Րաֆֆուն մեղադրել են, թե «Կայծեր»-ի հերոսները հոգեբանորեն հիմնավորված, լիարժեք չեն, պարզապես միջոց են Րաֆֆու գաղափարները ներկայացնելու համար։ Այս միտքը ստուգելու համար ուշադրություն դարձրու, թե կարդալու ընթացքում կերպարները քո երևակայության մեջ սկսու՞մ են ապրել , դու մտովի տեսնո՞ւմ ես նրանց կամ նրանք հիշեցնու՞մ են քեզ ծանոթ այլ մարդկանց։
Րաֆֆու որոշ ժամանակակիցները չէին պատկերացնում, թե նման նվիրյալներ կարող են հայտնվել իրականության մեջ, նրանք նաև չէին պատկերացնում, որ Րաֆֆու ստեղծագործություններով կրթված հայը դեռ պիտի ծներ Նժդեհ, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե, 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ․․․
Արի մի փորձ էլ անենք։
Վերհիշենք կամ ծանոթանանք հոգեբանական տիպերին և փորձենք ճշտել, թե «Կայծերի» 5 հերոսներից յուրաքանչյուրը՝ Ֆարհատը, Կարոն, Ասլանը, Սագոն, Համրը, հոգեբանական ո՞ր տիպին են պատկանում։ Եթե հաջողվի, կունենանք ևս մեկ ապացույց, որ Րաֆֆին ստեղծել է լիարյուն և իրարից տարբեր կերպարներ։
Սանգվինիկ- Ռեակտիվ խառնվածք ունի, աշխատասեր է, ունի փոփոխվող տրամադրություն։ Հեշտությամբ է հարմարվում նոր իրավիճակներին։ Արդյունավետ գործիչ է՝ արտահայտիչ դիմախաղով։
Ֆլեգմատիկ – տրամադրությունը կայուն է, ռեակցիան ՝ որոշ չափով դանդաղ։ Բարդ իրավիճակներում մնում է հանգիստ և զուսպ։ Վարքը շատ դեպքերում ճկուն չէ։ Հաջողության է հասնում ավելի համբերութուն պահանջող աշխատանքներում։ Դանդաղկոտությունը փոխհատուցվում է ջանասիրությամբ։
Մելանխոլիկ – Զգացմունքային է, հեշտ խոցվող, տարված է իր ապրումներով, ներաշխարհով, խուսափում է նոր իրավիճակներից, շփումներից։ Հաջողության է հասնում այնպիսի աշխատանքում, որոնք բարձր զգայունություն և դիտողունակություն են պահանջում
Խոլերիկ – Արագաշարժ է, հանդուգն, բռնկուն, երբեմն՝ ագրեսիվ, երբ նվիրվում է մի գործի, իրեն չի խնայում։
Քո տիպը որոշելիս նկատի ունեցիր, որ այս տիպերը հաճախ խառնված են լինում։