Իր մասին

Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:

 

***

 

Այժմ ես մեծացել եմ, դարձել եմ չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ, իմ չափահաս ձեռքերով և չափահասի խորին գուրգուրանքով, շոյում եմ քո պատանի, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա։

Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը, քո երգած արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ։

Վահան Թոթովենց

Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն։ Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը։

 

***

 

Մեծարենցի քնարերգությունը․․․ Բառերով հյուսված, բայց կարծես անբառ աղոթք է դա, բնության ու մարդու, կյանքի ու աշխարհի անբառ մի օրհներգություն, լույսի ու ցավի մի խորհրդավոր մխանք, գույների մոգական ալեվետում․․․ Եվ ամեն անգամ, երբ հաղորդվում ես այդ քնարերգությանը, թվում է՝ հաղորդվում ես հրաշքի, իսկ հրաշքը միշտ զարմանալի է։

 

Վահագն Դավթյան

Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։

Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։

Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ  կտրած,  

Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ  պատանին։

Եղիշե Չարենց

․․․Ծիծաղներով, ծնծղաներով ցնծագին

Կը բուրվառե իր իսկ հոգին լուսավե՜տ,

Որ դրած է կրակին վրա բուրվառին,

Ուխտավորի լայն պաշտումով մը հավե՜տ․․․

Վահան Թոթովենց

Տուր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական․․․

Եթե ամեն մի բնաբուխ (և ոչ թե անգիր արված) աղոթք արդեն բանաստեղծություն է, ապա մեծարենցյան այս բանաստեղծությունը կարող է մի նոր «Հայր մեր» դառնալ աշխարհիս բոլոր բանաստեղծ ծնվածների համար՝ լինեն դրանք արվեստագետներ,  թե պարզապես մեծատառով մարդիկ։ 

Պարույր Սևակ