Սայաթ-Նովայի կյանքի պատմությունը լի է առասպելներով։ Գրեթե բոլոր վարկածները, սկսած ծննդյան թվականից, մինչև օրս վիճարկվում են մասնագետների կողմից։
Ամենաստույգն այն տեղեկություններն են, որոնք իր մասին գրել է հենց ինքը՝ Սայաթ-Նովան, բայց դրանք, ցավոք, քիչ են։
Ինչո՞ւ է այդպես։
Սայաթ-Նովայի անունը նրա մահից հետո գրեթե մոռացվել էր։ Շուրջ 50 տարի հետո բժիշկ Գևորգ Ախվերդյանը, որը հետաքրքրվում էր բանահյուսությամբ և ուզում էր մեր աշուղների մասին գիրք հրատարակել, հայտնաբերում է Սայաթ-Նովայի «Դավթարը» (բանաստեղծութունների տետրը) ու միանգամից հասկանում, թե ինչ մեծության հետ գործ ունի։ Գևորգ Ախվերդյանից սկսած՝ շատ մասնագետներ են զբաղվել Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության գաղտնիքների վերծանմամբ։