություններ
Մաթևոսյանի ձեռագիրը
Կանաչ դաշտը
Աշնան արև
Մաթևոսյանի ձեռագիրը
Կանաչ դաշտը
Աշնան արև
Մաթևոսյանի ձեռագիրը

 «Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել»։

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյան յուրահատուկ գրելաոճ ունի։ Նրա գիրն ընթերցելիս անմիջապես կարելի է զգալ, որ նա է հեղինակը։ Ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովն ասել է, որ Հրանտ Մաթևոսյանը ունիկում է՝ որևէ տեղ նմանը չունեցող երևույթ։

Ինչո՞վ է Մաթևոսյանի գրվածքն առանձնանում։

Հրանտ Մաթևոսյանի արձակը խորն է, ծանրաշունչ ու դանդաղ, երբեմն կարիք է զգացվում կրկին կարդալ նախադասությունը՝ մտքի թելը չկորցնելու համար։ 

Այդ մասին նա գրել է․ «Երբեմն ինձ թվացել է, որ ես կարող եմ պատմել, թե ինչ է զգում քարը, երբ նրանից հեռանում է արևը, ինչ է մտածում միայնակ տանձենին... Եվ գրել այնպես, որ դա հետաքրքրի ոչ միայն ինձ, այլև էլի ինչ-որ մեկին: Ստացվեց դանդաղկոտ արձակ, այնքան դանդաղկոտ, որ այդ դանդաղկոտությունը սկսեց հակամարտել իմ սեփական խառնվածքի հետ․․․»։

Բայց դրա հետ մեկտեղ ոչ մի ավելորդ բառ, ասես քանդակված ստեղծագործություն, որը տարբեր երակներով, գծերով բերում ու ամբողջացնում է կյանքի  իրական պատկերը։

 

Հրանտ Մաթևոսյանի՝ Վահան Տերյանի մասին գրած սցենարի հայտից մի հատված։

Հրանտ Մաթևոսյանը զարմանալիորեն ներթափանցում է մարդու, կենդանու էության խորքերն ու ամեն բան ներկայացնում ներսից՝ նրանց աչքերով։ Այդպիսի ստեղծագործություններ են «Կանաչ դաշտը», «Գոմեշը», «Ալխոն» և այլն։

Հեքիաթների, մուլտֆիլմերի մեծ մասում կենդանիները ձեռք են բերում մարդկային հատկանիշներ։ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները այլ են․ «Կանաչ դաշտում» նա ոչ թե ձիուն է մարդացնում, այլ մտնում է ձիու կաշվի մեջ, որքանով որ դա հնարավոր է։ Այդ մասին գրում է․ «Գրել ոչ թե ձիու մասին, այլ ձիու ներսից, ոչ թե ծառի մասին, այլ ծառի ներսից»։

Մի անգամ էլ ասել է․ «Երբ գրում էի իմ Ալխոյին,ես ինքս Ալխո էի։ Հիմա էլ երբեմն ինձ թվում է ավելի շատ ձի եմ, քան թե մարդ»։

Զգացի՞ր որքան է գրողը խորասուզվել ձիու հոգեբանության մեջ։

 

Հենրիկ Սիրավյան «Հրանտ Մաթևոսյանը»

Հրանտ Մաթևոսյանի հերոսները բնակվում են հորինված Ծմակուտ գյուղում, որը շատ կողմերով հիշեցնում է նրա ծննդավայր Ահնիձորը։

«Հայրենակիցներս ինձ համարում են միջնորդ իրենց և մեծ աշխարհի միջև: Իսկ ես տեսնում եմ, որ իմ փոքրիկ գյուղը մեծ աշխարհի մի մասն է: Այնտեղ նույն խնդիրներն են, ինչ ամենուր: Ես համոզված եմ, որ Ծմակուտից «դուրս չգալով» կարելի է պատասխանել աշխարհի ամենացավոտ հարցերին...»։

Հրանտ Մաթևոսյանի ընկալմամբ գրողը որպես ՀԱՅՐ պետք է  ստեղծի նոր իրականություն«Թեպետ գրականությունը մեզ մոտ երկար տարիներ ստորացվել էր մինչև քաղաքականության ծառայի դերը, մենք պիտի կյանք մտնենք իբրև հայրեր, ասես ոչինչ չի եղել: Մենք պետք է այս քաոսից, հուսահատությունից, բեկորներից վերականգնենք աշխարհը, վերականգնենք էթիկան: Մեզ համար գրականությունն արդեն հայրություն է»:

Հենրիկ Սիրավյան «Հրանտ Մաթևոսյանն ու Վիլյամ Սարոյանը»

Հրանտ Մաթևոսյանը երկխոսության բացառիկ վարպետ է։ Նրա կառուցած երկխոսությունները թևավոր խոսքերի են վերածվել։

Նրա ստեղծագործություններում կարևորվում են մանրամասները։

Մաթևոսյանը մարդուն բնության հետ ամբողջականության մեջ է տեսնում, և բոլոր քայլերը մարդուն բնությունից առանձնացնելու համարում է ավերիչ։

Նրա հոր՝ Իգնատի կերպարը արտացոլվում է տարբեր ստեղծագործություններում Սիմոնի կերպարով, մոր՝ Արուսի  կերպարից տարրեր կան «Աշնան արև»-ի Աղունի մեջ։

Ռուս քննադատներից մեկը* Հրանտ Մաթևոսյանի արձակը համեմատել է Մինաս Ավետիսյանի գույների հետ․ «Ծմակուտը անմիջապես թափանցում է մեր գիտակցության մեջ իբրև Հողի կերպար։ Այդ հողի գույները բոցկլտում են կրակով, ինչպես գույնը կարող է բոցկլտալ միայն Հայաստանում․․․․ Դեղին արևածաղիկը, կարմիր գելխեղդ շունը, սև գոմեշը, կապույտ ծուխը, նարինջ զամբիկը վառ, խելահեղ հագեցած են, հագեցված են, այրում են աչքերդ։ Գույներն այդպես այրում են Հրանտ Մաթևոսյանի ժամանակակից Մինաս Ավետիսյանի կտավներում»։

*Իգոր Զոլոտուսկի «Տոհմի հավերժությունը»

Մինաս Ավետիսյան «Մենք այստեղ ապրել ենք»

Կանաչ դաշտը

 (լսիր այստեղ)

Այս ստեղծագործության ծննդի մասին Մաթևոսյանը գրել է․ ««Կանաչ դաշտը» տղայիս համար պատմեցի և պատմելու ժամանակ ինքս սարսռացի՝ տեսա շատ գեղեցիկ մի բան կա, որ պիտի անպայման գրել: Բայց երբ սկսեցի գրել, էն, ինչը որ պատմելիս ինձ հուշեց, որ ես սա անպայման պիտի գրվածք դարձնեմ, էդ չգտա: Ուրիշ բան, որ սիրուն է արված, և ընթերցողն արատը չի նկատում, ուրիշ բան, որ լավ է գրված և լուսապսակի բացակայությունը ոտքի վրա չես նկատում: Լավ է պատմված, լավ լեզու կա, որովհետև նաև լեզվի համար եմ այդպես արել, որովհետև երեխաների համար եմ արել և լեզու, ռիթմ եմ սովորեցնում: Սիրո արտահայտություն է նաև՝ երեխայիս համար էի պատմում, լավագույնն էի պատմում: Սակայն ինչ-որ բան կորավ: Ափսոս, որ կորավ․․․ Շատ լավ գործ է: Մի ավելորդ բառ, ավելորդ կապակցություն հնարավոր չէ գտնել:

– Հա, մի երկու մանկական գործ, կարելի է ասել, ստացվել է...»։

Այսպես համեստորեն է Մաթևոսյանը գնահատում իր հուզիչ  ու անմոռանալի պատմվածքը, որն ընթերցելուց ու հասկանալուց հետո անհնար է անտարբեր մնալ կենդանական աշխարհի ու բնության նկատմամբ, անհնար է  չապշել մայրական սիրո անհունությունից։

Մաթևոսյանը ոչ թե ձիուն կամ գայլին է մարդանման դարձնում, մարդկային հատկություններ հաղորդում, այլ փորձում է կենդանու կաշվի մեջ մտնել ու իրերին նայել նրա հայացքով, դա Մաթևոսյանն անվանում է հայացք ներսից։ 

Կանաչ դաշտում արածում է ծերացած ձին իր մեկ ամսական քուռակի հետ, և հանկարծ քուռակի վրա հարձակվում է քաղցած գայլը։ Կապված մայրը չի կարողանում օգնել իր ձագին։ Բայց երբ լսում է քուռակի ճիչը, հավաքում է իր բոլոր ուժերն ու կտրում պարանը․ «Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով,  կատաղությամբ ու ամբողջ սիրով։ Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպիսի թռիչքի պես չէր սլացել․․․»։

Մայր ձին ազատում է իր ձագին գայլի երախից ու իր վրա է ուղղում հարձակումը։ Ծանր, շատ ծանր պայքար են մղում մայր ձին ու մայր գայլը։ Երկուսն էլ մտածում են ողջ մնալու ու ձագերին տեր կանգնելու մասին։ Այն պահին, երբ մայր ձին արդեն հանձնվում էր, շները օգնության են հասնում։

Պատմվածքի ամենաազդեցիկ դրվագներից է մեռնող ձիու՝ իր քուռակին վերջին անգամ կերակրելու տեսարանը․ «Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով»:

Մաթևոսյանը իրականությունը ներկայացնում է տարբեր տեսանկյուններից, և  ընթերցողը լավ ու վատի, չար ու բարու բաժանման մեջ չի ընկալում եղելությունը, այլ պատճառահետևանքային կապերի մեջ։ Ձին մինչև վերջին շունչը կռվում էր գայլի դեմ, որ ապրի իր աստղազարդ քուռակը, գայլը մինչև վերջին շունչը պայքարում է իր ու իր ձագերի կյանքի համար։ 

Քննարկում

Կարո՞ղ ես պատմվածքը վերապատմել քուռակի տեսանկյունից։ Ինչպե՞ս է նա տեսնում իրականությունը։

Քննարկում

Իսկ դու երբ մարդկանց հետ խնդիրների ես բախվում, փորձո՞ւմ ես իրավիճակին նայել դիմացինի տեսանկյունից։

Աշնան արև

կարդա այստեղ

ֆիլմը դիտիր այստեղ

Հարցազրույցներից մեկի ժամանակ Մաթևոսյանին հարցնում են իր գրքերում հանդիպող ուժեղ կանանց մասին, որոնք ամբողջական բնավորություններ են՝ անգամ ենթարկված լինելով տղամարդուն։ Մաթևոսյանն ասում է․ «Ես որդին եմ բոլոր այդ կանանց: Եվ ես պարտք եմ նրանց: Տղամարդիկ կորցնում են իրենց, թուլանում են: Իսկ կանայք առաջվա պես ուժեղ են: Հավանաբար նրանց խաբեությամբ բերել են մեր աշխարհը ու նրանց փխրուն ուսերին դրել վիթխարի, անտանելի աշխատանք: Այդպիսի հերոսական բնավորությունները միայն իմ ստեղծագործություններում չեն․․․»։ 

Ինչի՞ մասին է «Աշնան արևը» վիպակը։

Ներկայացվում է Աղունի՝ դժվար կյանքով ապրած, մշտապես աշխարհի ու ինքն իր դեմ պայքարի մեջ մտած կնոջ կյանքի մեկ օրը։ Այդ օրվա մեջ լուծվում են կնոջ անցյալի հուշերը, և նրա մենախոսությունների միջոցով երևում են ամբողջ կյանքը, մտածողությունը, արժեքները։

Ինչո՞ւ «Աշնան արև»։

Վիպակը նախապես լույս տեսավ «Երկրի ջիղը» վերնագրով, հետո՝ «Աշնան արև»։

Աշնան արևը սպասված ու մեղմ է, բայց  բնության մայրամուտի՝ ձմռան մասին է հիշեցնում։ Աղունի կյանքն էլ հասել է այդ փուլին, երբ պետք է ի մի բերել ու իմաստավորել անցյալը։

 

Մի հետաքրքիր փաստ․ իր հոր՝ Իգնատի կերպարը Մաթևոսյանն արտացոլել է տարբեր ստեղծագործություններում Սիմոնի կերպարով, մոր՝ Արուսի  կերպարից տարրեր կան «Աշնան արև»-ի Աղունի մեջ։ Մի զուգահեռ էլ․ Արմենակն էլ մոր բանավոր պատմություններից օգտվելով է գրում իր լրագրողական նյութերը, ինչպես իր մասին պատմել է Հրանտ Մաթևոսյանը։

 

 

Աղունի հուշերից իմանում ենք, որ նրա մայրը մահացել էր, երբ աղջիկը երեք ամսական էր։ Խորթ մայրն ատում ու տանջում էր Աղունին, հայրը անտարբեր էր, միակ մխիթարությունը տատի գիրկն էր եղել։ Եվ ահա հարուստ ընտանիքում իրեն մերժված ծառա զգացող Աղունը (մի պահ Մոխրոտիկին է հիշեցնում, այնպես չէ՞, բայց Մոխրոտիկի բախտը բերել էր, որովհետև նա հասցրել էր մոր և հոր սերը զգալ) 16 տարեկանում ստիպված է լինում ամուսնանալ իրենց դուռը բացած ամենատգեղ, մեծագլուխ տղայի հետ, որի նկատմամբ միայն տհաճություն է զգում։ Իսկ խորթ մայրն ափսոսում է մի տաք ժակետ տալ ցրտին ոտքով ապագա ամուսնու գյուղ գնացող աղջկան․․․

Մաթևոսյանը մեզ այս մանրամասները տեսնելու հնարավորություն է տալիս, որպեսզի հասկանանք, թե որտեղից է գալիս Աղունի մշտական կռիվը ինքն իր ու աշխարհի դեմ։

Հետո Աղունի  կյանքն ավելի է բարդանում․ ամուսնու ընտանիքը ևս նրան շատ դառնություններ է պատճառում՝ ծեծ հղի վիճակում՝ մի կտոր ավելի ուտելու համար, անմարդկային պայմաններ և այլն։ 

Աղունը մանկուց հայտնվել է մի իրավիճակում, երբ աշխարհը թշնամի է։ Պայքարելը դառնում է ապրելու նպատակ, ու  հետո, երբ արդեն  հնարավորություն կա ընտանիքում խաղաղություն  և ջերմություն վայելելու, Աղունին հանգիստ չեն տալիս անցյալի դառնությունն ու վիրավորանքը։

Աղունն իրեն արժևորում է ըստ տնտեսական բարեկեցության։ Բայց զարմանալի բան։ Ինքն ու ամուսինը դժվարությամբ տուն են կառուցել, ունեն ամենը, ինչ երազել են, բայց երջանիկ կյանքը չկա ու չկա։ Նրանց երեխաները ևս տառապում են, ամեն կերպ աշխատում հեռանալ ծնողների ստեղծած լարված մթնոլորտից․ Արմենակը հեռացել է, դուստրը, որի անունը չի նշվում, փախել- ամուսնացել է՝ մոր դառը խոսքերին ի պատասխան, իսկ փոքր որդին էլ երազում է գյուղից հեռանալու մասին։

 

Քննարկում

Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է, որ Աղունի նման մարդը խաղաղվեր ու ապրեր հանգիստ և խաղաղ հոգով։ Եթե այո, ապա ո՞ր դեպքում։

 

Իսկ ինչպիսի՞ն էին հարաբերությունները ամուսնու՝ Սիմոնի հետ։

Սիմոնը Աղունի աչքին խեղճության ու միամտության մարմնացում է։ Կինը նրա նկատմամբ մեկ զզվանք, մեկ խղճահարություն ու ջերմություն է զգում։ Աղունը հաճախ է դառը հեգնանքով ամուսնուն ու նրա բարեկամներին «տեղը դնում»․ դա միակ հաճույքն է, որ կարողանում է ստանալ, իսկ ամուսինը ծեծում էր նրան դրա համար։

Աղունը մերթ զոհի վիճակում է հայտնվում, մերթ հալածողի։ Ներդաշնակ հարաբերություններ երբեք չեն ձևավորվում, բայց մարդիկ առանց իրար էլ, միևնույն է, չեն ուզում ապրել։ 

Եղել է պահ, երբ Սիմոնը ջերմություն ու մխիթարություն է գտել ուրիշ կնոջ գրկում, եղել է պահ, երբ որոշել է տնից վռնդել Աղունին (նույնիսկ որդու՝ Արմենակի հետ համաձայնության է եկել), բայց վերջին պահին Աղունը փոքր-ինչ ջերմություն է ցույց տվել, ու Սիմոնը զղջացել է։  

Այս զույգի փոփոխական տրամադրությունները Մաթևոսյանը մեծ վարպետությամբ արտացոլել է Աղունին Երևան ճանապարհելու տեսարանում։ 

Աղունը հարևանների մոտ հպարտանում է Արմենակի ընտանիքով, իսկ երբ Սիմոնի հետ մենակ է մնում, ափսոսանք է հայտնում, որ իրենց գյուղացի Սեդային իր Արմենակը չի նկատել ու ինչ իմանաս  ինչ անարժանի է ընտրել․․․

Մյուս հակասական դրվագը․ ճանապարհին Աղունը Սիմոնին հասցնում է ծայրահեղ վիճակի․ վիրավորում, հեգնում, նսեմացնում է ու հենց վեճի պահին մտածում է, որ նրան  բաճկոն ու տաբատ է պետք և մտքում ասում է․ «Ի՞նչ եմ ուզում էս խեղճից, ի՞նչ, ի՞նչ կարող է անել, որ չի անում․․․»։

Ահա թե ինչպես է նկարագրում Մաթևոսյանը վիրավորված Սիմոնին․ «Սիմոնը դեռ մի քանի քայլ էլ եկավ թափով , ապա դանդաղեց ու կանգ առավ։ Կանգ առավ  ու անշարժացավ ծառի պես, որ կտրված է մինչև վերջին ջիլը, բայց ոտքի վրա մի քիչ մնում է»։ 

Ճանապարհի մի հատվածում Աղունին ամբողջ հոգով ատող ու հայհոյող Սիմոնը հասնում է նրան ու տեսնում է լաց լինելիս, որովհետև ձիուն չէր կարող բեռնաթափել ու ձին մեղք էր․

Ու․․․ հաշտվում են։

-Բա որ ասում եմ էս բեռը քո տանելու բանը չի, - ասում է Սիմոնը։

-Իբր թե դու ես առողջության տեր․․․ Կգնաս-կգաս, կհիվանդանաս, - լաց եղավ Աղունը։

-Որ ես հիվանդանամ խնամող կա, բա որ դու ես հիվանդանում․․․

Սա էլ Սիմոնի խոսքն է։

Մի պահ։  Իսկ հաջորդ պահին շարունակվում է Աղունի հեգնանքը․․․

Մի հետաքրքիր մանրամասն էլ նկատենք։

Աղունը մատուռի մոտ մի պահ կանգ է առնում․ «Մատուռի մոտ նա ձայնը ցածրացրեց․ խոսեց շշուկով և չէր հասկացվում  աղոթու՞մ է, թե՞ խմբագիր-մմբագիրների հետ վիճում։ Որդին ու դուստրը ծիծաղում էին նրա աղոթելու վրա, որովհետև նա կարող էր վիճել, ճվճվալ, ապացուցել իր արդարացիությունը և Աստծո սխալականությունը և ոչ թե վախենալ Աստծուց ու աղերսել»։

Ահա այսպիսին է մանկությունից սեր չտեսած, տառապած,  շրջապատի ու ինքն իր դեմ պայքարի ելած, անհանգիստ ու ջղային Աղունը։ Նա հարևաններին ու բարեկամներին նախանձելի իրականություն է ուզում ցույց տալ, բայց հոգու խորքում դժբախտ է, որովհետև իրեն ցավեցրած մարդկանց ներելու ուժ չունի։

Վիպակի մասին զրույցը եզրափակենք հարևանուհու՝ Արուսի խոսքով․

«Աշխարհը հեշտ է, Աղուն, բայց դու դժվարացնում ես ու քեզ էլ սպանում, ուրիշներին էլ․․․Ամեն մարդու ուրախությունը իրենից է գալիս, Աղուն ջան, բախտավոր է՝ ուրիշներով չի բախտավոր, դժբախտ է՝ ուրիշները մեղավոր չեն»։

 

 

 

Քննարկում

Դու քո շրջապատում ճանաչո՞ւմ ես մարդկանց, որոնք որոշ չափով նման են Աղունին։ Եթե այո, ի՞նչ վերաբերմունք ունես նրանց նկատմամբ։