Վիլյամ Սարոյանն ու Վիկտոր Համբարձումյանը
․․․Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ զարմանալի մարդը: Զարմանքն ամենից ավելի ուժեղ ու հատկանշական է երեխաների մոտ՝ մաքուր, ազնիվ, անսահմանորեն գեղեցիկ։ Երջանիկ են այն մարդիկ, որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա և այն էլ՝ հանճարեղ:
Վիլյամ Սարոյանը մարդկային ապրումների, հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր, որ երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց: Ուր էլ գնաց, տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու. «Իմ սիրտը լեռներում է»:
Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի։ Նա բուռն է, պոռթկուն, խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ... Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը:
Վիլյամ Սարոյանը նկարիչ Հենրիկ Սիրավյանի և Հրանտ Մաթևոսյանի հետ։
․․․Նրա համար՝ իրենից առաջ գրականություն չի եղել, նա գրականությունից չի գալիս։ Նա գալիս է ինքը իրենից․ «Ձեր պատերազմը ձեր քաղաքակրթության ծնած հրեշն է, ձեր քաղաքակրթությունը ձեր պատերազմից ինքներդ պաշտպանեցեք», ինքը ստեղծում է իր քաղաքակրթությունը․․․
Սարոյանն ու մարշալ Հովհ․ Բաղրամյանը։
․․․ Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկում մի հրաշագործ կա, որը ծղոտը ոսկու է փոխարկում. ճիշտ այդպես Սարոյանն ամեն ինչ գրականության է վերածել: Նա մի ամբողջ մոլորակ է, լուսատու, միկրոտիեզերք: Եվ վերջապես, եթե գրականությունը կարող է պրակտիկ գործառույթ ունենալ, Սարոյանը դարման է, բալասան, անմահական ջուր, մարդկայնության հուսալի պատվար: Այլ կերպ ասած՝ նա մեր ուսուցիչն է, խորհրդատուն, հավերժական ուղեկիցը: Շատ տխուր կլիներ աշխարհ գալ և Սարոյանին անհաղորդ մնալ։
Աշխարհի չարության ու ժլատության, ատելության ու սարսափի, արատավորության ու նեխվածության դեմ դու պարզել ես քո հսկայական բարությունն ու շռայլությունը, սերն ու մանկական մաքրությունը։ Դու այս աշխարհում քո բարության անհուն աշխարհն ես ստեղծել, և այդ աշխարհում ապրում են մարդիկ, որոնք ասես Սասնա ծռերի մասին հյուսված մեր էպոսից, մեր հեքիաթներից են դուրս եկել։ Դու ինքդ էլ ասես այդ հերոսներից մեկն ես․․․
Սարոյանը Ավ․ Իսահակյանի կիսանդրիի կողքին։
Յոթանասունն անց այդ մարդը հրաբուխ է․․․ Եթե շատ գրողներ մտածում են, թե իրենց գործերն ապագայում ինչ փառք կբերեն իրենց, ապա Սարոյանը մտածում է , թե իր գործերը կկարողանա՞ն թեկուզև մի փոքր ազնվացնել աշխարհը։
Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ի՛նչ չի սիրում և չի՛ կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած է սրտի այնպիսի մի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում:
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: