Շիրվանզադեն (Ալեքսանդր Մովսիսյան) ծնվել է 1858 թ․ Շամախի քաղաքում։ Գրական անունը Ալեքսանդրը վերցրել է իր ծննդավայրից․ Շամախի քաղաքը Շիրվանի գավառում էր գտնվում։
Շիրվանզադեի հայրը՝ Մինասը, դերձակ էր, զբաղվում էր նաև բուսական ներկի՝ տորոնի* առևտրով։
Շիրվանզադեի հայրը խիստ, աշխատասեր, ավանդապաշտ, ազնիվ մարդ էր, որը զավակների նկատմամբ արտաքուստ շատ սառն էր, թեև ներքուստ ջերմորեն սիրում էր։
Շիրվանզադեի մոր անունը Օվսաննա էր։ Քաղաքում նրան «սիրուն Սոնա» էին ասում։ «Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարք ու բարքով։ Շատ բարի ու զգայուն կին էր»,- գրում է Շիրվանզադեն։
Ամենայն հավանականությամբ հենց մայրական գեներով էր Շիրվանզադեն ժառանգել իր տաղանդը։ Իր մորաքույրերի զավակներն էլ դարձան հայ մշակույթի հզոր դեմքեր։ 3 քույրերի որդիներ էին աշխարհահռչակ գրող Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և հայ բեմի պարծանք Հովհաննես Աբելյանը։
*Տորոնը բույս է, որի արմատներից կարմիր ներկ էին ստանում։ Բույսը օգտագործվում է նաև մեր օրերին (Զատկի նախօրեին մեր շուկաներում էլ կարող ես հանդիպել)։