Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես․մի ծրարեք ինձ,// Եվ մի սոսնձեք։
Աղաչում եմ․ -Մի վախեցեք անկեղծ խոսքից,// Անկեղծ խոսքը չի սպանում,// Փակ խոցեր է միայն բանում։
Ես հոգնել եմ մանրաքանդակ, պաղ խոսքերից։// Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ․․․
Ապրել, ապրել, այնպես ապրել,// Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։
Գոնե ինձ համար բանաստեղծության ծնունդը նման է աստղերի ծնունդին։ Ինչպես աստղերը, բանաստեղծությունն առաջանում է միգամածությունից։ Բայց եթե խոսքը իրական բանաստեղծության մասին է, ապա նա չի կարող չծագել հոգեկան մի հրահեղուկ, քաոսային վիճակից, որով և ստեղծվել է մեր երկրագունդը։
Բանաստեղծը ծնվում է խոսելու իր բերանով, բայց բոլորի անունից, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի։
Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը՝ տառապանքը։
-Ու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից. // Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Լավագույն խոսքը // Լռության խորքում լռին ասածն է:
Առողջ աչքով ես տեսնում եմ,// Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում...
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում // Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…
Բառերի մի մասը քնած է (և ոչ երբեք մեռած), ուստի և հարություն տվող է պետք։ Բառերի մյուս մասը պարզապես լռում է, ուստի և խոսեցնել է պետք։ Իսկ բառերի երևի գերակշիռ մասը պարզապես շատ և անհարկի գործածվելուց մաշվել է անտեղի, ուստի և նրանց նախնական իմաստը վերականգնել ու փրկել է պետք։
Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով` նշանակում է չծառայել ժողվորդին, որովհետև արվեստագետը, որը նույն ժողովրդի զավակն է, ժողովրդի հանդեպ ամենից առաջ ունի մեկ պարտավորություն` նրա ունեցած ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան։ Արվեստագետի սրբազան պարտքն է բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, և ոչ թե արվեստը իջեցնել ժողովրդի մակարդակին։
Ճիշտ է, ատամներս հանել են (խորհրդային գրաքննությունը «Մարդը ափի մեջ»-ից հանել էր որոշ հատվածներ ու բանաստեղծություններ), բայց լնդերս ամուր են, լնդերով եմ կծում:
Բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ՝ մի ուրիշ ուժից պտտվող։
Խորալներ են ղողանջում մեր հոգում, իսկ մեզ ուզում են հաճույք պատճառել ճաշարանային նվագախմբով. ռեքվիեմների կարիքն է մեզ տանջում, իսկ մեզ խորհուրդ են տալիս գնալ պարային հրապարակ. սիմֆոնիաների են ծարավ մեր ականջները, իսկ մեր նույն ականջները քաշում են հենց այդ պատճառով և ականջներից քաշելով՝ ստիպում են լսել հովվական այն շվին, որ ընդամենը երկու ծակ ունի՝ մեկի անունը «Հույզ», մյուսի մականունը՝ «Սիրտ»։
թևավոր խոսքեր