Իր մասին

Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը։

***

Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։

Սա աշխարհ չպատկերեց։ Եվ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր անունով՝ դուրյանական։

***

Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր։ Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն։ Այդ քչերից մեկը Դուրյանն է։

 

Պարույր Սևակ

Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը, անմիջական ապրումների ուժը, որոնք հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրանում դրանցից։

Վալերի Բրյուսով

«Իմ ցավը» տաղին մեջ կմիանան Դուրյանի քնարին բոլոր լարերը, սիրո կարոտ ու կյանքի այդ արևեն զուրկ մնացած իր սրտի հառաչը, աղքատության որդեն կրծված իր թշվառ կյանքին մռայլ տեսիլը և իր շղթայակապ տարաբախտ հայրենիքին համար իր գորովագին սերը ու անոր ծառայություն մատուցել չկարանալու կսկիծը։
Ոսկի ճարմանդ մըն է «Իմ ցավը» տաղը:

Արշակ Չոպանյան

Հավատանք, որ առանց ցավի կհամաձայնի «ցամքիլ ծաղիկ հասակի մեջ» այդ երիտասարդը, որ հիվանդության մահճում, մարդկանց ստվերից վախեցած՝ այնքան հուժկու հայտնեց իր «Տրտունջը», այնքան խրոխտաց յուր Աստծու դեմ...
Մի տեղ ասում է՝ ցավ չէ ինձ համար, թե զրկվիմ սերից ու կյանքից, մյուս տեղ սիրո և կյանքի համար ծառս է լինում աստծո դեմ:
Եվ երկուսն էլ ճշմարիտ են. վկան են մահը ու սերը, երկուսն էլ անկեղծ են. վկա է նրանց միջի ոգևորության հուրը:

***

Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց։

Հովհաննես Թումանյան

Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս։

Գրիգոր Զոհրապ