Իր մասին

«Սայաթ-Նովան պալատում», նկարի հեղինակ՝  Ալեքսանդր Գրիգորյան

 

 

Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։

***

Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան:

Հովհաննես Թումանյան

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի․․․

***

Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել

ես դու.—

Քեզ միայն քո յարն է վառել,— քանի՜ յարեր վառել

ես դու։—

Եղիշե Չարենց

Սայաթ-Նովան․․․ այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ոչ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող․․․․ Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ:

Ու երբ խոսում է նա, մենք լռում ենք։ Մենք ձուլվում ենք նրան, միանում ու լրանում։ Ու չես հասկանում՝ նա՞ է խոսում, թե՞ ինքդ․ նա՞ է սիրում, թե՞ դու, նա՞ է այրվում, թե՞ մենք։

***

Եվ ամենուրեք, բոլոր երգերի մեջ մենք տեսնում ենք նրա ասպետական ոգին։ Իր այդ բոցավառ, ալեկոծ զգացմունքների հրդեհի ու հեղեղի մեջ այնուամենայնիվ նա նրբանկատ է, պարկեշտ և ազնվական։

Պարույր Սևակ

Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը․ նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին:

***

Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե։

***

Միջնադարյան այդ լիիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային գրականության մեջ։

Վալերի Բրյուսով, ռուս գրականագետ

Սայաթ-Նովան այնպիսի գանձ է ու մեծություն, որ նրանից կարող են բաժին առնել բոլոր ժողովուրդներն էլ։ 

Նոդար Դումբաձե, վրացի արձակագիր

Քանի῀ տարի մեջլիսներում տաղ ես ասել, Սայա՛թ-Նովա,

Քանի῀ տարի դու սրտերի հե῀տ ես խոսել, Սայա՛թ-Նովա,

Կարո՛տ բլբուլ, ամեն գարուն եկե῀լ ես դու վարդերի հետ

Ու սիրելով, ու սիրվելով` մե῀զ ես հասել, Սայա՛թ-Նովա:

 

 

 

Սիլվա Կապուտիկյան

Անմահ երգի շող ու շարբաթ ու ադամանդ այնքան գտար,

Գյոզալների գովքը արիր, ոչ մի գյոզալ քեզ չգթաց,

Ձայնդ հասավ Հինդ ու Հաբաշ, Արաբստան ու Չինմաչին,

Բայց ոչ մի տեղ վառվող վերքիդ դեղ ու դարման դու չգտար։

 

Համո Սահյան