Թանգարան

    Ակսել Բակունցի տուն-թանգարանը գտնվում է նրա ծննդավայրում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Թանգարանը հիմնադրվել է 1968 թ․

    Մինչ այդ տունն արդեն չէր պատկանում Բակունցներին: Երբ գրողի ձերբակալությունից հետո հալածանք է սկսվում ազգականների հանդեպ, Բակունցի եղբայրները՝ Գրիգորը և Արտավազդը, դիմում են հորը, որ որևէ տեղից գումար գտնի՝ Ռուսաստան արտագաղթելու համար, որովհետև այլևս անհնար էր ապրել Գորիսում: Տունը մաս-մաս վաճառվում է, հետո պետականացվում են տունն ու տարածքը, և հիմնվում է տուն-թանգարան։

    Բակունցի մայրը հրաշալի գորգեր էր գործում։ Հետագայում  նա դրանք բաժանել է որդիների միջև։ Բայց նրա տուն-թանգարան այցելելիս կտեսնես դրանցից երկուսը Բակունցի՝ Սանթրիի ննջարանում։

    Բակունցը Ռուսաստանից բերել էր տանձենիների ու խնձորենիների հարյուրավոր շիվեր, բաժանել քաղաքացիներին։ Իրենց այգում էլ էր տնկել։ Նրա տնկած ծառերից մի ընկուզենի այժմ էլ կա։

   1970 թ․ Բակունցի օջախ են այցելում Սերո Խանզադյանն ու Պարույր Սևակը։ Երբ Սևակին ցույց են տալիս բակի հսկա ծառերը և ասում, որ Բակունցն է տնկել, Պարույրը մեկ առ մեկ գրկում ու համբուրում է ծառերը․․․

հասցեն՝ ք. Գորիս, Մաշտոցի փ., շն. 41                                                                                               հեռ՝․ 077111245