Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Երկիրը 4 միլիարդ տեր ունի, բայց նա 4 միլիարդ ծառա պետք է ունենա․․․
Քո սարերը, Հայաստան, կանգնած էին ինքնաթիռի երկնային ճանապարհին։ Սարերը՝ պրկված բռունցքների պես ցցված դեպի երկինք, սարերը՝ գանգուրների մեջ արևի շողեր քամող, սարերը՝ աշխարհի արևածագը առաջինը տեսնող։ Քո սարերը ժայթքել էին հոգու հարստությունից, բացել էին կուրծքը աշխարհի առաջ՝ ոսկեփայլ, պողպատափայլ․․․
Աշխարհքի ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛, ու օրերից մի օր կհանդիպին: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ: («Ձորի Միրո»)
Կարո῀տ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա…․ Կարոտ տխրություն է, անո՛ւշ-անուշ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս․․․( «Ձորի Միրոն» վիպակից)
Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը։
Հայոց տառերը կարմիր են, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են քանզի թրծվել են արդար արեգակով։ Եվ կարմիր են , քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել․․․ Հայոց գրերը հայոց զինվորներն են․․․(«Մամփրե արքան» պատմվածքից)
Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին՝ գերի է…( «Ձորի Միրոն» վիպակից)
Սերունդները հաշիվ են պահանջում. ահա մեր ոտքի տակ մի թիզ գետինը և մեր գլխավերևի մի գիրկ երկինքը, ահա պատմությունը, և ես իմ պապից հաշիվ եմ պահանջում: Իսկ գալիք սերունդները` չծնվածները, մեզնից հաշիվ պահանջելու քիչ առիթ չունեն:
թևավոր խոսքեր