«Պեպո» կատակերգության հիմքում ձկնորս Պեպոյի և վաճառական Զիմզիմովի բախումն է։
Ուշադրություն դարձնենք Զիմզիմովի ազգանվանը, որը կազմված է «իմ» դերանվան կրկնությունից։ Այս կատակերգական հնարանքով Սունդուկյանն ուզեցել է շեշտել այդ հերոսի շահամոլությունն ու եսակենտրոնությունը։
Պեպոն արդար աշխատանքով ապրող ձկնորս է, քրոջ՝ Կեկելի ու մոր հենարանը։
Անցյալում մի այսպիսի սովորույթ կար, որոշ վայրերում այդ սովորույթը մինչև այժմ էլ պահպանվել է․ աղջիկն ամուսնանալիս պետք է իր հետ որոշ հարստություն, նյութական բարիք, այլ կերպ ասած՝ օժիտ տաներ փեսայի տուն։
Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին գումար էր պարտք տվել վաճառական Զիմզիմովին, բայց դա հաստատող փաստաթուղթը կորել էր։ Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից։ Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների համար։
Պեպոն որոշում է պայքարել հանուն քրոջ և հանուն արդարության։ Զիմզիմովն էլ ձեռքերը ծալած չի նստում,Պեպոյին սպառնում է բանտարկել զրպարտության մեղադրանքով։
Հանկարծ փաստաթուղթը գտնվում է։ Զիմզիմովի խոսելու տոնը փոխվում է, խոստանում է ավելի շատ գումար տալ՝ միայն թե ինքը չխայտառակվի։ Պեպոն զարմանալիորեն չի համաձայնվում՝ իր անձնական պայքարը դարձնելով իր նման խաբվածների պայքար, նա իր բարի համբավը գումարից կարևոր է համարում։
Հետո Զիմզիմովը կրկին կեղծիքի դիմելու տարբերակ է գտնում։Պեպոն հայտնվում է բանտում, բայց մնում է համոզված, որ իր պայքարը շարունակվելու է։