Կենսագրություն

Եփրեմ Սավայան «Սունդուկյանի դիմանկարը»

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825 թ․ հունիսի 29-ին Թիֆլիսում։ 

Հայրը՝ Մկրտումը, ժամանակին փախել էր Էջմիածնի վանքի ճորտությունից, հաստատվել Թիֆլիսում և զբաղվում էր առևտրով: Գաբրիելը 6 տարեկան էր, երբ զրկվում է հորից։

Մայրը՝ Թինաթինան, ամուսնուց հետո մեծացնում է երեք փոքր երեխաներին։ 

Քանի որ նրանց ընտանիքը ճորտի կարգավիճակում էր, Թինաթինան մեծ զրկանքների գնով կարողանում է 300 հոլանդական ոսկի հավաքելով փրկագին վճարել  Էջմիածնի վանքին ու ընտանիքը փրկել ճորտությունից։ Նա նաև կարողանում է որդիներին լավ կրթություն տալ։ 

Գաբրիելին  բախտ է վիճակվում դառնալու Խաչատուր Աբովյանի աշակերտը։ Այդ շրջանում Աբովյանը Թիֆլիսում մասնավոր դպրոց էր բացել, որը դրական առումով  շատ էր տարբերվում այլ դպրոցներից՝ ուսուցում զբոսանքների ընթացքում, լեզուների գերազանց ուսուցում՝ շփման միջոցով և այլն։  

Արժե իմանալ

Սունդուկյանի նախնիները սունդուկագործներ են եղել, այստեղից է ծագում  նրա «Սունդուկյան» ազգանունը։

1852-ին Սունդուկյանն ավարտում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով:

Հետո վերադառնում է Թիֆլիս, աշխատում որպես թարգմանիչ Կովկասի փոխարքայության գրասենյակում:  Շուտով մի վեճի պատճառով աքսորվում է Դերբենդ։ Թիֆլիս է վերադառնում  հինգ տարի անց։ 

Գաբրիել Սունդուկյանը երկար տարիներ աշխատում է Կովկասի երկաթուղային վարչությունում։  Երկարամյա օրինակելի աշխատանքի համար նրան շնորհվում է քաղաքացիական գեներալի պատվավոր աստիճան։ 

Սունդուկյանն ամուսնանում է Սոֆյա Միրիմանյանի հետ։ 10 երեխա են ունենում, որոնցից ողջ են մնում 6-ը՝ երեք աղջիկ, երեք տղա։

Սիրով ամուսիններ էին։  Տիկին Սոֆյան ներում էր ամուսնու մեծ ու փոքր սխալները, իսկ Սունդուկյանը միշտ առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում նրան։ Պահպանվել է ամուսնությունից 15 տարի հետո Սունդուկյանի գրած սիրով լի նամակը․ «Քու քաղցր երեսը սրտես ու մտքես չի հեռացե։ Ասում ին՝ հեռացար ու մոռացար, ամա (բայց) ես պիտի ասիմ, որ հեռացա ու ավելի սիրեցի քեզ»։

 

Սունդուկյանը կնոջ հետ

Եփրեմ Սավայան «Սունդուկյանի դիմանկարը»

 Սունդուկյանը շատ ուշ է սկսել ստեղծագործել։ Առաջին թատերգությունները նա գրել է 40-ին մոտ տարիքում։ Շատ ստեղծագործություններ ստորագրել է «Համալ» կեղծանունով։ 

Համալ-ը բեռնակիրն է։ Սունդուկյանը սիրում էր ժողովրդի պարզ, աշխատավոր զավակներին ու այդ անունով ուզում էր ասել, որ ինքն էլ նրանցից մեկն է։

 

Սունդուկյանը մահից առաջ թողել է կտակ՝ պատվիրելով, որ իր թաղումը համեստ կազմակերպեն։ Ամենահետաքրքիրը արձանի հետ կապված պատգամն էր․

«Եթե սրտանց ուզում եք, արժան եք համարում  արձան դնել, ապա այդ արձանը իմ փոխարեն Պեպոյի համար կանգնեցրեք, որտեղ որ հարմար լինի․․․Տակը՝ պատվանդանի վրա գրված լինեն Պեպոյի խոսքերը․

-Էս քո կոտրած ձեռով չե՞ս գրի»։

Սունդուկյանի ընտանիքը

Պեպոյի արձանը  Սունդուկյանի անվան թատրոնի  բակում (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան):

Սունդուկյանը մահանում է 1912 թ․ մարտի 16-ին։ Մեծ դրամատուրգի կամքը կատարվել է։ Պեպոյի արձանը զարդարում է Սունդուկյանի անվան թատրոնի  բակը (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան)։ Սունդուկյանի անունով են կոչվում ՀՀ փողոցներ, դպրոցներ, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը։