Պարույր Սևակը (Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Վեդու շրջանի Չանախչի գյուղում, որն այժմ վերանվանվել է Զանգակատուն՝ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի անունով։
Սևակը հետագայում գրում է․ «Այն տունը որտեղ ծնվել եմ․․․ Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով։
Իմ նախնիներին սերնդեսերունդ կպած է եղել «տեր»-ը, որը հոգևոր դասի տիտղոսն էր»։
Սևակի նախնիները Էջմիածնի հոգևոր ճեմարանի սաներ էին, ընթերցասեր մարդիկ, բայց հայրը՝ Ռաֆայելը, հազիվ գրաճանաչ էր, իսկ մայրը՝ Անահիտը, տառերն էլ չէր տարբերում։ Պարույրը ծնողների միակ որդին էր, նրանց առաջնեկը մահացել էր։
Պարույրը 6 տարեկանից դպրոց է գնում։ 11 տարեկանում գրում է առաջին բանաստեղծությունը։ Նրա դպրոցական արկածների ու այն մասին, թե ինչպես էր հագեցնում ընթերցելու անհագ ծարավը, պատմել ենք «Հետաքրքիր պատմություններ» բաժնում։
«Մորս հացի տախտակն էր իմ սեղանը․- հետագայում պատմում է բանաստեղծը,- պառկում էի բերանքսիվայր ու հացի տախտակի վրա արտագրում կամ շարադրում․․․Եվ գրտնակն էր իմ քանոնը, ինչպես որ խմորով էի թուղթ կպցնում։
Եվ ունեի մի երազ, որ այցելում էր քուն թե արթմնի՝ տունը մինչև օճորք լցված էր գրքերով ու տետրակով․․․․ ունեմ մատիտների մի ամբողջ խուրձ, ամեն գույնից մի-մի ցախավել, և բուրում են այնպե~ս․․․»։
Դպրոցական պատի թերթում Պարույրը երբեմն ներկայացնում էր նաև իր բանաստեղծությունները՝ ստորագրելով Պարույր Արեգունի։