Ստեղծագործություններ
Քաոս
ԱՐՏԻՍՏԸ
Պատվի համար
Քաոս
ԱՐՏԻՍՏԸ
Պատվի համար
Քաոս

«Քաոս» վեպը Շիրվանզադեի լավագույն գործերից է։ Կարդա և մեծագույն բավականություն կստանաս։

Շիրվանզադեն «Գործակատարի հիշատակարանից», «Վարդան Ահրումյան», «Քաոս», «Պատվի համար» և այլ երկերում ներկայացնում է արդյունաբերական քաղաքի պատկերը։ Նա այսպես է բնութագրում այդ ժամանակահատվածը. «Իմ աչքերի առջև մարդ էակն իր նմանի կոկորդը բռնած, պատին սեղմելով, խեղդում էր, և ոչ մի անցորդ չէր փորձում խեղդվողին ազատել: Իրարու բոթելով ու հրելով, յուրաքանչյուրն աշխատում էր իր տեղը լայնացնել մրցման ասպարեզում, և, իհարկե, տուժում էին նրանք, որոնք անզոր էին իրենց ոտների վրա կանգնելու...»:

Վեպում ներկայացվում է մարդկային հարաբերությունների այդ քաոսը։

Վեպը գրվել է 1896-97թթ, սակայն թեմայի շուրջ գրողը մտմտացել է դեռևս 80-ական թթ.: Այդ մասին նա գրել է. «Ես երբեք երևույթների անմիջական տպավորությունների տակ չեմ գրում: Կան երևույթներ, որոնք խոշոր ու տպավորիչ են թվում միայն առաջին վայրկյանին և շուտով մոռացվում են` չթողնելով ոչ մի հետք դիտողի հիշողության մեջ: Կան և այնպիսիները, որոնք սկզբում թվում են աննշան, բայց ժամանակի ընթացքում ձևակերպվելով` խոշորանում են և ուշադրություն գրավում»:

«Քաոս․ Աշխարհի արարում» անունով հայտնի կտավ ունի Հովհ․ Այվազովսկին։ Իհարկե Շիրվանզադեի ու Այվազովսկու ստեղծագործությունները թեմատիկ առումով ուղղակի ընդհանրություն չունեն։

Այվազովսկու «Քաոսը» աստվածային արարման պահն է ներկայացնում, բարու և չարի, խավարի և լույսի պայքարը, որտեղ արարչական լույսը հաղթում է խավարին։ Նկարը Այվազովկին նվիրել է Հռոմի Գրիգորիոս 16-րդ պապին, որն էլ  նրան պարգևատրել է ոսկե մեդալով։Այժմ նկարը գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։

Ի՞նչ տպավորությունների ազդեցությամբ է գրվել «Քաոս» վեպը՝ կհարցնես դու:

1881-82 թթ. Բաքվում գրողի վրա ցնցող տպավորություն է թողնում մի նշանավոր գերդաստանում ծագած աղմկահարույց պատմությունը: Ընդհանուր առմամբ «Քաոսը» գրելիս Շիրվանզադեն մի քանի անգամ լինում է Բաքվում և այսպես է նկարագրում այն, ինչ տեսում է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը: Այստեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին` բարեկամի դեմ, եղբորը` եղբոր դեմ, որդուն` հոր դեմ: Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի տեսակ գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստվում են իրարու կոկորդ կրծոտել… Միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ` այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:

Արժե իմանալ

Սյուժեն, այլ խոսքով՝ դեպքերի զարգացման ընթացքը, որոշակի մասերից բաղկացած ամբողջություն է: Այդ մասերն են նախադրությունը, հանգույցը, կոնֆլիկտը, գագաթնակետը և լուծումը (վերջինը կամ առաջինը կարող են նաև չլինել): Ուշադիր լինելու դեպքում գլխի կընկնես, որ այս մասերը գոյություն ունեն նաև մեր կյանքում կատարված իրադարձությունների ընթացքում՝ սկիզբ, ինչ-որ հակասություն, որից հետո սկսում են զարգանալ գործողություններ, որոնք էլ հասնում են գագաթնակետին ու լուծում են ստանում:

Արժե իմանալ

Սյուժեն, այլ խոսքով՝ դեպքերի զարգացման ընթացքը, որոշակի մասերից բաղկացած ամբողջություն է: Այդ մասերն են նախադրությունը, հանգույցը, կոնֆլիկտը, գագաթնակետը և լուծումը (վերջինը կամ առաջինը կարող են նաև չլինել): Ուշադիր լինելու դեպքում գլխի կընկնես, որ այս մասերը գոյություն ունեն նաև մեր կյանքում կատարված իրադարձությունների ընթացքում՝ սկիզբ, ինչ-որ հակասություն, որից հետո սկսում են զարգանալ գործողություններ, որոնք էլ հասնում են գագաթնակետին ու լուծում են ստանում:

Վեպի նախադրությունը, այսինքն՝ նախամուտքը, Մարկոս աղա Ալիմյանի հիվանդության, մահվան և հոգեհացի պատմությունն է:

Կյանքի ի՞նչ  ուղի է անցել Մարկոս Ալիմյանը: Եղել է ջրկիր, դռնապան, խոհարար, ապա` վաճառական, զբաղվել մրգեղենի ու գինու առևտրով: Այնուհետև մասնակցել է Բաքվի նավթի համար մղվող մրցությանը և դարձել հայտնի մեծահարուստ: Նրան այսպես է ներկայացնում Շիրվանզադեն. «Եվ ահա այսօր մեռնում է անվանի քաղաքացին, խելացի մարդը, տոկուն վաճառականը, որ ամբողջ կյանքն անց է կացրել անդուլ գործունեությամբ, քրտինքը ճակատին՝ խիղճը հանձնած երկաթե սնդուկին և հոգին գրպանը դրած»:

Հետաքրքիր է, չէ՞․ կարծես թե դրական հատկանիշներ է թվարկում՝ խելացի, տոկուն, աշխատասեր, բայց խղճից զուրկ լինելն ու շահամոլությունը փոխում են ամբողջ պատկերը։

Ալիմյանը, պատվախնդիր է, հարգում է հայ եկեղեցու օրենքները և ավանդները, մտահոգվում է որդիների ճակատագրով (երկու որդիները` Արշակն ու Միքայելը, վարում են ցոփ ու շվայտ կյանք, իսկ ավագ որդին` Սմբատը, անտեսելով հայրենի ավանդները, ամուսնացել է ռուս կնոջ հետ):

 

Այս հատվածում գրողը ներկայացնում է Ալիմյանի զավակներին՝ Սմբատին, Միքայելին, Արշակին, Մարթային, յուրաքանչյուրի մասին տալիս որոշակի բնութագիր, և ընթերցողը սպասում է, թե նրանք իրենց կդրսևորվեն նոր իրավիճակում:

 Վեպի հանգույցն էլ դառնում է Մարկոս աղայի կտակը, որի շուրջ ծայր է առնում կոնֆլիկտը՝ հակասությունը, սկսվում են ընտանեկան բախումները:

 

 

Ըստ կտակի` հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, որը, սակայն, իրավունք չուներ իր բաժին ժառանգությունը կտակելու ռուս կնոջը և երեխաներին, սակայն եթե բաժանվեր և ամուսնանար հայ աղջկա հետ, նրանց երեխաները կլինեին օրինավոր ժառանգներ: Միջնեկ որդին՝ Միքայելը, իր բաժինը կարող էր ստանալ միայն վերափոխվելու և «հայ-լուսավորչական» աղջկա հետ ամուսնանալու դեպքում:

Ուրեմն վեպի կոնֆլիկտը կտակի շուրջը ծավալված շահերի բախումներն են. Միքայելն ու Մարթայի ամուսինը՝ Մարութխանյանը, աշխատում են կոնտր-կտակի միջոցով Սմբատին զրկել ժառանգությունից: Նախկին փաստաբան Իսահակ Մարութխանյանը` Ալիմյանի փեսան, բացահայտ արդարացնում է թալանն ու կողոպուտը: «Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեության դար է,- ասում է նա Միքայելին,- իսկ այդ դարը դեռ չի վերջացել: Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեության դեմ... Փո՛ղ, փո՛ղ... Նա է աշխարհի հավատը, սերը, աստվածը... Քոնը քիչ է, խլի՛ր հարևանիցդ, ընկերիցդ, եղբորիցդ: Ճանկերդ սրի՛ր ու ընկի՛ր, աշխարհի հոգին հանիր»:

Զարմանալի բան։ Վեպի հենց սկզբից մահանում է Մարկոս աղան, բայց ողջ ընթացքում կարծես շարունակում է ներկա լինել․որովհետև նրա միլիոններն ու կտակը  ապրողներին անընդհատ ինչ-որ գործողությունների են մղում։

Կյանքը երբեմն մարդուն դնում է անսպասելի իրավիճակների կամ փորձության, գայթակղության առաջ, և մարդը ստիպված է լինում ընտրություն կատարել: Այստեղ է, որ մարդը պետք է ուժեղ կամք ունենա՝ պահպանելու իր դիմագիծն ու արժանապատվությունը:

 

 

 

Ալիմյան եղբայրները «Քաոս» բազմասերիանոց ֆիլմում

                                                               

 Սմբատ Ալիմյան - Հայրը Սմբատին  դաժան ընտրության առաջ էր դրել․ դրդում էր բաժանվել ռուս կնոջից ու հայ աղջկա հետ ամուսնանալ, Սմբատի երեխաներին էլ զրկել էր ժառանգության իրավունքից։

Սմբատը թեև վաղուց այլևս չէր սիրում կնոջը, բայց պաշտում էր իր երեխաներին։ Ու շատ ցավալի էր հորն ու մոր նման վերաբերմունքն իր երեխաների հանդեպ։

Մարկոս աղայի պահանջը այսօրվա մտածողությամբ անընդունելի է, բայց այդ ժամանակաշրջանի համար՝ բնական։

Ընդհանրապես, մենք ունենք հնուց եկած ավանդույթներ ու չգրված կանոններ, որոնք մարդասիրական կարող են չթվալ, բայց դրանց հիմքում ազգապահպանման բնազդն է։ Եթե մեր պատմության բարդ ընթացքի ժամանակ նման կանոնները չգործեին, մենք արագորեն կձուլվինք  մյուս ազգերին։

 Դառնալով միլիոնների ժառանգ` Սմբատը կանգնում է մի այլ երկընտրանքի առաջ ևս: Նա ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով և հոր հարստությունը համարել անարդար վաստակ, քննադատել ու դատապարտել էր հարուստներին։ Այժմ Սմբատը միլիոնատեր է:

 

Քննարկում

Մի պահ քեզ պատկերացրո՛ւ Սմբատի փոխարեն. ինչպե՞ս կվարվեիր դու:

Սմբատ Ալիմյանը (դերակատար՝ Սոս Սարգսյան) «Քաոս» ֆիլմում (1973թ

 

Գրողը աստիճանաբար բացում է նրա խոսքի ու գործի հակասությունը: Սմբատը գործողությունների զարգացման ընթացքում ձեռք է բերում նոր հատկանիշներ, հոգեբանորեն երկփեղկվում է. «Այո՛, նա շատ անգամ էր ասել, թե մեր ժամանակներում շիտակ միջոցներով հարստություն դիզել անհնար է, թե բոլոր հարուստները մի տեսակ վամպիր են, որ ծծում են մարդկության արյունը: Եվ ահա այսօր նա կանգնած է աշխատավորների արյունով ու քրտինքով վաստակած հարստության գլխին: Ի՞նչ անել այժմ. հավատարիմ մնալ անցյալի՞ն, արհամարհելով, բոլորը հանձնել եղբորն ու մնալ աղքա՞տ, ինչպես էր դեռ մի ամիս առաջ»:

Սմբատը փորձում է ինքն իրեն համոզել, որ անազնիվ ճանապարհով դիզած հարստությունը կարելի է օգտագործել ազնիվ նպատակներով, սակայն բավարարվում է միայն բանվորների համար կացարաններ կառուցելով: Սմբատն աստիճանաբար դառնում է հաշվենկատ, սկսում է հրաշալի վարել հոր գործերը: Բայց հոգու խորքում դատարկություն է մնում։ Վեպն ավարտվում է Միքայելի ու Շուշանիկի միավորման լուրով և Սմբատի հետևյալ խոսքերով․«Միքայելը բախտավորվեց, իսկ ես միշտ անբախտ կմնամ»։

 

 

