Ստեղծագործություններ
Իսահակյանի ձեռագիրը
Աբու-Լալա Մահարի
Իսահակյանը կերպարվեստում
Իսահակյանի ձեռագիրը
Աբու-Լալա Մահարի
Իսահակյանը կերպարվեստում
Իսահակյանի ձեռագիրը

Իսահակյան բանաստեղծի լեզվի և ոճի մեջ նկատելի տարբերություններ կան։Նա մերթ ժողովրդի լեզվամտածողությամբ է գրում («Դարդս լացեք», «Ծաղիկ էի նորաբողբոջ», «Որսկան ախպեր» ), մերթ շքեղ, հարուստ, պատկերավոր լեզվով, ինչպես «Հավերժական սերը», «Աբու-Լալա Մահարին» և այլն։

Գիտե՞ս՝ ո՞րն է Իսահակյանի ամենասիրած բանաստեղծութունը։ Վարպետը մի անգամ խոստովանել է․ «Իմ բանաստեղծություններից ամենաշատը սիրում եմ «Ռավեննայում»-ը: Եթե համաշխարհային անթոլոգիա* կազմեն, դա կտամ»։

«Ճակատագիրը կրկնկակոխ հետապնդել է մեզ․․․ դաժան, անողոք ճակատագիրը,- ասել է Իսահակյանը։- Թեև առողջ բանականությունը ճակատագրին չպետք է հավատա, բայց մեր պատմությունը լիքն է փաստերով, մարդկային բանականությանը անհարիր փաստերով․․․

Այնուամենայնիվ մեր ճակատագրին հակառակ, վերապրեցինք, վերածնվեցինք»։

 

*անթոլոգիա – տարբեր հեղինակների ընտիր գործերի ժողովածու, հատընտիր

«Դարդս լացեք» բանաստեղծությունը Իսահակյանի ձեռագրով։

   Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Ադամանդի խտություն ունեցող ստեղծագործություն․ ապշել կարելի է, թե ինչպես է Իսահակյանին հաջողվել մի քանի տողում այսքան սեղմ, այսքան դիպուկ նկարագրել մեր հնամյա ժողովրդի անցյալը, ներկան ու կանխազգալ ապագան։ 

Արարատը մեր երկրի ու  ժողովրդի հավերժության խորհրդանիշն է։ Հավերժության համար դարը վայրկյանի պես է, այնպես, չէ՞։

Հիմա դիտարկենք մյուս պատկերը․ կայծակը եթե բախվի ադամանդին ի՞նչ կլինի։ Ոչ մի բան․ չէ՞ որ ադամանդը (ալմաստ) ամենակարծր հանքանյութն է, որը նաև թանկարժեք է, բացառիկ, ազնիվ։

Մ․ Սարյան «Արարատ․ երեկո»

Իրենց գոյության ընթացքում արժեքներ չստեղծած  «մահախուճապ  սերունդները» եկել, անցել են մեր հայրենիքով, առնչվել են մեր մշակութային «լույս գագաթին», հետո անհետացել պատմության թատերաբեմից։

Կանցնենք նաև մենք։ Բայց Իսահակյանը համոզված է, որ կանցնենք որպես անհատ, բայց որպես լուսավոր, բարձր արժեքներ կրող ազգ՝ կմնանք։

Գուցե քո մեջ հարց կառաջանա․ ինչո՞ւ է Իսահակյանը բանաստեղծության վերնագիրը իտալական քաղաքի անուն դրել, չէ՞ր կարող օրինակ՝ «Արարատին» կոչել։ Մանավանդ որ այդ քաղաքը ամբողջությամբ հարթավայրային է, Արարատը հիշեցնող որևէ լեռ չկա։

Մենք կարող ենք պատասխանել, թե Ռավեննա քաղաքում է գրել, դրա համար։ Բայց դա շատ պարզունակ պատասխան կլինի։

Իսահակյանի որդին՝ Վիգենը, մի քիչ բացում է փակագծերը։ Նա պատմում է, որ նախկինում Ռավեննան գրավել է բարբարոս Թեոդորիկոս իշխանը և իրեն թագավոր հռչակել։ 6-րդ դարում հայ Ներսես զորավարը ջախջախել է նրան։

Ռավեննայում էր ապրել նաև հանճարեղ բանաստեղծ Դանթե Ալիգիերին։

Վիգեն Իսահակյանը ենթադրում է, որ Ռավեննայի անունով նշելով իր այդ գլուխգործոցը՝ Վարպետը ուզեցել է նշել, որ այդ բարի, գեղեցիկ երկրում ևս, ինչպես իր հայրենիքում, բարբարոս ցեղեր են եկել, ավերել, գնացել, բայց մնացել են բնությունը, մարդու հոգին ու միտքը արտացոլող արժեքները։

Իտալիայի Ռավեննա քաղաքը

       Սիրային ստեղծագործություններ

«Հետաքրքիր պատմություններ»  բաժնում պատմել ենք Շուշանիկի հանդեպ Իսահակյանի մեծ սիրո մասին։ Շուշանիկը ամուսնանում է ուրիշի հետ,  և այդ ցավը Իսահակյանը չի մոռանում ողջ կյանքում։ Նրա շատ ստեղծագործություններում  արտացոլվում է մերժված սիրո տառապանքը, սիրո հավերժությունը։

Տարիներ հետո քեզ տեսա նորից,

Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես,

Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,

Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:

 

Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,

Ես հպարտ ու վես անցա քո մոտով.

Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ.

Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:

 

Սուտ է, նազելի՛ս, չի զատել երբեք,

Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.

Քո՛ւյր իմ, ամոքի՛ր սիրտս վշտաբեկ,

Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան:

1900թ.

«Տարիներ հետո»-ն գրելիս  բանաստեղծը  25 տարեկան էր։  Իսկ «Մի մրահոն աղջիկ տեսա»-ն  գրել է 50 տարեկանում։

Շուշանիկ Մատակյանը

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,

Հորդ մազերը— գետ գիշերվա,

Եվ հակինթներ՝ ականջին:

 

Աչքերը սև— արևներ սև,

Արևների պես անշեջ,

Գալարվում էր մեջքը թեթև

Ծաղկանկար շալի մեջ:

 

Աչքս դիպավ աչքի բոցին,

Ու գլուխս կախեցի,

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական, կանացի:

 

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.

Տառապանքս փորձ ունի.—

Մի մրահոն կույս էր քեզ պես,

Կոտրեց սիրտս պատանի...

Ռիալտոյի կամուրջը

Այնքան պատկերավոր է գեղեցկուհու նկարագրությունը, որ ընթերցողը ուղղակի տեսնում է նրան։ Եվ տեսնում է ոչ թե  իբրև նկար, այլ իբրև շարժապատկեր․ սև արևների պես փայլող աչքերով (անսովոր համեմատություն է, չէ՞, ) գեղեցկուհու սև մազերը գիշերային գետ են հիշեցնում և ալիք-ալիք իջնում են ուսերին, երբ քայլում է, մեջքը գալարվում է շալի մեջ․․․

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական, կանացի:

Տղամարդը դարեր շարունակ արվեստում ու պոեզիայում փորձում է բացահայտել կնոջ էությունն ու հմայքի գաղտնիքները։ Եվ քանի դեռ դա շարունակվում է, ծնվելու է սերը, և մարդը շարունակելու է ապրել Երկիր մոլորակի վրա։ 

Վերջին քառատողում արտացոլվում է Շուշիկի թողած վերքը բանաստեղծի հոգում։

նկարիչ Պիմեն Օռլովի կերտած «մրահոն» իտալուհին

Շուշիկի հանդեպ սիրո արձագանքն է նաև Իսահակյանի «Լիլիթը» պատմվածքը։ Այս ստեղծվել է հրեական և այլ լեգենդների հիման վրա։ Իսահակյանի Ադամը ստեղծվում է հողից, իսկ Լիլիթը՝ հրից, որ լրացնեն իրար։ Այստեղից սկսվում է անհապատասխանությունը։ Ադամի սերը տիեզերական է, անսահման, իսկ Լիլիթի համար Ադամը ձանձրալի է, անհետաքրքիր։

Եթե ավագ դպրոցում ես սովորում կամ ավելի մեծ ես, կարդա այս պատմվածքը, սյուժեի իմացությունը ոչինչ չի կարող փոխանցել, Իսահակյանն այս պատմվածքը կրակված սրտով է գրել, շքեղաշուք լեզվով։

 

Գրիգոր Խանջյան «Լիլիթն ու Ադամը»

Ահա մի հատված․

«Լիլիթ նստել էր նռենու տակ։ Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քողերի պես ծրարել էին նրա դեմքը։ Ադամի սիրտը թռչունի պես թրթռում էր կրծքի տակ և ուզում էր բերանից դուրս թռչել։
— Լիլի՛թ, աննմա՛ն Լիլիթ, դու իմաստուն ես. ասա՛ ինձ, այս ի՞նչ զգացում է, որ բույն է դրել հոգուս մեջ՝ քեզ տեսնելու վայրկյանից։ Ուզում եմ հալչել լույս ոտներիդ տակ ուզում եմ համբուրել կոխածդ հողը ուզում եմ արևը պսակ դնել գլխիդ վրա և աստղերով սալարկել քո ուղին․․․»։

 Իսահակյանն այստեղ քննում է անպատախան սիրո հիմքերը, մղում է մտածելու, թե արդյոք ի՞նչն է ստիպում մարդուն մերժելու նվիրական ու անկեղծ սերը և հմայվել անկայուն, թունոտ արկածներով։

Գրիգոր Խանջյան «Լիլիթն ու Սատանան»

Աբու-Լալա Մահարի

Լսիր այստեղ

1909 թվական․ Իսահակյանը Մետեխի բանտից դուրս էր եկել խոշոր գրավի դիմաց։ Առջևում դատական պրոցեսն էր, կար 10 տարով Սիբիր աքսորվելու սպառնալիք։ Անձնական կյանքի ծանր հանգամանքները, հայրենիքի վիճակը Իսահակյանի մեջ խորացրել էին մռայլ տրամադրությունները, որոնք ստեղծագործական ելք էին որոնում։ 

 Գնացքով Թիֆլիսից Գյումրի մեկնելիս լուսաբացին Իսահակյանը տեսնում է մի քարավան, որն ասես գնում էր գնացքին համընթաց, և ծնվում է պոեմի գաղափարը։ 

«Աբու-Լալա Մահարին» Իսահակյանը գրում է Ղազարապատ գյուղում, որտեղ անցել էր իր մանկությունը։ Պոեմը գրում է մի քանի օրվա ընթացքում։  

Աբու-Լալա Մահարի-ն IX-X դարերում ապրած արաբ մեծ բանաստեղծի անվան կրճատ ձևն  է։ Նա մանկուց կուրացել էր։ Ուներ զարմանալի հիշողություն․ իր ստեղծագործությունները թելադրում էր, օգնականները գրի էին առնում, իսկ իր համար ընթերցած գրքերը հիշում էր ծայրից ծայր։ Իսահակյանը ուսումնասիրել էր նրա ստեղծագործությունները և հարազատություն էր զգացել մարդկային օրենքներն ու բարքերը քննադատող բանաստեղծի նկատմամբ։ Նրա շիրմին էլ գրված են նույն բառերը, որոնք մեջբերված են Աբու-Լալա Մահարի պոեմում․ «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն ես չմեղանչեցի ոչ ոքի դեմ» (Մեղանչելը-ը մեղք գործելն է։ Նկատի ունի այն, որ զավակ չի ունեցել)։ Բայց պատմական կոլորիտն ու արաբ բանաստեղծը նրան ավելի շատ պետք էին սեփական խոհերն ու զգացումները արտահայտելու համար։ Նամակներից մեկում նա գրել է․ «Նրա գրածները կարդացել եմ թե՛ գերմաներեն լեզվով, թե՛ ֆրանսերեն, գիտեմ, որ նա կույր է եղել, Բաղդադ չի եղել, բայց այդ չէ կարևորը, այնտեղ ես եմ, ուրիշ ոչ ոք․․․․»։

Ռաֆայել Աթոյանի այս նկարը կոչվում է «Աբու-Լալա Մահարի»։ Նկատեցի՞ր որ Մահարին Իսահակյանի դիմագծերն ունի նկարում։

Պոեմը քնարական է, իսկ դա նշանակում է, որ հեղինակի նպատակը ոչ թե հետաքրքիր, անսպասելի սյուժե  և շատ հերոսներ ներկայացնելն է, այլ հերոսի ներաշխարհը բացահայտելը։ 

Սյուժեն շատ պարզ է․ Աբու Մահարին խորությամբ ճանաչել էր մարդկային հարաբերությունները, վայելել էր թե՛ հարստություն, թե՛ փառք։ Նա, այդ ամենից հիասթափված, ունեցվածքը բաժանում է աղքատներին ու ուղտերի քարավանի հետ հեռանում է դեպի արևը։

 

Արժե իմանալ

Այստեղ մի կարևոր հավելում անենք։ «Աբու- Լալա Մահարի» պոեմի նախնական տարբերակում արաբ բանաստեղծը երևակայությամբ է հեռանում քաղաքից։  Բայց երբ  Իսահակյանը պոեմը ընթերցում է Վահան Տերյանին, նա խորհուրդ է տալիս, որ Մահարին իրականում հեռանա։ 

Հրաչյա Ռուխկյան «Աբու-Լալա Մահարի»

Արժե իմանալ

Այստեղ մի կարևոր հավելում անենք։ «Աբու- Լալա Մահարի» պոեմի նախնական տարբերակում արաբ բանաստեղծը երևակայությամբ է հեռանում քաղաքից։  Բայց երբ  Իսահակյանը պոեմը ընթերցում է Վահան Տերյանին, նա խորհուրդ է տալիս, որ Մահարին իրականում հեռանա։ 

«Աբու-Լալա Մահարին» պոեմը կազմված է յոթ մասից, որոնց բանաստեղծը արաբական անվանում է տվել՝ սուրահ։ Յուրաքանչյուր սուրահ բացահայտում է մարդկային կյանքի, հարաբերությունների անընդունելի կողմերը։ Մահարին քննադատում է կնոջը, ընկերությունը, իշխանությունը, հայրենիքը․․․․ Եվ դա անում է քարավանի քայլքը հիշեցնող ռիթմով,  շքեղագույն լեզվով, ասույթի արժեք ունեցող մտքի խտացումներով։

․․․Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ, 

Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամդ և թե թշնամիդ․․․

Մարդկային նողկալի արարքների, հարաբերությունների կողքին բանաստեղծը հակադրում է տիեզերքի, բնության կատարելությունը։ 

 

 Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով, 

Եվ ո՞վ է պատմում բյուր – բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նրա,

 Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

 

Հրաչյա Ռուխկյան «Աբու-Լալա Մահարի»

Աբու-Լալան գնում է դեպի արևը։ Այն դառնում է մաքրագործման, ազատության խորհրդանիշ, և արևի հետ համեմատության իրավունք է ստանում միայն մայրական գիրկը, մայրը․ միակը մարդկային իրականության մեջ, որը չի չի մերժում բանաստեղծը։

Դեպի արևը դարեր ու դարեր թռիր, սլացիր, ազնիվ քարավան,

Նրա լուսեղեն, բոցեղեն գրկում, որ արևանամ և հավերժանամ:

Ոհ, իմ մայր-արև, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգիր ուսերիս,

Որ ես հաղթական, լույս փառքերիդ մեջ սրարբած սուրամ դեպի, դեպի քեզ:

Դու Աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,

Դու միայն բարի, դու միայն սուրբ, սուրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…

Մարտիրոս Սարյան, «Աբու- Լալա Մահարի» պոեմի նկարազարդումներից

Գուցե քո մեջ հարց առաջանա․ «Իսկապես շքեղ լեզվով ու մեծ տաղանդով է գրված, բայց ի՞նչ պետք է մեզ տա ծայրեիծայր ատելությամբ լի այս պոեմը»

Այդ հարցին անուղղակի պատասխանել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը՝ իր կյանքից մի դրվագ պատմելով։

 Սիլվա Կապուտիկյանը Իսահակյանի հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրել է, թե նա ե՞րբ է գրելու «Աբու-Լալա Մահարիի» վերադարձը, չէ՞ որ ինքը՝ բանաստեղծը, վերադարձել է։

Իսահակյանը ներողամտորեն ժպտացել է, հետո կատակի է տվել։  

«Ու երբ հետո անցան տարիները, ավելի հասուն դարձանք մենք, երբ աշակերտական ուղղագիծ հասկացողությունները տեղի տվեցին սեփական փորձին, սեփական եզրակացություններին, ես հասկացա, թե ինչքան միամիտ է եղել իմ հարցը՝ Աբու- Լալայի վերադարձի մասին... Ոչ, Իսահակյանը երբեք չէր հեռացել, որպեսզի վերադարձի երգ գրեր․․․ Նա չէր ատել մարդուն, ատել էր նրա ստեղծած գայլի օրենքները: Նա զայրույթով էր խոսել մարդու մասին, որովհետև սիրում էր մարդուն և ուզում էր, որ նա լինի մեծ ու բարձր, արժանի իր մարդկային կոչմանը: Նա դառն ու խռոված խոսքեր էր ասել հայրենիքի մասին, որովհետև նրան ցանկանում էր տեսնել հպարտ, երջանիկ, ձերբազատված օտար ու սեփական շղթաներից... »,- գրել է Սիլվա Կապուտիկյանը։ 

Եզրափակելով ասենք, որ Աբու Մահարիի ելակետը ոչ թե ատելությունն է, այլ սիրուց ծնված ցավը․

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ՝ լացող հավիտյան,

Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման․․․

Սիլվա Կապուտիկյանն ու Ավետիք Իսահակյանը՝ բեդվինի գլխաշորով

Իսահակյանը կերպարվեստում

1901 թ․ Ավ․ Իսահակյանը Վիեննայից մեկնել է Վենետիկ՝ Սուրբ Ղազար կղզի։ Այստեղ հանդիպել է Ալիշանին։ «Գրասեղանին հակված է մի ալևոր՝ փոքրամարմին, անարյուն, դալուկ մի սուրբ․․․ և գրում է․․․  Հուզմունքով համբուրում եմ ջլուտ ձեռքը, որ կերտել է այն պատկռելի հատորները», - գրել է Իսահակյանը։

Էդուարդ Իսաբեկյան «Իսահակյանն ու Ղևոնդ Ալիշանը»

Ավ․ Իսահակյանը բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիման մասին գրել է․ «Առաջին անգամ ես տեսա նրան 1889 թվին, սեպտեմբերին, երբ աշակերտեցի Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Իմ երազած բանաստեղծը իմ ուսուցիչն է հիմա, իմ վարժապետը․ ի՞նչ կա սրանից ավելի նախանձելի վիճակ․․․»։

Վահան Խորենյան «Իսահակյանն ու Հովհ․ Հովհաննիսյանը Էջմիածնում»

Կոմիտասի մասին հուշագրության մեջ Ավ․ Իսահակյանը պատմել է․ «Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր․ «եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում․ տարիներ ապրել ենք նույն հարկի տակ,  խոսել կատակել։ Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում։ Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում , բայց այս ամենը թվում է ինձ ոչ իրական։ Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է , հեռավոր առասպել  և նրա կյանքն ու փառապանձ գործը մի չքնաղ հրաշապատում»։ 

Հենրիկ Սիրավյան «Ավ. Իսահակյանը Կոմիտասի հետ Ներսիսյան լճի ափին։ Էջմիածին»

«Հայ ճարտարապետությունը մեր փառքը, մեր գոյության, ազնվության վկայականն է, մեր ապրելու իրավունքը։ Ոճ ունեցող ժողովուրդները չեն մեռնում»։

«Զվարթնոցը տեսիլքի քարեղեն մարմնացումն է, քարով շինված․․․ Առյուծացած, արծիվացած քարեր- Զվարթնոցի քարերը»։

Ավետիք Իսահակյան

 

 

Հենրիկ Սիրավյան «Իսահակյանը, Թորոս Թորամանյանն ու Ալեքսանդր Թամանյանը Զվարթնոցում»

Փանոս Թերլեմեզյան «Իսահակյանը»

 

 

«Սևանը հայ ժողովրդի արցունքից առաջացած սուրբ լիճ է․․․ Չմեռնեմ, Անին տեսնեմ, մեռնեմ, Սևանը չորացած չտեսնեմ»։

Ավ․ Իսահակյան

 

 

Էդուարդ Իսաբեկյան «Ավետիք Իսահակյանը Սևանում», 1962 թ․

 

«Իսահակյանը հավերժ  կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներում՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը»։

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյան «Ավ․ Իսահակյանի դիմանկարը», 1940 թ․։

«Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և հարավի գույներն ու գծերը, և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը... ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։
...Եվ երբ թողնում, հեռանում եք նրա նկարներից, օրերով արթմնի ու երազի մեջ տեսնում եք միշտ նույն պատկերները, հոգիներդ չեն բաժանվում նրանցից, սրտագին սիրում եք նրանց բոլորին, որովհետև ձերն է, հարազատ, որովհետև հեղինակը սրտով սիրել է նրանց...»։

Ավետիք Իսահակյան

Մարտիրոս Սարյան «Իսահակյանը»

Ռաֆայել Աթոյան «Աբու Մահարի»

Հրաչյա Ռուխկյան «Ավ․ Իսահակյանը»

Հովհաննես Զարդարյան «Չարենցն ու Իսահակյանը»

Դմիտրի Նալբանդյան «Ավ․ Իսահակյանի դիմանկարը»

 «Նյութերով չեն շինել այդ հանճարեղ ճարտարապետները, նրանք Պարթենոնը շինել են լույսով, երկնքով, ծովի կապույտով, արևի ոսկով․․․»։

Ավ․ Իսահակյան

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան «Իսահակյանը Աթենքում»

«Հայ մարդը, տեսնելով Անիի ոճը, ճանաչում է իր հոգին»։

Ավ․ Իսահակյան

Գրիգոր Խանջյան «Իսահակյանը Անիում»

Մարիամ Ասլամազյան «Լեռնալանջին, գյուղ, աշուն»

Ավ․ Իսահակյանի արձանը Երևանում՝ մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ։ Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան։

Ավ․ Իսահակյանի արձանը Գյումրիում։ Քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան։ Տեղադրված է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև։