Կենսագրություն

Հրաչյա Ռուխկյան «Մովսես Խորենացի»

Մովսես Խորենացին ծնվել է Տարոնի Խորնի կամ Խորոնք գյուղում, մոտ 410-ական թթ․։

Իսկ գիտե՞ս, թե ո՛ւմ աշակերտն է եղել:

Վաղարշապատի դպրոցում Խորենացին եղել է Մեսրոպ Մաշտոցի և կաթողիկոս Սահակ Պարթևի աշակերտը: Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։

Եփեսոսի կրոնական ժողովից հետո (432թ.) ուսուցիչները Խորենացուն այլ աշակերտների հետ ուղարկում են Ալեքսանդրիա` ուսումը կատարելագործելու (խմբի մեջ եղել է նաև մեր մյուս պատմիչ Եղիշեն): Ալեքսանդրիայում նա սովորում է օտար լեզուներ, հատկապես հունարեն, օրեր անցկացնում Ալեքսանդրիայի գրադարանում, յուրացնում է փիլիսոփայություն, պատմություն, երաժշտություն, աստվածաբանություն և այլն։

Մոտավորապես 5-6 տարի սովորելուց հետո Խորենացին և իր ընկերները ճանապարհվում են դեպի Հունաստան։ Սակայն ծովային ուժեղ քամիները նրանց նավը քշում հասցնում են Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, ապա մեկնում Աթենք։

Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը վերադառնում են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում 440 թվականի փետրվարից հետո, երբ ուսուցիչներ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը վախճանվել էին։

Ի՞նչ ես կարծում, Խորենացուն ինչպե՞ս ընդունեցին Հայաստանում:

Տրամաբանական պատասխանն է՝ շատ լավ, ոգևորված, որովհետև նա իր գիտելիքները պետք է ծառայեցներ հայրենիքի բարգավաճման գործին: Բայց․․․

Խորենացու մասին պահպանված ավանդությունները պատմում են, որ մոտ տասը տարի պատմիչը ապրում է հալածական կյանքով, ծայրահեղ կարիքի ու աղքատության մեջ:

Ապա պատահաբար հանդիպում է իր հին դասընկեր Գյուտ կաթողիկոսին, որն էլ օգնում է նրան՝ դուրս բերելով այդ վիճակից: Որոշ ժամանակ անց Խորենացին Սահակ Բագրատունուց պատվեր է ստանում՝ գրելու հայոց պատմություն:

Արժե իմանալ

Մովսես Խորենացու մասին արձակագիր Հայկ Խաչատրյանը մի շատ լավ վեպ ունի՝ «Քերթողահայրը» վերնագրով: Ահա թե ինչպես է նա նկարագրում հին դասընկերների՝ Խորենացու և Գյուտի հանդիպումը: Վեպը սկսվում է գեղեցիկ մի տեսարանով. Օշական գյուղի ավագի տան բակում առավոտից խնջույքի են նստել 39 այրեր, որոնց մեջ է Գյուտ կաթողիկոսը: Քառասուներորդը պիտի լինի Աստծո հյուրը: Եվ այդ հյուրը դառնում է Մաշտոցի գերեզմանի մոտ լուռ աղոթող մեկը, որը, պարզվում է, Մովսես Խորենացին է` քրքրված պարեգոտով, ճերմակ մորուքով: Հայտնվելով խնջույքավորների շրջանում` Խորենացին հյուրասիրվում է, ապա ստիպված է լինում մի բան երգելու: Նրա ձայնը հնչում է այնպիսի քաղցրությամբ ու հնչեղությամբ, որ ապշեցնում է ունկնդիրներին: Գյուտ կաթողիկոսը, երգը լսելով, անակնկալի է գալիս: Նա ձայնից ճանաչում է իր մանկության ընկերոջը, վաղեմի բարեկամին: Օրեր անց կաթողիկոսը Խորենացուն կարգում է Բագրևանդի եպիսկոպոս:

Գևորգ Ավագյան «Մովսես Խորենացի»

Մովսես Խորենացու արձանը Մատենադարանի բակում։ Քանդակագործ՝ Երեմ Վարդանյան

Խորենացու մասին տեղեկություններ է հայտնում նաև Ղազար Փարպեցին իր «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկում։ Նա նշում է, որ միասին ճգնել են Սյունիքի քարայրերում։ Փարպեցին նշում է նաև, որ «Երանելի փիլիսոփա Մովսեսը» հալածվում էր հայ աբեղաներից։

Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդով զբաղվում է գրական աշխատանքով. Կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Գյուտ կաթողիկոսի հովանավորությամբ պատմահայրը գնահատվում և արժանանում է մեծարանքի, ստանում է եպիսկոպոսական աստիճան։

Սակայն Գյուտ կաթողիկոսը ևս մեղադրվում  ու աքսորվում է։ «Հայոց պատմության» պատվիրատուի՝ Սահակ Բագրատունու մահից հետո Խորենացու հանդեպ հալածանքները նոր թափ են ստանում։ 

Մովսես Խորենացուց մեզ հասել է հարուստ ժառանգություն` ճառեր, թղթեր, ներբողյաններ, շարականներ, թարգմանություններ և այլ գործեր, որոնցից առանձնացնում ենք հատկապես «Հայոց պատմություն» աշխատությունը:

Խորենացին վախճանվել է 490-ական թթ․ սկզբին: