-
Դուրյանի բանաստեղծություններն ընկալելու համար պետք է հաղթահարենք արևմտահայերենը հասկանալու խնդիրը, որը շատ հեշտ է։ Մի քիչ եթե լսես ու կարդաս այդ լեզվով, հայերենի այդ գեղեցիկ տարբերակը քո սիրելին կդառնա, իսկ առանձին անհասկանալի արտահայտությունների դեպքում դիմիր բառարանի օգնությանը։
-
Բանաստեղծությունների հմայքը զգալու համար շատ կարևոր է անսովոր մակդիրներով կառույցներին, փոխաբերություններին ուշադրություն դարձնելը։ Օրինակ՝ «բույլ մը նայվածք» արտահայտությունը։ Բույլ-ը աստղերի խումբն է և անսովոր է նայվածք բառի կողքին դնելը։ Բայց Դուրյանը տեսել է աստղային կրակ այդ հայացքի մեջ (ու ոչ թե մեկ, մի խումբ աստղերի փայլ), և ծնվել է անսովոր, չքնաղ պատկեր։
-
Դուրյանը թողել է շուրջ 40 բանաստեղծություն՝ մեծ մասը գրված կյանքի վերջին տարում, երբ արդեն անբուժելի հիվանդությունը օր օրի խլում էր նրա ուժերը։
Դրանք նոր շնչով, ձևով ու բովանդակությամբ ստեղծագործություններ են, մի քանիսը բանաստեղծական գյուտեր, գլուխգործոցներ։
-
Մինչև Դուրյանը, բնությունը եղել է գեղեցկության չափանիշ, կինը գեղեցիկ էր, ինչպես վարդը, մանուշակը, երկինքը, իսկ Դուրյանի պոեզիայում մարդու պաշտամունք կա, մարդը ավելի բարձր է կանգնած։ Բնությունը գեղեցիկ է այն չափով, որքանով հիշեցնում է սիրած էակին։
Թե չը նմաներ
Կապույտն եթերաց
Կույսին աչերաց`
Երկինք ո՞վ կ’նայեր:
«Նե» բանաստեղծությունից է հատվածը (Դուրյանի նե-ն «նա» դերանունն է իգական նշանակությամբ, ինչպես անգլերենի she-ն), որտեղ ասվում է, որ եթե երկնքի աչքերը կույսի աչքերին նման չլինեին, երկինք չէինք նայի։
-
Դուրյանին ռոմանտիկ հեղինակ են համարում, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետև որոշ բանաստեղծություններում նա հոգեբանական ռեալիզմի է հասնում, ավելի ճիշտ՝ այնպիսի կատարելության, որը վեր է ցանկացած ուղղությունից։ «Նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը». անմիջական ապրումների ուժը հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրացնում դրանցից», -սա ռուս գրաքննադատ Վալերի Բրյուսովի կարծիքն է Դուրյան բանաստեղծի մասին: