Իր մասին

Սեբաստացի գեղջուկ մի այր, ապրած ու հասակ առած անտանելի կենսապայմաններում, ստեղծում է նրբագույն մի պոեզիա, որի թեմաները սերտորեն մերձենում են եվրոպական ու ռուսական մտքի ամենալուսավոր հայտնություններին... Այն, ինչ երազում էին լավագույն սիմվոլիստները՝ իբրև ժամանակակից պոեզիայի բարձրագույն նվաճում, իրականացրեց սեբաստացի գեղջուկը։

 

***

Նրա (Դանիել Վարուժանի) անդրանիկ՝ «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք է ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա հերոսները բազում հերոսներ արարեցին, նրա խոսքը գործի վերածվեց: Հենց միայն այսքանը բավական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամեն մի հայի:

Սերգեյ Գորոդեցկի (ռուս բանաստեղծ)

20-րդ դարի արշալույսին ապրում էր մի բանաստեղծ, «բնության մի պերճ հյուսվածք», միջազգային մեծության մի աստղ, որն իր ծնունդով, բանաստեղծական իր խառնվածքով լույսի ուղևոր էր, ճշմարտության, ազատության ու խաղաղության օրհներգու։ Իր երկրի, նրա հերոսական ու ողբերգական պատմության կրողն էր նա, իր ժողովրդի ոգու ամենաշքեղ ցոլացումներից մեկը․․․

 

 

***

Եթե ամեն իսկական ու մեծ բանաստեղծ նման է ինքնուրույն մոլորակի, ապա Վարուժանը մի շատ ինքնատիպ մոլորակ է: Նա կարծես պտտվում է միայն Արեգակի շուրջը և իր առանցքի շուրջը չի պտտվում: Այդ իսկ պատճառով նրա մի կեսը միշտ լուսավորված է արևով, մյուս կեսը միշտ խավարի մեջ է: Եվ այն կեսի վրա, որ լուսավորված է արևով, ցորենի ծփուն արտեր են, լույսի աղբյուրներ, բարդիների սոսափ է․․․ Մոլորակի մյուս՝ խավարի մեջ սուզված կեսի վրա, մարդկային տառապանքի հրաբուխներ են գործում․․․

 

***

Հայ բազմադարյան պոեզիայի ամենաշքեղ, ամենալուսավոր, ամենահուժկու բռնկումներից էր Վարուժանը։

Վահագն Դավթյան

Չեմ վախենար գրելու․ Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը։

 

Հակոբ Օշական

Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը։

Սիլվա Կապուտիկյան

Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով... Դանիել Վարուժանը ի՜նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են։

 

Սեն Ժոն Պերս (ֆրանսիացի գրող)

Վարուժանը առյուծների զարմից է։ Նրա լեզուն հմայում է ամեն ինչ համախմբելու իր զորությամբ։

Լուք Անդրե Մարսել (ֆրանսիացի գրականագետ)

Վարուժանը կը պատկանի արևմուտքին այնքան, որքան Հայաստանին․․․ Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Վերհարնը։

Ֆրեդերիկ Ֆեյդի (ֆրանսիացի հայագետ)

Հայ քնարը բավական ատենե ի վեր չէր հնչեցուցած այսքան վեհ, այսքան լայնաձավալ սավառնումով հնչյուն մը․․․

Արտաշես Հարությունյան (գրաքննադատ, բանաստեղծ)

Նրա մահով թերևս կորավ համաշխարհային լիրիկայի ամենամեծ ներկայացուցիչներից մեկը։

Զաքարիա Պապանդանյու (հունական գրականության մասնագետ)