Տատը
Շիրվանզադեն շատ էր սիրում իր տատին։ Նա զարմանալի ուժեղ կին էր, որին «ղաչաղների (ավազակ) հոգեհան» էին ասում։ Մի անգամ լեզգի ավազակները գիշերով հարձակվում են նրա աղջկա տան վրա։ Շիրվանզադեի տատը երեքին պատշգամբից ցած է նետում, իսկ չորրորդը կարողանում է նրան դաշույնով վիրավորել ու փախչել։
Հորեղբայրը
Շիրվանզադեի մանկության մղձավանջներից էր փոքր հորեղբոր անտանելի պահվածքը։ Շիրվանզադեն նրան իրենց գերդաստանի «չար ոգին» է անվանում։ Հորեղբայրը ծույլ, հարբեցող խռովարար էր։ Աշխատել չէր սիրում, բայց սիրում էր կյանքի հաճույքները վայելել, իսկ փողը սպառնալով ու վիրավորելով պահանջում էր մեծ եղբորից՝ Շիրվանզադեի հորից։ «Հայրս հասակով կես արշին բարձր էր եղբորից և կրկնակի ուժեղ։ Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետնին տապալել, բայց չէր անում։ Նա խնայում էր թե՛ իր մոր արցունքները, թե՛ ամաչում էր կտուրներից նայող հարևաններից»,- գրում է Շիրվանզադեն։
Ինչպես և սպասելի էր, Շիրվանզադեի հորեղբայրը սպանվում է իր իսկ հրահրած ծեծկռտուքներից մեկի ժամանակ։
Կառապանի վարձը
Շիրվանզադեն ըմբոստ ու հպարտ էր։ Հաճախ տուժում էր այդ հատկությունների պատճառով։ 17 տարեկանից մեկնել էր Բաքու՝ աշխատելու և ընտանիքին օգնելու, բայց նրա գործերը այնքան էլ լավ չէին, որովհետև հպարտության պատճառով մի քանի անգամ աշխատանքը կորցնում է։
Ահա այդպիսի մի օր, երբ ազատել էին աշխատանքից ու մորաքրոջն էլ այդ մասին չէր ասել, Շամախիից Բաքու են գալիս մայրն ու քույրը։
Շիրվանզադեի գրպանում մի քանի կոպեկ էր, իսկ կառապանին պետք էր 17 ռուբլի վճարել։ Ի՞նչ անել։ Կառապանը երեք օր ճանապարհ էր կտրել, և համբերությունը սպառվում էր։ «Դու ամոթ չունես», - լսում է Շիրվանզադեն իր հասցեին, ու այդ խոսքերը ծակում են նրա սիրտը։ Նա յոթ անգամ անցնում է մեծ մորաքրոջ որդիների խանութի մոտով։ Նրանց հետ ջերմ հարաբերություններ չուներ, բայց միակ ելքը նրանց դիմելն էր։ Ի վերջո մտնում է ներս ու խնդրում կառապանի գումարը, նրանցից մեկը, անբարյացակամորեն նայելով, տալիս է։ Շիրվանզադեն գումարը փոխանցում է կառապանին ու առանձնանալով՝ ազատություն տալիս արցունքներին։ Բայց երբ տուն է գնում ու նայում քնած մոր ու քրոջ ժպտուն դեմքերին, մի քիչ խաղաղվում է, որովհետև «Իմ ստորացումը նրանց համար էր․․․», - գրում է Շիրվանզադեն։
Ըստ Շիրվանզադեի հուշերի