Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը դարբին էր։ Պետրոսն ուներ երկու եղբայր, ունեցել էր նաև քույրեր, բայց նրանցից մեկը մահացել էր երկու, մյուսը՝ ութ տարեկան հասակում։
Այվազովսկի «Կոստանդնուպոլսի տեսարան»
Պետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը դարբին էր։ Պետրոսն ուներ երկու եղբայր, ունեցել էր նաև քույրեր, բայց նրանցից մեկը մահացել էր երկու, մյուսը՝ ութ տարեկան հասակում։
Հնում շատերի ազգանունները ձևավորել են նրանց մասնագիտություններից, օրինակ՝ Նալբանդյան–նալբանդ բառից է (ձիու պայտ խփողը), Դարբինյանը դարբին բառից է և այլն։
Զըմպա-ն երկաթ ծակող գործիք է։ Մի օր Պետրոս Դուրյանի պապի խանութ է մտնում մի թուրք և հարցնում, թե ինչ է կոչվում այն գործիքը, որով նա ծակում է երկաթը։ Նա էլ մի քանի անգամ կրկնում է՝ զըմպա, թուրքն էլ նույնը կրկնելով դուրս է գալիս։ Այդպես նրանց ազգանունը դառնում է Զըմպայան։
Պետրոսին դուր չէր գալիս իր ազգանունը։ Դպրոցական տարիներին նա բառարանում գտնում է «զըմպա» բառի հայերեն համարժեքը՝ դուր, և իրենց տոհմական ազգանունը փոխում է Դուրյան։
Փոքր ժամանակ Պետրոսին Պետեկ էին ասում։ Մոր՝ Արուսյակի հետ շատ էր կապված։ «Երբ մանուկ էի,- գրել է Դուրյանը,- խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի»։ Մայրը ողջ էությամբ հավատացյալ էր (սա մտապահի՛ր, ստեղծագործությունները վերլուծելիս պետք կգա)։
Վեց տարեկանում Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարան։ Այդ դպրոցում դասավանդում էր նաև հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որը շատ էր սիրում Դուրյանին։
Երբ սկսում են էժան երկաթեղեն ներմուծել Պոլիս,Պետրոսի հոր գործերը կտրուկ վատանում են։ Դուրյանը 16 տարեկանից սկսում է աշխատել։
Մի քանի ոլորտում աշխատել փորձելուց հետո Պետրոս Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում» սկսում է բեմադրել իր թատերգությունները։ Առաջինը «Վարդ և Շուշան» թատերախաղն էր (1869 թ․), որի երաժշտության հեղինակը Տիգրան Չուխաջյանն էր։
Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս-Պոլիսը մշակութային կենտրոն էր արևմտահայերի համար։
Հայերը մեծ դեր էին խաղում ոչ միայն հայ, այլ նաև թուրքական մշակութային կյանքում։
Տիգրան Չուխաջյանը հայկական ազգային առաջին օպերայի՝ «Արշակ Բ»-ի հեղինակն է (1868), նաև թուրքական օպերետի հիմնադիրը։ Հակոբ Վարդովյանը նաև թուրքական թատրոնի հիմնադիրն է, նա հանդես էր գալիս թուրքերեն ներկայացումներով ևս։
Այվազովսկի «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարան»
Դուրյանի դամբարանը Կ․ Պոլսում՝ Սկյուտարի ազգային գերեզմանատանը, որի վրա գրված է նրա «Իմ մահը» բանաստեղծությունը։
Դուրյանի ստեղծագործության անսպառ հմայքի մասին է վկայում այն փաստը, որ նրա շիրիմը տարիներ շարունակ եղել է ուխտատեղի: Երիտասարդները նրա շիրիմի մոտ են իրար սեր խոստովանել․․․
Դուրյանը սկսում է հանդես գալ նաև որպես դերասան։ Ժամանակակիցների վկայությամբ նա շատ լավ էր խաղում։
Արևմտահայ թատերգության հիմնադիր համարվող Մկրտիչ Պեշիկթաշլյանը Դուրյանի թատերգություններից մեկը դիտելիս մի անգամ բացականչում է․ «Սա տղան պիտի գերազանցե զիս»։
Նա մի քիչ սխալվում էր։ Դուրյանը արդեն գերազանցել էր նրան։
Առավել զարմանալին այն է, որ Դուրյանի կենդանության օրոք գրեթե ոչ ոք չգիտեր նրա բանաստեղծությունների մասին։ Դրանք տպագրվեցին նրա մահից հետո և ապահովեցին նրա հավերժական տեղը հայ, նույնիսկ համաշխարհային պոետների շարքում։ Ռուս գրականագետ Վալերի Բրյուսովը ասել է, որ համաշխարհային պոեզիայում դժվարանում է գտնել Դուրյանի պոեզիայի նման շիկացումներ։
1871 թ․ սկզբին Դուրյանը հիվանդանում է թոքախտով (այն ժամանակ թոքախտն անբուժելի էր)։ Նա իր բանաստեղծությունների մեծ մասը ստեղծում է հիվանդ ժամանակ: «Երբեք մի մտաբերեր, որ ես հուսահատ եմ, բնավ, բանաստեղծ մը մահվանե չը սոսկար. այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային, և ես միայն մահկանացու»:
Պետրոս Դուրյանը մահանում է 1872 թվականի հունվարի 21-ին։ Նրա 21 տարին դեռ չէր լրացել։
Ինչպես գրեթե բոլոր հանճարները, Դուրյանը ևս կանխազգում էր, որ իր ստեղծագործությունների իրական արժեքը հետո պիտի գիտակցեն։ Նրա վերջին խոսքերից էին․ «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս, պիտի փնտրեն զիս․․․»։
Հետևյալ խոսքերը ևս ասել էր մահվանից մեկ օր առաջ․
«Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…
Մնաք բարյավ»:
Կաթողիկոս Վազգեն Առաջինը Գրականության և արվեստի թանգարանին է հանձնում Դուրյանի մասունքները։
Երբ Դուրյանի գերեզմանը մի փոքր տեղափոխում են՝ ճանապարհ կառուցելու նպատակով, Դուրյանի գլխի մասունքները տեղափոխում են Հայաստան։
Դուրյանը որևէ նկար չուներ։ Հենց այդ մասունքների հետազոտությամբ 1972 թ․ վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանը վերականգնում է Դուրյանի դիմագծերը։ Դուրյանի հայտնի նկարը այդ հետազոտության արդյունքն է։ Այժմ Դուրյանի գլխի մասունքները ամփոփված են Կոմիտասի անվան պանթեոնում։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: