Հորդուն, ճկուն տարողությամբ նրա արձակն ունի ոչ միայն խիստ առարկայական էություն` զերծ ամեն տեսակ իդեալականացումներից, շոշափելի` դողի, հողի խորդուբորդ լինելու, մարմնի ջերմության ու ձայնի տեմբր զգալու չափ, այլև ունի անշոշափելի ավելի մեծ բան` մարդու հոգին, նրա աստվածային էությունը:
Գիտեք ինչ... եթե գտնվեն այդ մակարդակի երկուսը կամ երեքը (նկատի ունի՝ հայ գրողներ, որոնք նույն մակարդակն ունեն, ինչ Հրանտ Մաթևոսյանը), ապա հաշվի առնելով հայերի թվաքանակը՝ դուք աշխարհի ամենագրական երկիրն եք, և նույնիսկ արդի Ռուսաստանը ձեզնից շատ է հետ...
… Հրանտ Մաթևոսյանը անդադրում հյուսում է մի մեծ պատմություն, էպիկական մի մեծ զրույց: Նրա բոլոր երկերը, միանալով իրար, դառնում են մի ասք՝ հողի, մաքառող մարդկանց. երկրի կենսական ջղերի ու բնության մասին, բոլորվում է մի խորունկ պատմություն՝ հայրենի եզերքի դիմադրության, ուժի ու հարատևության, դանդաղ, բայց մշտապես շարժվող հերոսների մասին, որոնք և՛ վերքեր են ստանում, և՛ դառնություններ քաշում, բայց կանգուն են ծառի պես։
Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծննդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում... Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց..
․․․Մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը․․․
Հրանտ Մաթևոսյանը,Վիլյամ Սարոյանը և նկարիչ Հենրիկ Սիրավյանը
Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մաթևոսյանն է․․․ Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մաթևոսյանի պես չի կրնար գրել․․․ Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մաթևոսյանի մեջ է։
Ինքն իր թնդության մեջ բարի սամարացի էր ու առերևույթ փխրունության մեջ՝ ի բնե անկոտրում: Եթե գրող էր պահանջվում՝ Ինքը եղավ. եթե ճշմարտախոս էր պահանջվում՝ Ինքը եղավ. ու եթե զոհ էր պահանջվում՝ էլի Ինքը եղավ: Մեր կիսատպռատության ու ծանծաղամտության զոհը: Հիմա Ինքը ֆիզիկապես չկա, այսինքն՝ սթափեցնող ներկայությունը․․․
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: