Մուշեղ Գալշոյանի հիշատակին
․․․․Սար ու հանդին մուժ է իջել,
Չկա դարձի հնար,
Կանգնիր, տղա՛, քո հերթը չէ,
Նախ ես պիտի գնամ։
Բայց գնում ես աչքերդ փակ,
Ու վիհն այդ շատ է շեղ,
Ախ, ետ դարձիր իմ կապուտաչ
Գալշոյի ծուռ Մուշեղ։
Այդ առավոտ Սասնա սարում
Մի աստղ ընկավ հանգած,
Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր
Ու չորացավ հանկարծ։
Կարմրել են ծաղիկ ու սեզ
Քո արյան տաք շողքից,
Պառկել ես դու ֆիդայու պես
Հրացանը կողքիդ...
Ո՞ւր ես բրաբիոն․․․
Մուշեղ Գալշոյանին
Տենչանքի ծաղիկ, դու դեռ աճու՞մ ես
Մեր նվիրական լեռան լանջերին,
Քեզ շատ են փնտրել, նրանց հիշու՞մ ես,
Քո բույրով արբած այն խենթ քաջերին․․․
Պատանաշորով սարեսար ընկած՝
Բյուրակն աղբյուրի ջրերից արբել,
Քեզ էին փնտրում՝ ֆիդայի դարձած,
Մեկը հարյուրի դեմուդեմ կանգնել․․․
Դու մեր խենթ ծաղիկ, դու երգ կարոտի,
Եր՞բ ենք արբելու մենք էլ քո բույրով,
Քեզնով զարդարենք ֆիդայիների
Հողաթմբերը կարոտ ու խռով․․․
Սասնա նորօրյա ծռեր են Գալշոյանի հերոսները , ազնիվ մաքուր, միամիտ, իրենց բարոյական ամուր օրենքներն ունեցող մարդիկ, որոնց հոգում մխում է հայրենաբաղձությունը, էրգրի կարոտը․․․․
Մուշեղը հաշվի էր առնում՝ վաղը ինչ պարող է պատահել։ Տառապում էր մինչև բառը գտնելը, բայց տառապանքը ցույց չէր տալիս․․․ Մի տեղ՝ ռանչպար, մի տեղ՝ մաքուր ազնվական, մի տեղ՝ «ծուռ», բայց միշտ անսահման անկեղծ, ազնիվ մարդ։
Մուշեղ Գալշոյանի հիշատակին
Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
․․․․Արյունի ծովեր ենք տվել,
Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական․․
«Մարութա սարի ամպերը» կարդացի, և Մուշեղի կորստյան ցավն առավել խորությամբ զգացի։ Անկրկնելի հեղինակ էր, հրաշքի պես տղա էր։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: