Կենսագրություն

Մուրացանը հայոց նախարարական տոհմերից մեկի անունն է, որը Գրիգոր Տեր-Հովհաննիսյանն ընտրել է իբրև գրական անուն։

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թ․ Արցախի Շուշի բերդաքաղաքում։ Հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, նաև կարողանում էր հանպատրաստից ոտանավորներ հորինել ու երգել։ Մայրը բարի, ժրաջան կին էր։

3 տարեկան էր Գրիգորը, երբ բառացիորեն փրկվում է մահից։ Այդ տարի սև ծաղիկ հիվանդության համաճարակի պատճառով մահերն այնքան շատ էին, որ չէին հասցնում անգամ թաղել, ինչպես կարգն է։ Դագաղի մեջ դրված Գրիգորին արդեն գերեզմանատուն էին տանում, երբ սկսում է կենդանության նշաններ ցույց տալ։ Իսկական հրաշքի էր նման․ երեխան փրկված էր։

Գրիգորը 12 տարեկան էր, երբ հայրը մահանում է։ 4 անչափահաս որդիներ ունեցող ընտանիքի համար նյութական ծանր վիճակ է առաջանում։

Գրիգորը սովորում է տեղի թեմական դպրոցում, որտեղ էլ գրական առաջին փորձերն է անում: Դպրոցի ամենաընթերցասեր աշակերտներից էր։ Գիտեր ռուսերեն և ֆրանսերեն։ Ֆրանսիացի հեղինակներին կարդում էր բնագրով, նաև թարգմանություններ էր կատարում։

 Ավարտելուց հետո երկու տարի ուսուցչություն է անում Շուշիի դպրոցներից մեկում։

Արժե իմանալ

19-րդ դարում Շուշին Կովկասի մշակութային կենտրոններից էր։ Կյանքը եռում էր Շուշիի թատրոններում, վարժարաններում, մշակութային մյուս օջախներում։ Շուշի այցելող ճամփորդներն այն անվանում էին «հայոց փոքրիկ Փարիզ», «Կովկասի կոնսերվատորիա»։ Շուշիում են ծնվել նաև դերասան Վաղարշ Վաղարշյանը, պատմաբան Լեոն, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը և ուրիշներ։

Մուրացանի տունը Շուշիում

Մուրացանը իր զավակների հետ

23 տարեկանում Գրիգորը շուրջ մեկ տարի շրջագայում է Սյունիքում ու Արցախում, ծանոթանում պատմական հուշարձաններին։

24 տարեկանում Գրիգորը տեղափոխվում է Թիֆլիս։ Այստեղ նա սովորում է հաշվապահություն և մինչև կյանքի վերջ աշխատում այդ մասնագիտությամբ, իսկ աշխատանքից դուրս ժամերը նվիրում է գրականությանը։

Մուրացանին ճանաչում է բերում «Ռուզան» (1881 թ․) պատմական դրաման։ Մտահղացումը ծնվել էր Արցախում ճամփորդելիս։ Մեկ տարի անց պիեսը մեծ հաջողությամբ բեմադրվում է։ Հենց այդ ժամանակ էլ Գրիգորն ընտրում է Մուրացան գրական անունը։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ որոշ վաճառականներ խոստանում են նրան արտասահման ուղարկել՝ ուսումը շարունակելու, բայց հետագայում իրենց խոստումները մոռանում են։

Հետո ստեղծվում են գյուղաշխարհի փրկության թեմայով ստեղծագործությունները՝ «Ուխտյալ միանձնուհին», «Նոյի ագռավը», «Առաքյալը»։

Մուրացանն ափսոսում էր, որ նյութական բարեկեցության համար ստիպված է այլ աշխատանքով զբաղվել, մինչդեռ կարող էր այդ ժամանակը գրականությանը նվիրել։ Մի անգամ կշռում է իր 15 տարվա հաշվապահական թղթերը և ցավով տեսնում, որ դրանք շուրջ 200 կգ են․․․

1896 թ․ լույս է տեսնում Մուրացանի գլուխգործոցը՝ «Գևորգ Մարզպետունին», որն արտացոլում է Բագրատունիների հայկական թագավորության X դարի իրադարձությունները։

Մուրացանը շատ էր սիրում իր ծննդավայրը և ամռանը հաճախ էր գնում այնտեղ՝ հանգստանալու։ 1906 թ․ նա գնում է Շուշի՝ իր հետ տանելով «Գևորգ Մարզպետունու» ձեռագիրը, որպեսզի վերախմբագրի և առանձին հրատարակի (մինչ այդ մաս-մաս էր հրատարակել)։ Սակայն հայ-թուրքական ընդհարումներ են սկսվում, Մուրացանի թե՛ տունը, թե՛ ձեռագրերն այրվում են։ Սա ծանր հարված էր գրողի համար, որի անձնական կյանքում ևս լուրջ խնդիրներ կային։

 

 

Մուրացանը մի խումբ մտավորականների հետ

Մուրացանն ամուսնացած էր Ոսկեհատ Թավրիզյանի հետ, ունեին երեք զավակ։ Մուրացանը պաշտում էր կնոջը, նրան վերագրում դրական հատկություններ, որոնք նա չուներ։ Ոսկեհատը գրողի անմնացորդ սիրուն պատասխանում է դավաճանությամբ։ Նրանց ճանապարհները բաժանվում են։ Այս մասին ավելի մանրամասն կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում։

Մուրացանի գերդաստանում կային հոգեկան խանգարում ունեցողներ․ հորեղբայրը, հորաքրոջ աղջիկը տառապում էին այս հիվանդությամբ, հայրը գլխացավի նոպաներ էր ունենում և ուշաթափվում։ Գենետիկ հակվածությանը գումարվում են ողբերգական իրադարձությունները, և 54-ամյա Մուրացանը հայտնվում է Թիֆլիսի հոգեբուժարանում։ Նա մահանում է 1908 թ․  օգոստոսի 30-ին։