Իր մասին

Դու ընդամենը անհատ էիր, բայց ինչպիսի անհատ։ Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում ու բնության ուժն է բերում ժողովրդին։ Եվ սիրում էինք քեզ, որովհետև չենք կարող բնությունը չսիրել։ ժողովուրդը քեզ  ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում ու չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից։

Մարտիրոս Սարյան

Նա փառք չէր փնտրում: Փառքը, սակայն, արդեն «Զանգակատնից» հետևում էր իրեն: Սրա «գաղտնիքը» միայն ինքը` բանաստեղծը գիտեր: Հարուստ ու եռուն, մտավոր ու հոգևոր անհանգիստ կյանք, անսահման անկեղծություն, ինքնայրում ու բոցավառում, խոսքի ու գործի ներդաշնակություն - «գաղտնիքը» բնավորության այս գծերն էին, որ շարունակվում էին և´ պոեզիայում, և´ բանասիրության ու հրապարակախոսության մեջ։ 

Ալբերտ Արիստակեսյան, գրականագետ

Նա ազատ էր որպես արարող, գամված էր իր ազգի վերքին՝ իբրև Պրոմեթևս: Եվ նա վեր խոյացավ ցավից ու տոնեց մահվան հանդեպ իր հաղթանակը։ Մեծ Հայաստանը մեծ մոր նման հպարտանում է, որ աշխարհին պարգևել է ճշմարիտ բանաստեղծի։

 

***

Կաթիլի մեջ տեսավ աշխարհը, իսկ ցորենհատի մեջ՝ երկիր մոլորակի հարստությունը, հայոց թախծի մեջ դրեց վիշտն համամարդկային, նորածնի ճիչի մեջ լսեց տիեզերքի ուրախության երգը. ահա սրանով էլ նա հասկանալի է ընդմիշտ ու ամենքին։ Մեծ բախտավորություն էր Պարույրի հետ առնչվելը, առավել ևս բարեկամություն անելը: Նա հրաշալի էր ինչպես բնություն, և իմաստուն՝ ինչպես բանականության պատմություն։

Մորիս Փոցխիշվիլի, վրացի բանաստեղծ

Մեծ մարդ էր Պարույրը։ Նրա մեջ զարմանալիորեն ներդաշնակ էին հողի փիլիսոփան ու քաղաքակիրթ բանաստեղծը։ Ծնվելով գյուղում և գյուղից՝ նա իր հոգևոր հացը հայթայթեց հայրենի և համաշխարհային գրականության այն մեծերից, որոնց խոսքի մեջ սիրտն ու միտքը ներդաշնակ են։ Մեծ  և խիզախ բանաստեղծ էր Սևակը։ Մեծամիտ չէր, որովհետև մեծ էր։ Փառասեր չէր, որովհետև աստվածատուր էր: 

Մկրտիչ Սարգսյան, արձակագիր

Սևակը բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի հետ

Նա իր հոգում ներդաշնակեց Ասիան և Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը, հողն ու հոգին, հասկի շնորհալի խոնարհությունը և լեռնային գետի անկաղապար ըմբոստությունը: Նա իր փոքրիկ, սրտաչափ սենյակում հեռուներից բերեց, բնակեցրեց աշխարհի խորհող մեծերին, դարձավ նրանց թարգմանը և խնկարկուն, իսկ երբ գնաց աշխարհի հեռուները, իրենով տարավ-ներկայացրեց Հայաստանը` իր բիբլիական իմաստությամբ ու իր մանուկ երազանքներով։ 

Սիլվա Կապուտիկյան

Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ,

Սիրելի Պարույր,

Դու հաց էիր ինձ համար,

Օդ էիր ու ջուր։

Անհնար է հավատալ,

Որ չկաս իրոք,

Դու իմ եղբայր, դու իմ պապ,

Իմ գիժ, իմ խելոք։

Իմ անզիջում, անողոք

Եվ իմ քմահաճ,

Կոմիտասյան իմ մորմոք,

Իմ տնավեր լաճ։

Իմ հանճարեղ, իմ հիմար,

Իմ պղտոր, իմ ջինջ,

Բահի զնգոց, խոփի վար,

Ամեն, ամեն ինչ...

Դու մատչելի, մարդամոտ,

Դու և անառիկ,-

Մարգի համեմ, լանջի խոտ,

Բարձունքի ծաղիկ․․․

Համո Սահյան

Ես երկար, երկար ապաշխարեցի Սևակին թարգմանելու համար և երբ գտա դեպի նրա հոգին տանող ճանապարհը և թարգմանեցի սելավի պես հուժկու, աղբյուրի պես մաքուր բանաստեղծությունները, զգացի, որ նա իր նաիրյան երկրի պատկերն է, նրա մի բեկորը: ...Նրա պատկերները Զվարթնոցի զարդանախշերի հմայքն ունեն, այդ զարդանախշերի նման նուրբ են ու առնացի: 

Ջանսուղ Չարկվիանի, վրացի բանաստեղծ, թարգմանիչ