Քննարկում

Ի՞նչ ես կարծում, Սմբատն ի՞նչ նկատի ունի՝ «միշտ անբախտ կմնամ ասելով»։

1․ Շուշանիկին ընդմիշտ կորցնելու ափսոսանքը։

2․ Իր անձնական երջանկության անհնարինությունը։

3․ Իր երկփեղկված կյանքը, բազմաթիվ հոգսերը։

4․ այլ

21-րդ դարի «Քաոսը» (16 սերիա)։ Դերերում․ Սոս Ջանիբեկյան՝ Միքայել, Մկրտիչ Արզումանյան՝ Սմբատ, Աննա Էգոյան՝ Շուշանիկ։

Այս ֆիլմը զգալիորեն տարբերվում է Շիրվանզադեի վեպից, թեև հիմնական սյուժետային գծերը պահպանված են։ Ֆիլմի հեղինակները վերջում նույնիսկ Մարկոս Ալիմյանի երկրորդ, ավելի գթասրտորեն գրված կտակն են ի հայտ բերում, որտեղ նա որդիներին կոչ է անում միասնական լինել։

Միքայել - Իսկ ինչպե՛ս է արձագանքում Միքայելը կյանքի նոր փորձությանը։

Միքայելը վեպի սկզբում «ոսկի երիտասարդության» տիպիկ ներկայացուցիչ է, որը չունի կյանքի որոշակի նպատակ, ապրում է` մարմնական հաճույքներ վայելելով, հոր գումարները խնջույքներում վատնելով: Միքայելին ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում, անգամ հոր մահը չի հուզում նրան, միակ բանը, որ անհանգստացնում էր նրան, հոր թողած կտակն էր։ Նա գրեթե վստահ էր, որ ինքն է հոր ունեցվածքը ժառանգելու և կտակի բովանդակությունը իմանալուց հետո թշնամանում է Սմբատի հետ։

Միքայելի հոգեբանական շրջադարձը կատարվում է աստիճանաբար։ Նրա վերափոխման գործում էական դեր են խաղում մի շարք գործոններ, որոնցից ամենաազդեցիկը սերն էր Շուշանիկի հանդեպ։ Այն սկզբում նվաճելու ցանկություն էր, ապա հիացմունք և կապվածություն, հետո վերաճում է սիրո և լիովին փոխում Միքայելին։ Շուշանիկը արհամարհում ու բարոյական ապտակ է տալիս հղփացած երիտասարդին: Միքայելը սկսում է մտածել իր անցած կյանքի մասին և աստիճանաբար վերափոխվում է, դուրս է գալիս ապականված միջավայրից:

                                   

Շուշանիկ - Շուշանիկը քնքուշ, ազնիվ ու առաքինի աղջիկ է, որը նման է ամայի դաշտում բուսած մի մանուշակի: Շուշանիկը աշխատավոր մարդկանց կողքին է, նրանց սև աշխարհի լույսի շողը: Բանվորները մեծագույն հարգանքով ու սիրով են վերաբերվում նրան, «այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել և շատերի վերքերի սպեղանին փոխել»: Սմբատ Ալիմյանի կինը` Անտոնինա Իվանովնան, և Շուշանիկը` երկու տարբեր ազգերի կանայք, մերժում են  դրամապաշտների աշխարհը, առաջնորդվում են բարձր գաղափարներով:

Սկզբում Շուշանիկը անտարբեր չէր Սմբատի նկատմամբ, որը իդեալական գծերով էր երևում աղջկան։ Սակայն հանքերում տեղի ունեցած հրդեհը բեկումնային պահ է դառնում նրա համար։ Փրկելով Շուշանիկի ու նրա ընտանիքի անդամների կյանքը՝ Միքայելն արժանանում է աղջկա հիացմունքին ու սիրուն։ Իսկ Սմբատը փող է առաջարկում նրան, ով կփրկի նրանց։ Նրա այդ արարքը  հիասթափեցնում է աղջկան։

Միքայելը և Շուշանիկը ամուսնանում են։

Կերպարների բնավորությունների այս փոփոխությունները կատարվում են աստիճանաբար, որոշակի գործողությունների զարգացման արդյունքում: Ի վերջո, վիպական գործողությունների զարգացումը հասնում է գագաթնակետին: Կոնֆլիկտի զարգացման բարձրակետը հրդեհի տեսարանն է, որ միաժամանակ կոնֆլիկտի լուծումն է: Նախկինում ազատամիտ հովերով տարված Սմբատը դառնում է մի մարդ, որի համար կարևոր չափանիշ է փողը: Միքայելը դուրս է գալիս «ոսկի երիտասարդության» շրջանից և Շուշանիկի բարերար ազդեցությամբ կանգնում է ազնիվ ճանապարհի վրա:

Քննարկում

Որոշ քննադատներ ասում են, որ վեպի այսպիսի ավարտը, Միքայելի փոխվելը իրատեսական չէ։

 Ի՞նչ կարծիքի ես, մարդը սիրո շնորհիվ կարո՞ղ է փոխվել, թե՞ այդ փոփոխությունը  կարող է միայն ժամանակավոր լինել։

Միշտ չէ, որ հարստությունը մարդուն կարող է երջանկացնել։ Արտաքին և ներքին կյանքի քաոսը, միլիոնները չկորցնելու վախը մարդուն զրկում են հոգեկան խաղաղությունից և այլ մարդկանց հետ անկեղծորեն հարաբերվելու հնարավորությունից:

Գուցե հարցնես՝ մարդիկ չե՞ն կարող  ունևոր լինել և խուսափել այդ բացասական երևույթներից:

Կարող են:

 Մարդն ունի ընտրություն կատարելու հնարավորություն և յուրաքանչյուր իրավիճակում ինքն է որոշում, թե ի՛նչն է իր համար արժեքավոր, կարևոր, պատիվ բերող:

Ուշադրություն դարձրու վերջին բառին՝ պատիվ:  Այս թեմայով ևս Շիրվանզադեն ստեղծագործություն ունի, գնանք՝ քննարկելու «Պատվի համար» դրաման։

ԱՐՏԻՍՏԸ

Հոգեբանական նուրբ ստեղծագործություն է նաև «Արտիստը» պատմվածքը։ 1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվում է Օդեսա։ «Արտիստի» Լևոնին ես տեսել եմ Օդեսայում 1899-ին»,- գրել է Շիրվանզադեն, բայց պատմվածքը գրել է մի քանի տարի հետո Բաքվում։

Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազանքները, սերը, կյանքը։

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, որը 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Հոր մահից հետո մայրը նրան ուղարկում է ատաղձագործություն սովորելու, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։

Լևոնը։ Կադր 2010թ․ նկարահանված «Արտիստը» ֆիլմից։

Լևոնը արվեստի ստեղծագործությունները խորությամբ զգալու ունակություն ուներ։ Անծանոթ արտիստների ելույթներից հետո սովորաբար հանդիսատեսը վարանում էր առաջին գնահատականը տալ։ Նման դեպքերում Լևոնը առաջինն էր ծափահարում,  մյուսներն էլ հետևում էին նրան։

Լևոնը սիրահարված էր տանտիրուհի Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային, որը երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լևոնը վճռում է, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում։

 

Կադր «Արտիստը» ֆիլմից (Լևոնը ու Լուիզան)։

Լևոնն աստիճանաբար ձեռք է բերում վատ սովորություններ: Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։

Մի քանի օր հետո սրիկաները թալանում են նրան, գողանում կիթառը, բաճկոնը և կոշիկները. աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ։ Ահա այս ամենից հետո Լևոնն իմանում է, որ Լուիզան ամուսնացել է։

Շուտով «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո Լևոնը պետք է մեկներ Իտալիա, նավաստիները հանում են նրա դին:

 

Քննարկում

Հիշու՞մ ես Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսին՝ Անտոնիոյին:  Համեմատի՛ր այս երկու պատանիներին: 

Համոզված եմ՝ այս հպանցիկ ներկայացված պատմությունից անգամ տխրեցիր, բայց ավելի լավ հասկանալու Լևոնի բնավորությունն ու քայլերի տրամաբանությունը կարդա պատմվածքը: Այն մտորելու առիթ է տալիս: Ընթերցի՛ր այն և ընկերներիդ հետ քննարկիր Լևոնի կերպարը։

Ինչպե՞ս ես գնահատում նրան, սիրած աղջկան հասնելու համար ի՞նչ դժվարությունների էր պատրաստ, արդյոք ուժե՞ղ էր, թե՞ թուլակամ:

Մի՞թե Լուիզայի ամուսնության փաստը այնքան զորեղ առիթ էր, որ նա դիմում է ինքնասպանության:

Չմոռանաս նաև, որ Լուիզան նրան քրոջ պես էր սիրում, ու Լևոնի սպասումներն ու ծրագրերը անհիմն էին։

Եվ առհասարակ, գրեթե բոլոր մարդկանց կյանքում էլ կարող են տեղի ունենալ ճակատագրական իրադարձություններ, որոնք կարծես փորձության են ենթարկում նրանց: Հենց այս պահերին է հատկապես երևում, թե մարդը որքա՛ն ուժեղ է և ինչպե՛ս է դիմակայում կյանքի հարվածներին:

Պատվի համար

Մեծահարուստ Անդրեաս Էլիզբարյանն ընկերոջ՝ Օթարյանի մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով նրա ընտանիքը։ Սակայն ընկերոջ որդին՝ Արտաշեսը, ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ 

Դրամայի հանգույցը ավելի է բարդանում. Արտաշես Օթարյանն ու Էլիզբարյանի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, սիրում են միմյանց: Մարգարիտը ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարյանը պատրաստ է ամեն ստորության։

Նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որոնք Մարգարիտի մոտ էին։ Այրելով այդ փաստաթղթերը՝ հայրն այրում է նաև իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։

 

Արժե իմանալ

Գրական ստեղծագործություններն իրարից տարբերվում են ոչ միայն բովանդակությամբ, այլև կյանքի արտացոլման սկզբունքով, կառուցվածքով, ընդգրկմամբ։ Առաջինը հույն փիլիսոփա Արիստոտելն է իր «Պոետիկա» աշխատության մեջ գրական երկերը բաժանել երեք մեծ խմբի (որոնք հետագայում անվանվել են գրական սեռեր)` էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական:

Դրամատիկական երկերը իրենց հերթին բաժանվում են երեք տեսակի՝

1․կատակերգությունը պատկերում է կյանքի կատակերգական, ծիծաղելի կողմերը,

2․ողբերգությունը՝ ողբերգական կողմերը,

3․դրաման ավելի մոտ է իրականությանը, միաժամանակ պատկերում է կյանքի և՛ զավեշտական, և՛ ողբերգական կողմերը:

Կադր «Պատվի համար» ֆիլմից (1956թ․),

Արժե իմանալ

Գրական ստեղծագործություններն իրարից տարբերվում են ոչ միայն բովանդակությամբ, այլև կյանքի արտացոլման սկզբունքով, կառուցվածքով, ընդգրկմամբ։ Առաջինը հույն փիլիսոփա Արիստոտելն է իր «Պոետիկա» աշխատության մեջ գրական երկերը բաժանել երեք մեծ խմբի (որոնք հետագայում անվանվել են գրական սեռեր)` էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական:

Դրամատիկական երկերը իրենց հերթին բաժանվում են երեք տեսակի՝

1․կատակերգությունը պատկերում է կյանքի կատակերգական, ծիծաղելի կողմերը,

2․ողբերգությունը՝ ողբերգական կողմերը,

3․դրաման ավելի մոտ է իրականությանը, միաժամանակ պատկերում է կյանքի և՛ զավեշտական, և՛ ողբերգական կողմերը:

«Պատվի համար» դրաման առաջին հայացքից հիշեցնում է Սունդուկյանի «Պեպո» կատակերգությունը, բայց միայն առաջին հայացքից։ Այն հետաքրքիր սկզբունքով է կառուցված․ յուրաքանչյուր հերոս ունի պատվի իր ըմբռնումը, պատիվ հասկացությունը ընկալում է յուրովի և ամեն ինչ անում  իր պատվի համար։ Օրինակ՝ Էլիզբարյանը հայտնի մեծահարուստ է։ Նրա պատիվը իր հանրային հեղինակությունն է, չարատավորված անունը։ Հանուն իր հեղինակության՝ նա պատրաստ է անցնելու անգամ հարազատ մարդկանց վրայով։ Նա իր ողջ կարողությունը կուտակել է խաբեության, կողոպուտի միջոցով և չի ուզում, որ բոլորն իմանան այդ մասին։  

«Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես, բարձրացնես»,- սա է Էլիզբարյանի` մարդու մասին ունեցած կարծիքը, որն էլ ամբողջացնում է նրա մարդկային նկարագիրը:

Արժե իմանալ

Շիրվանզադեն «Պատվի համար» դրաման գրել է 1904 թ․։ Նույն թվականին առաջին անգամ այն բեմադրվել է Բաքվում։ Կարճ ժամանակում դրաման ամենուր սիրվեց։ Մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել է 300 անգամ, որը աննախադեպ իրողություն էր ժամանակի հայ դրամատուրգիայի համար։ Գր. Զոհրապը «Պատվի համար» դրամայի մասին գրել է. «Հատոր մը պետք է ամբողջ այս հրաշակերտը վերլուծելու համար: Այս բոլոր դեմքերեն ամեն մին Շիրվանզադե իր սուր ու անողոք գրոցով փորագրած է»:

Կադր «Պատվի համար» ֆիլմից (1956թ․), որտեղ խաղում են հայ բեմի լեգենդները՝ Հրաչյա Ներսիսյանը (Անդրեաս Էլիզբարյան), Ավետ Ավետիսյան (Սաղաթել), Վարդուհի Վարդերեսյանը և ուրիշներ։

Արժե իմանալ

Շիրվանզադեն «Պատվի համար» դրաման գրել է 1904 թ․։ Նույն թվականին առաջին անգամ այն բեմադրվել է Բաքվում։ Կարճ ժամանակում դրաման ամենուր սիրվեց։ Մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել է 300 անգամ, որը աննախադեպ իրողություն էր ժամանակի հայ դրամատուրգիայի համար։ Գր. Զոհրապը «Պատվի համար» դրամայի մասին գրել է. «Հատոր մը պետք է ամբողջ այս հրաշակերտը վերլուծելու համար: Այս բոլոր դեմքերեն ամեն մին Շիրվանզադե իր սուր ու անողոք գրոցով փորագրած է»:

 Հիմնական բախումը տեղի է ունենում հոր` Անդրեաս Էլիզբարյանի և դստեր` Մարգարիտի միջև: Էլիզբարյանի առջև ծառանում է անլուծելի մի հարց` ո՞ւմ պատիվը փրկել: Աղջիկը պահանջում է վերադարձնել Օթարյանին այն ամենը, ինչ օրենքով նրան է պատկանում: «Ասում է` դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով… Կարծում է՝ կարելի բան է, կարծում է, թե դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ: Իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ»,- ասում է Էլիզբարյանը:

Տեսնո՞ւմ ես, անգամ անազնիվ մարդիկ ունեն պատիվ, որն իհարկե տարբերվում է ազնիվ մարդկանց պատվի պատկերացումներից:

Էլիզբարյանը ճակատագրական որոշումը կայացնում է Սաղաթելի խոսքերից հետո, որը, ի պատասխան այն հարցին, թե ինչպե՛ս կարձագանքի հասարակությունը Էլիզբարյանի գողության պատմությունը իմանալուց հետո, ասում է. «Ի՞նչ պիտի մտածեն, կասեն, որ Էլիզբարյանը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը ետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս… ես քեզ կհամարեմ հիմարի մեկը…»:

Ուրեմն, վտանգված էր հայր Էլիզբարյանի պատիվը: Նա բոլոր միջոցները գործադրում է Մարգարիտի վրա ազդելու, սակայն աղջիկը հորից միայն «պատվի օժիտ» է խնդրում: «Չեմ թաքցնում,- ասում է Մարգարիտը հորը,- ես սիրում եմ Օթարյանին, բայց քո պատիվն ավելի եմ սիրում, որովհետև ծնողի ազնվությունը ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը»:

Ինչպես նկատում ես, Մարգարիտը համեստ, ազնիվ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անհատականություն է, որի համար թանկ են և՛ հոր, և՛ սիրած մարդու` Արտաշես Օթարյանի պատիվը: Արտաշեսը Մարգարիտին էր վստահել նրա հոր հանցավորությունն ապացուցող փաստաթղթերը։ Երբ Էլիզբարյանը վերցնում և այրում է դրանք, Մարգարիտը այդ անպատվությունից հետո այլ ելք չի գտնում, քան ինքնասպանությունը։

Կադր 21-րդ դարի «Պատվի համար»-ից․ Օթարյան և Մարգարիտ

 Ուշադրությո՛ւն դարձրու հետևյալ հարցին. մի՞թե ինքնասպանությունը ճիշտ ճանապարհ է պատիվը փրկելու համար:

Կարծում եմ՝ գիտես, որ ինքնասպանությունը անուղղելի սխալ արարք է․ ցանկացած իրավիճակում կա ելք, պարզապես պետք է փնտրել, մտածել: Բայց և մի՛ շտապիր Մարգարիտին մեղադրելու այդ քայլի համար: Նա այդ պահին այլ ճանապարհ չի տեսնում: Իրեն վստահված ապացույցը ոչնչացվել էր, այրվել էր իր պատիվը, իսկ անպատիվ ապրել նա չէր կարող։ Նա ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը՝ ասում է, թե փաստաթղթերն ինքն է այրել․․․

Քննարկում

Ի՞նչ է քեզ համար պատիվը:

Իսկ ի՞նչ էր պատիվը մյուսների համար:

Էլիզբարյանի ավագ որդին՝ Բագրատը, ինժեներ-տեխնոլոգ է, գործարար: Նրա կյանքի նպատակը ֆինանսական հզոր սյուն լինելն է, դառնալը մեկը այն հսկաներից, որոնց ձեռքում է ժամանակի ամենամեծ ուժը` կապիտալը: Բագրատը արդարացնում է հոր արարքը՝ ասելով. «Ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին այս կամ այն կերպ: Վերջապես հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում: Տարբերությունն այն է, որ հները զրկում են հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով»: Բագրատը Մարգարիտին խորհուրդ է տալիս չվերադարձնել փաստաթղթերը:

 

Կադր 21-րդ դարի «Պատվի համար»-ից․ Անդրեաս Էլիզբարովը կնոջ՝ Երանուհու հետ։

Կրտսեր եղբայրը՝ Սուրենն էլ ուներ պատվի մասին իր պատկերացումը: Նա «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ է, որի նպատակը քաղաքի առաջին հարբեցող Աբուլովի հետ մրցելն է: Նա իր ապրելակերպը արդարացնում է՝ ասելով. «Մեր փողը կեղտ է, նրա փչացնելը մեղք չէ»:

Իսկ ահա Էլիզբարյանի ավագ դստերը՝ Ռոզալյային, հետաքրքրում են միայն իր հագուստներն ու փետրազարդ գլխարկները:

Քննարկում

Ժամանակները փոխվում են, բայց մարդու էությունը՝ ոչ։ Քո շրջապատում հանդիպե՞լ ես Ռոզալյայի, Սուրենի և Բագրատի մտածողությամբ մարդկանց։

Արժե իմանալ

 

Շիրվանզադեն այն անխախտ համոզմունքն ուներ, որ գրականությունը զվարճության աղբյուր չէ: Մի առիթով ասել է. «Երբ ինձ ասում են, թե իմ գրվածքը կարդացել են և բավականություն են ստացել, կատաղությունս բռնում է: Ես նրանց օգնում եմ կյանքը իմանալ, մարդուն հասկանալ, իսկ նրանք բավականությունից են ճառում: Գրողը նրա համար է, որ խառնվի կյանքին, օգնի մարդուն ապրել: Այլ ըմբռնում չունեմ և հազար տարի էլ անցնի, չեմ կարող հաշտվել վերացական, անգաղափար գրականության հետ»:

Ուրեմն, գրողը իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ ընթերցողի առջև բացում է կյանքի, մարդկային հարաբերությունների ուրույն մի պատկեր և փորձում անուղղակիորեն մատնանշել հնարավոր ճիշտ ու սխալ ուղիները՝ ընտրությունը թողնելով ընթերցողին:

 

Արժե իմանալ

 

Շիրվանզադեն այն անխախտ համոզմունքն ուներ, որ գրականությունը զվարճության աղբյուր չէ: Մի առիթով ասել է. «Երբ ինձ ասում են, թե իմ գրվածքը կարդացել են և բավականություն են ստացել, կատաղությունս բռնում է: Ես նրանց օգնում եմ կյանքը իմանալ, մարդուն հասկանալ, իսկ նրանք բավականությունից են ճառում: Գրողը նրա համար է, որ խառնվի կյանքին, օգնի մարդուն ապրել: Այլ ըմբռնում չունեմ և հազար տարի էլ անցնի, չեմ կարող հաշտվել վերացական, անգաղափար գրականության հետ»:

Ուրեմն, գրողը իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ ընթերցողի առջև բացում է կյանքի, մարդկային հարաբերությունների ուրույն մի պատկեր և փորձում անուղղակիորեն մատնանշել հնարավոր ճիշտ ու սխալ ուղիները՝ ընտրությունը թողնելով ընթերցողին: