Դերենիկի տանը տասնյակ կատուներ կային, բացի այդ նա նաև հոգ էր տանում բակում ապրող տասնյակ չորքոտանիների մասին: Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով՝ նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան… Շառլոտան Դերենիկի կատուներից ամենասիրունն էր ու ամենադաստիարակվածը: Սիրելի կատուների մահը Դերենիկի համար իսկական ողբերգություն էր դառնում:
***
Ժնևի համալսարանում ուսանելու տարիներին Դեմիրճյանը ձեռք է բերում իտալական «Կրեմոնա» ջութակը 1797 թ. արտադրության: Որպես ազատ ուսանող Դեմիրճյանը հաճախում էր Ժնևի կոնսերվատորիայի ջութակի դասերին: Սահմանափակ միջոցների տեր ուսանողի համար նման թանկարժեք ջութակ գնելը մեծ շռայլություն էր: Գործիքի նկատմամբ մեծ պաշտամունքն էլ ապագա գրողին ստիպել է մեծ դժվարությամբ ձեռք բերել այն՝ նույնիսկ սննդի համար նախատեսված գումարը խնայելու հաշվին: Իր համար այսքան թանկ իրը Դեմիրճյանի հետ է եղել կյանքի ողջ ընթացքում: 1921 թ. Հայաստանից Թիֆլիս տեղափոխվելիս Դերենիկ Դեմիրճյանին թույլ չեն տալիս ջութակը իր հետ տանել: Այստեղ գրողին օգնության է հասնում արվեստի բաժնի վարիչ Եղիշե Չարենցը: Նա տեղեկանք է տալիս այն մասին, որ ջութակը պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, «Նա պրոֆեսիոնալ ջութակահար է, և նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»:
***
Դեմիրճյանի նկարչական ձիրքը դեռ վաղ մանկությունից է դրսևորվել: Արդահանի դպրոցի նրա ուսուցիչները Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելու համար բնութագիր են տվել՝ նշելով, որ իրենց սանը մեծ ունակություններ ունի երաժշտության և նկարչության ասպարեզներում. «Եթե հաշվի առնենք նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ ապագայում նա հայ գրականության մեջ փայլուն աստղ կդառնա»։