Իր մասին

Ով էլ լինի պատմական Նահապետ Քուչակը և որ տարիներին էլ ապրած լինի, նրա տաղերը մնում են որպես հայ քնարերգության ամենագեղեցիկ մարգարիտները։ Միջնադարյան բոլոր քնարերգուների մեջ Քուչակն առանձնանում է անմիջականությամբ և ներշնչանքների բնականությամբ։

Վալերի Բրյուսով

Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան ունեն իրենց տաղանդի և ուժի գիտակցությունը։ Երբ երգում են իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհքի առաջ, եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խորը գիտեն, որ իրեն հասարակ մահկանացուներ չեն։

Հովհաննես Թումանյան

Արևելքի ամենակախարդիչ քերթողական դեմքերից է Նահապետ Քուչակը։ Սեր նվագող իր տավիղի արբեցուցիչ դաշնակության մեջ տեղ ունեն թե՛ բուռն կիրքը, թե՛ քնքուշ հեզությունը։․․․Իր տաղերը սիրո արտահայտությունների ջերմությամբ, բուռն զգացումներով և կրքով գերազանցում են արևելյան մյուս բանաստեղծներին, նույնիսկ նրբազգաց Հաֆեզին։

Հանս Բեգթե, գերմանացի թարգմանիչ, բանաստեղծ

Նահապետ Քուչակն ըստ իս շատ ավելի մեծ բանաստեղծ է, քան Օմար Խայամը․․․․ Նահապետ Քուչակը առատության, ջերմության ու անմիջականության մարմնացումն է, նա համակ սեր է, նրա քառյակները երբեք չեն ձանձրացնում և հիասքանչ պատկերները ծնվում են այնպես, ինչպես վարդի թերթերն են բացվում։

Էդմոն Ֆազի, ֆրանսիացի բանասեր

Նահապետ Քուչակ։ Միջնադարյան հայ աշուղներեն ամենամեծը։ Կենթադրվի, թե ապրած է ԺԵ (15-րդ ) դարուն․․․

Բարձր երևակայության, խոր զգայնության, սրտառուչ պարզության մեջ կատարյալ ներդաշնակություն նկարագիրն են իր տաղանդին։

Հակոբ Օշական

Քուչակյան հայրենների ձեռագրերը փռված են իմ սեղանին: Ես քնքշանքով նայում եմ նրանց և մտածում իսկական խոսքի երկարակեցության մասին, մարդկային ոգու ուժի և մտքի վեհության մասին և այն բանի մասին, թե շատ մեծ արվեստագետներ ու մտածողներ ինչ գնով են վաստակել հետնորդների երախտագիտությունը։ Բայց, իհարկե, նրանք աշխատել են երախտագիտության մասին չմտածելով։ Այդպես սարերն են ճերմակին տալիս մարդկանց համար, գետն է հոսում, ծառն է կանաչում․․․

Կայսին Կուլիև, բալկար բանաստեղծ

Ես կարդում եմ նրա բանաստեղծությունները: Դրանցում և՛ մարդը կա, և՛ բանաստեղծը: Հին, լավ ծանոթը։

Թող գիտնականները վիճեն՝ դա նա՞ է, որ ապրել է Խառակոնիսում, թե՞ նա, որ ապրել է Ակնում: Իսկ գուցե այդ հայրենները մեկը չի հորինել, գուցե հորինել են մի քանիսը, շատ մարդիկ, գուսաններ:

․․․Ո՛չ, դա մեկ մարդ է, բայց ուժեղ մարդ, դա մեկ ձայն է, հզոր ձայն, բայց ոչ երգչախումբ։ Ես ևս ասում եմ. չեմ հավատում, որ մի քանի գուսան են: Դա մեկ Նահապետ է: Ափսո՜ս, իհարկե, որ նրա անկետայում գրված չեն «ծննդյան թիվն» ու «բնակավայրը»: Ներենք մոռացկոտ տարեգիրներին ու պատմաբաններին»։ 

Լև Օզերով