Հետաքրքիր պատմություններ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Ավետիք Իսահակյանը պատմում է, որ իր հասակակից պատանիների համար Րաֆֆուց հետո ամենասիրելի արձակագիրը Մուրացանն էր։ Սիրով կարդում էին ու սպասում  նրա նոր ստեղծագործություններին։ «Մուրացանի լեզուն, նրա ճշգրիտ հայերենը` գեղեցիկ բառերի ընտրությամբ, պատկերավոր ոճով մեզ համար ուսանելի դպրոց էր»,- գրում է Վարպետը։

Իսահակյանը պատմում է, որ Մուրացանի հետ ծանոթանում է տարիներ անց՝ Հովհաննես Թումանյանի վերնատանը: «Շատ հարգալից էինք նրա հանդեպ: Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ: Վերնատան նահապետը` Ղազարոս Աղայանը, բարձր ու հզոր ձայնով խոսում էր. Թումանյանը ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն: Թվում էր, թե հաճելի էր նրան մեր շրջանը: Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն, սովորաբար սակավախոս էր: Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին: Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր: Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան․․․»:

Մահվանից մեկ տարի առաջ Մուրացանը  իր տուն է հրավիրում Իսահակյանին, Ղազարոս Աղայանին ու Հովհ․ Թումանյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նա ապրում էր այն բնակարանում, որտեղ ապրել էր Րաֆֆին։ Մուրացանի կինն ու երեխաները Բեռլինում էին, իսկ նա ապրում էր ծեր մոր հետ։ «Ես զգացի, որ իր քաշված, տխուր կյանքում նա մի մխիթարություն ունի՝ իր գրադարանը, ուր նա մոռանում էր իր մենակությունն ու տխրությունը․․․»,-  գրում է Իսահակյանը։

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ․․․

 

Մուրացանի կյանքի ճակատագրական կինը Ոսկեհատ Թավրիզյանն էր, որին սիրել էր դեռ պատանի տարիքից։ Պահպանվել են նրա մեկը մյուսից զգացմունքային, անկեղծ, անանձնական սիրային նամակները։ Գրում էր ամեն օր, անգամ օրվա տարբեր ժամերի, աստվածացնում, օրհնում, ապրում ու շնչում նրանով․ «Առանց քեզ ապրել, կնշանակե երկինքը սև ունենալ, արեգակը՝ խավար, բնության գիրկը՝ գերեզման․․․»։

 

1885 թ. Մուրացանն ու Ոսկեհատը ամուսնացան։ Նամակները նույնքան ջերմ էին նաև ամուսնությունից հետո և նույնքան միակողմանի։ Ոսկեհատը գրեթե չէր պատասխանում՝ Մուրացանին սպասման տագնապներ պատճառելով։

 Երբ Ոսկեհատը ամռանը գնում էր Շուշի՝ հանգստանալու, Մուրացանը գրում էր․ «Երբ դու ինձ մոտ ես, ես արդեն հանգիստ եմ, իմ զգացմունքները կանոնավոր են, ես չեմ շտապում ու չեմ դանդաղում, բայց հենց դու հեռանում ես, ես նմանվում եմ մի մարդու, որի գանձը տարել են հեռու աշխարհ․․․»։

 

 

 

Ոսկեհատը

 

 

 

Նրանց համատեղ կյանքը տևում է 12 տարի։ Ունենում են երեք երեխա։ Մուրացանը մի քանի տեղ էր որպես հաշվապահ աշխատում, հոգ էր տանում ընտանիքի մասին, քնքշությամբ ու սիրով շրջապատում կնոջն ու երեխաներին։ Բայց շուտով պարզվում է, որ Ոսկեհատը դավաճանում է նրան, այն էլ Մուրացանի ամենամոտ ընկերոջ հետ․․․

Մուրացանը խզում է կապերը ընկերոջ հետ, իսկ իր կնոջ նկատմամբ չի ձեռնարկում որևէ ակնհայտ քայլ: Ոսկեհատը երեխաների հետ մեկնում է Գերմանիա՝ բամբասանքներին չդիմանալով։

  Տարիներ անց Մուրացանը մահանում է հոգեբուժարանում՝ միայնության մեջ։

 

 Իսկ Մուրացանի վերջին նամակի վերջին տողերն էին․ «Եկ, իմ կյա՛նք, իմ ուրախությո՛ւն, իմ երջանկությո՛ւն, իմ երկի՛նք, իմ արքայությո՛ւն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճանաչեմ»։

Ըստ Նարինե Թուխիկյանի