Երբ Պարույրը ծնվում է, նրա հորեղբոր ընտանիքը, որ այդ ժամանակ երեխա չուներ, Պարույրին վերցնում է իր խնամքի տակ: 4-5 տարի հետո ամուսինները բաժանվում են, Սևակն էլ իր ծնողների մոտ է վերադառնում, բայց առաջվա նման շարունակում է հորն ու մորը ամի ու ազի ասել (հորեղբայր, հորեղբոր կին)։
***
Պարույր Սևակն իր հուշերում պատմում է, որ առաջին բանաստեղծությունը գրել է 11 տարեկանում և այն նվիրված էր ռուս գրող Տուրգենևի հերոսուհիներից մեկին։
Գիրք չկար։ Կարդալու ծարավը հագեցնելու համար Պարույրը մի քանի ընկերների հետ գյուղական գրադարանի գողություն է կազմակերպում։
Կարդալու հանդեպ այդ անհագ սերը տեսնելով՝ ծնողները վախենում էին, թե որդին ․․․ կգժվի։ Գյուղացիների մեջ նման նախապաշարմունք կար, թե շատ կարդացողները խելքները թռցնում են։
Մայրը գրագետ չէր ու Հովհ Թումանյանի անունը չէր հիշում, բայց հիշում էր «Գիքորի» պատմությունը։ Ու որդուն ասում էր․
-Էդքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։
«Արդեն վաղուց համոզված էի,- հետագայում գրում է Սևակը,- որ դառնալու եմ «Էն «Գիքորը» գրողի պես մարդ, այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․Աստված։ Եվ կյանքիս ամենամեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի էր միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես․․․»։