Նա (Դերենիկ Դեմիրճյանը) հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով։
Դու եկել էիր հին
Ավարայրից,
Քո ձեռքերի մեջ թուրն էր
Վարդանանց,
Դու եկել էիր հինգերորդ
դարից,
Ավանդում էիր մեր
փառքն անանց։
Դու մեր գոյության մեծ հիմն ես երգել
Եվ այդ հիմնի հետ մեր մեջ ես մնում,
Դու անհիշելի հավերժից եկել
Եվ այդ հավերժի մեծ գիրքն ես գնում․․․
Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որ ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է ասել Չեխովի մասին․ «Ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը», նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ։
Քամու բերանն ընկած թղթի մի կտոր, որի վրա գրված լինեն երկու-երեք տող թեկուզ ուրիշի ձեռքով, եթե նրանք պատկանում են Դեմիրճյանի գրչին, ուշադիր ընթերցողը կճանաչի ոճն ու լեզուն, այնքան ինքնատիպ է նա։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: