Տեր Թոդիկի նախատիպը Փայաջուկի գյուղական դպրոցում եղել է մի վանեցի ուսուցիչ, որի մոտ գյուղի առաջավոր մարդկանց որդիները մի քիչ հայերեն էին սովորում, այն էլ գրաբար... Այդ դպրոցի վարժապետը անվանի էր նրանով, որ «գավազանավ երկաթյավ» չէր պատժում իր աշակերտներին, այլ միայն ապտակահարությամբ: Ահա այդ դպրոցում էր սովորում Հակոբը (Րաֆֆին): Մի անգամ էլ չի դիմանում՝ տեսնելով, թե ինչպես է վարժապետը ընկերոջը պատժում: Կառչելով վարժապետի օձիքից՝ շնչասպառ գոռում է․
-Հերիք մեզ տանջես...
-Դու ինչո՞ւ ես խառնվում, Հակոբ, երբ ես իմ աշակերտներին ապտակում եմ, - ասում է ուսուցիչը, - քեզ չեմ պատժում:
- Միևնույն է,- պատասխանում է պատանի Րաֆֆին,- մի օր էլ ինձ այդ օրին կգցես:
Ճիշտ է, վարժապետը չի համարձակվում պատժել Հակոբին՝ Մելիք-Միրզայի որդուն, բայց նա դուրս է գալիս դպրոցից ու ուսումը շարունակում Թիֆլիսում: